ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիային և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

389

Արգենտինայի հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

1/8 եզրափակիչում արգենտինացիները 2-1 հաշվով առավելության հասան Ավստրալիայի նկատմամբ:

«Ալբիսելեստեի» կազմում հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի 1000-րդ խաղում խփեց 789-րդ գոլը:

Դա «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի առաջին գոլն էր աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում: Նախորդ 8 գոլերը Մեսին խփել է մրցաշարի խմբային փուլերում:

ԱԱ-2022-ում Մեսին խփեց երրորդ գոլը և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող էկվադորցի Էներ Վալենսիային, ֆրանսիացի Կիլիան Մբապեին, իսպանացի Ալվարո Մորատային, անգլիացի Մարկուս Ռեշֆորդին և հոլանդացի Կոդի Գակպոյին:

Լիոնել Սկալոնիի թիմի առավելությունը խաղի 57-րդ րոպեին կրկնապատկեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը:

Ավստրալացիների միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին արձագանագրվեց պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ինքնագոլի արդյունքում:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել էր C խմբում՝ շրջանցելով Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի թիմերին: Ավստրալիան D խմբում առաջին տեղը զիջել էր Ֆրանսիայի հավաքականին, սակայն շրջանցել էր Թունիսին ու Դանիային:

Արգենտինայի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ին:

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Արգենտինա — Ավստրալիա՝ 2-1

Լիոնել Մեսի, 35, Խուլիան Ալվարես, 57 — Էնցո Ֆերնանդես, 77 (ինքնագոլ)

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներին եւ քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԶինվոր է վիրավորվել