‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Գործագործ. պրագմատիզմի, Գևորգ Չաուշի և վառ թիթեռնիկների զանգվածային սպանության մասին’

2759

Նախորդ հոդվածում խոսեցինք քաղաքական իդեալիզմի և ռեալիզմի մասին: Ուզում եմ դրան հավելել քաղաքական պրագմատիզմի մասին զրույցը, քանի որ այդ եզրն էլ հաճախ օգտագործվում է որպես ռեալիզմի հոմանիշ և առավել հաճախ` որպես մի «վատ» բան, որին հակադրվում են, այսպես ասած, բացարձակ իդեալիզմի դիրքերից:

«Պրագմատիկ պրագմա» կամ գործնական գործ

Նախ՝ տեսնենք պրագմատիզմ բառի ստուգաբանական իմաստը: Այն ծագում է հունարեն πραγμα (պրագմա) բառի անուղղակի հոլովներում օգտագործվող՝ πραγματ- ձևից և բուն ու առաջին իմաստով նշանակում է «գործ» (ունի նաև երկրորդական նշանակություններ՝ «հանգամանք» և այլն): Պրագմատիկ, ուրեմն, նշանակում է պարզապես գործնական, և հաճախ այդպես էլ թարգմանում ենք հայերեն (մեծ հաշվով` նման պարզ բառերի դեպքում իմաստ էլ չունի փոխառած եզր օգտագործել, որովհետև դա բերում է նաև նրան, որ մարդկանց թվում է, թե, օրինակ, գործնականի փոխարեն պրագմատիկ կամ պրակտիկ ասելու դեպքում` իրենք ավելի խելոք և գիտական բան են ասում, քան պարզ հայերեն համարժեքն օգտագործելուց):

Պրագմատիկ քաղաքականություն, հետևաբար, բառիս բուն իմաստով նշանակում է` գործնական քաղաքականություն: Իսկ կարո՞ղ է լինել այլ՝ ոչ պրագմատիկ՝ ոչ գործնական քաղաքականություն: Բնականաբար ո՛չ, քանի որ քաղաքականությունը պատկանում է կամքի, գործունեության ոլորտին և չի կարող լինել գործնականի հակառակ՝ տեսական քաղաքականություն, ինչպես չի կարող լինել, ասենք, տեսական մեխ խփել: Ճիշտ է, կա քաղաքագիտություն, կա նաև քաղաքականության փիլիսոփայություն, բայց դրանք տարբեր են քաղաքականությունից: Քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականությունը, այսինքն` վերաբերում է քաղաքականությանը նույն կերպ, ինչպես բնագիտությունը` բնությանը կամ պատմագիտությունը` պատմությանը: Քաղաքական փիլիսոփայությունն էլ համապատասխանաբար փիլիսոփայում է քաղաքականության մասին, ինչպես պատմության փիլիսոփայությունը պատմության մասին, բայց ոչ առաջինն է քաղաքականություն, ոչ էլ երկրորդը՝ պատմություն: Սրանք պարզ, այբբենական ճշմարտություններ են և հազիվ թե վիճարկվեն որևէ մեկի՝ նույնիսկ ինքն իրեն ծայրահեղ ոչ պրագմատիկ գործիչ համարող մեկի կողմից: Ուրեմն, հասկանալի է, որ բառիս բուն՝ ստուգաբանական իմաստով` ոչ պրագմատիկ քաղաքականություն լինել չի կարող, հետևաբար և` վեճը դրա շուրջ անիմաստ է նույնքան, որքան վեճը քառակուսի եռանկյունու մասին: Նույնիսկ պրագմատիկ քաղաքականություն կապակցությունը մեծ հաշվով անիմաստ է, ավելորդ է, քանի որ քաղաքականություն ասելով` ինքնաբերաբար հասկանում ենք գործնական, պրակտիկ ոլորտ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ հունարեն πραγμα բառի հոգնակի ուղղականը՝ πραγματα օգտագործվել է հասարակական և պետական գործեր, նաև` հենց պետություն իմաստով, իսկ օրինակ, εχειν τα πραγματα` բառացի «գործեր ունենալ» արտահայտությունը նշանակել է կառավարել հասարակությունը կամ պետությունը: Այսինքն՝ հունարեն բառն իսկ ի սկզբանե կապվել է քաղաքական, պետական գործունեության հետ: Դա, իհարկե, պատահական չէ, քանի որ հատկապես հունական դասական մտածողության տեսակետից` ազատ մարդու գործը նախևառաջ քաղաքականությունն է, հասարակական կյանքին մասնակցությունը:

Աթոռ՝ կռվով կամ առանց. ո՞րն է ավելի հեշտ

Բայց կասեք` բացի ստուգաբանականից, կան նաև «պրագմատիկ» բառի այլ իմաստներ, որոնք առաջացել են այդ եզրի պատմական զարգացման ընթացքում և մտել են կենցաղ: Առօրյա իմաստով, երբ մեկն ասում է «պրագմատիկ», սովորաբար նկատի ունի հակադրություն ոչ թե տեսականին, այլ գաղափարականին, իդեալիստականին, նաև՝ ռոմանտիկին: Այդ դեպքում պրագմատիկ քաղաքականությունը ստանում է գաղափարազուրկ, հարմարվողական քաղաքականության իմաստ:

Չեմ ուզում երկար տեսական վեճերի մեջ մտնել այն մասին, թե հնարավո՞ր է իրականում բացարձակ անգաղափար քաղաքականություն, և ճի՞շտ է բացարձակ անգաղափարությունը կոչել քաղաքականություն: Երկու բան առայժմ ասեմ միայն: Կարծում եմ, այստեղ իրական հարաբերությունը նույնն է, ինչ նախորդ հոդվածում դիտարկված իդեալիզմ-ռեալիզմ հարաբերությունը, այսինքն՝ գաղափարը, իդեալը վերաբերում է նպատակին, իսկ իրապաշտությունը և պրագմատիզմը՝ միջոցին: Ամենագաղափարական մարդն իսկ` ուզում է մեջտեղից ճղվի, ուզում է Մարս թռչի ու հետ գա, միևնույնն է` իր գաղափարն իրականացնելուց չի կարող ոչ պրագմատիկ՝ ոչ գործնական և ոչ իրապաշտորեն գործել (ոչ գործնական գործելն ընդհանրապես ի՞նչ է): Հնարավոր չէ մեխ խփել «ոչ պրագմատիկ» կամ «ոչ ռեալիստական», զուտ իդեալիստական ձևով:

Բայց այս տեսական մասն էլ մի կողմ: Քանի որ տվյալ դեպքում պրագմատիզմը որպես մեղադրանք նետվում է ներկայիս հայաստանյան ընդդիմությանը, ապա միանգամից այս կոնկրետ օրինակով էլ դիտարկենք խնդիրը: Եթե «պրագմատիկ» բառը հասկանանք ոչ թե դրա բուն իմաստով` որպես գործնական, այլ կենցաղային՝ անգաղափար, հարմարվողական նշանակությամբ, ապա հարց է առաջանում, թե բռնապետական երկրում, ուր ընդդիմություն լինելը անխուսափելիորեն կապված է հստակ ռիսկերի, զոհողությունների, զրկանքների հետ, ինչպե՞ս կարող է լինել վերոհիշյալ որակներով ընդդիմություն ընդհանրապես: Իհարկե, կարծել, որ ընդդիմադիրները սուրբ հրեշտակներ են կամ երբևէ կլինի հրեշտակներից բաղկացած քաղաքական ուժ, անմտություն է (ցանկացած քիչ թե շատ մեծ խումբ չի կարող այդպիսին լինել, առավել ևս` զանգվածային շարժում), բայց, կարծում եմ, պարզ է նաև, որ այդ ընդդիմությունը բռնապետական երկրում չի կարող գոնե որոշ չափով իդեալիստ չլինել (անկախ նրանից, թե առանձին անհատներն ինչ մոտիվացիայով են ընդդիմադիր դառնում):

«Պրագմատիկ»-ի համար նման երկրում կա շատ հեշտ ճանապարհ՝ դառնալ իշխող խմբի մաս և լուծել բոլոր «պրակտիկ» հարցերը, եթե, իհարկե, չենք ենթադրում, որ մեր «պրագմատիկը» նաև իդիոտ է կամ ուրիշներից պակաս ֆայմով տղա է (չնայած մեր իրականությունում, պետք է ասել, նման դեպքեր էլ կարող են հանդիպել և հանդիպում են, բայց ավելի շատ` որպես բացառություն): Նույնը վերաբերում է աթոռակռիվ բնորոշմանը: Ի՞նչ աթոռի համար կռվել, եթե իշխող խմբի մաս կազմելն ինքնին աթոռի հաշիվ է: Համենայն դեպս, ընդդիմության ցանկացած խոշոր և միջին ֆիգուր իր աթոռը կարող է ամեն տվյալ պահին ապահոված լինել շատ ավելի հեշտ ճանապարհով, քան «կռիվը»: Նորից շեշտեմ՝ խոսքը բացարձակ իմաստով իդեալիզմի կամ սրբության մասին չէ, այլ որոշակի չափի, որն անխուսափելի է մեր պայմաններում ընդդիմադիր որևէ շարժման համար:

Չարաղանդ բորբորիտների անեծքը

Բայց այսքանով մեր ընդդիմախոսներին, կարծում եմ, դեռ չհամոզեցինք: Նրանք մեկ է խորամանկորեն ժպտում են և համարում, որ այս ամենը սուտ բաներ են, և որ կա ոչ պրագմատիկ, բացարձակապես իդեալների վրա հիմնված, այսպես ասած «մաքուրով» քաղաքականություն: Օրինակնե՞ր: Ինչպե՞ս թե, կասեն՝ ազատագրական պայքարները, հեղափոխական շարժումները, Չե Գևարան, մեր ֆիդայական շարժումը՝ Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը՝ ահա՛ ոչ պրագմատիկ, կարելի է ասել` խենթ գործիչների և քաղաքականության վառ օրինակներ: Լավ չի` մարդկանց գլխում թիթեռնիկի պես ծաղկից ծաղիկ թռչկոտող վառ պատկերները քանդել, ես կասեի՝ կազմաքանդել, բայց ի՞նչ անես, դա էլ չար կոնգրեսական զոմբիի ճակատագիրն է, և թող դարերի անեծքը մեզնից անպակաս լինի, և զազրելիներս դասվենք չարաղանդ բորբորիտների, պավլիկյանների, թոնդրակյանների և տամպլիերների շարքը:

Եթե լուրջ, ապա հենց ֆիդայական կամ պարտիզանական պայքարն էր աշխարհիս լավագույն օրինակը` մանրամասն ցույց տալու համար, թե որքա՛ն պրագմատիկ պետք է լինի որևէ գաղափարական շարժում, նույնիսկ ոչ թե իր նպատակներին հասնելու, այլ թեկուզ նվազագույն խնդիրներ լուծելու համար: Չկա աշխարհիս երեսին ավելի մեծ պրագմատիզմ պահանջող քաղաքական ձեռնարկ, քան զինված ազատագրական պայքարը, այն էլ ֆիդայական՝ պարտիզանական միջոցով: Ընդ որում, պրագմատիզմ բառի ցանկացած իմաստով և միանգամից մի քանի առումներով՝ ա. նպատակի, բ. տեխնոլոգիայի, գ. միջոցի:

Իհարկե, մեր դասագրքերում և, համապատասխանաբար, մեր բնակչության մեծ մասի պատկերացումներում ֆիդայիները ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի ցասումը խորհրդանշող և այդ ցասումով իսկ բացառապես ղեկավարվող և ինչու չէ` նաև դրանով սնվող, քարայրից դուրս եկած Պստիկ Մհերներ են: Ճիշտ է, դասագրքերում չի բացատրվում, թե այդ ինչո՞ւ հայ ժողովրդի ծոցը մի քանի դար օտար լծի տակ տառապելով` ֆիդայի չծնեց, իսկ ահա 1890-1908 թթ.-ի կարճ ժամանակահատվածում ֆիդայիների մի ամբողջ բույլ առաջ բերեց: Ասում են, ժողովուրդն արթնացավ դարավոր քնից: Մարդ կա` երևի հենց այդպես բառացի էլ հասկանում է՝ քնած էր, արթնացավ, ասաց` վայ ձեր մաման, ու հայդե սարեր` թուրքերի դեմ կռվելու:

Արդյո՞ք օդով էր սնվում ֆիդային

Իսկ հիմա ավելի մոտիկից դիտարկենք հայկական ֆիդայական պայքարը, որը չնայած իր նպատակներին չհասավ, սակայն, մեզ հետաքրքրող տեսակետից միևնույնն է` մնում է ուսանելի օրինակ: Իհարկե, այդ պայքարի ձախողումը վկայում է այդ թվում նաև քաղաքական հաշվարկի սխալ լինելու մասին, բայց սխալ հաշվարկը չի նշանակում ոչ գործնական քաղաքականություն, քանզի ցանկացած գործ էլ կարելի է լավ կամ վատ կազմակերպել, սխալ և ճիշտ հաշվարկել, դրանից գործը չդարձավ ոչ գործնական:

Շարժվենք առաջ ըստ վերը նշած երեք կետերի:

ա. Ֆիդայական շարժման նպատակը: Հայ քաղաքական ուժերից ոչ մեկը չէր համարում, որ ֆիդայական պայքարի միջոցով կարող է հասնել Երկրի անկախությանը կամ էլ հաղթել Օսմանյան բանակին: Բոլորն էլ հասկանում էին, որ նման նպատակներ ինքնուրույնաբար լուծելու ուժ հայ ժողովուրդը չունի: Ավելին՝ ընդունում էին, որ հնարավոր չէ նաև համընդհանուր ապստամբությունն Արևմտյան Հայաստանում: Եվ հենց համընդհանուր ապստամբության անհնարինությունից դրդված էլ ընտրվեց պարտիզանական տեղական կռիվների մարտավարությունը՝ ընդօրինակած բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի փորձից: Դրա նպատակը, ինչպես նշեցինք, ոչ թե անկախացումն էր կամ հաղթանակը, այլ ընդամենն արտասահմանյան երկրների ուշադրություն գրավելը, մեծ տերությունների միջատություն առաջացնելը: Այլ բան է, որ իրականում պարզվեց` մեր դեպքում սա էլ անարդյունավետ միջոց էր, իսկ թե ինչու` կարելի է երկար խոսել, բայց դրա տեղը չէ այստեղ:

Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է այն, որ նույնիսկ այն ժամանակվա հայ գործիչները, որոնք համարվում են ոչ պրագմատիկ, ամեն դեպքում` եղած տարբերակներից ստիպված էին ընտրել առավել համեստը, առկա պայմաններին գոնե ավելի համապատասխանը, քան համընդհանուր ապստամբությունը՝ երկրի անկախացման նպատակով: Այլ կերպ ասած, այսօրվա հայ ֆեյսբուքցու տեսակետից` նրանք բավականաչափ արմատական, բավականաչափ իդեալիստ և բավականաչափ խենթ չէին: Բնականաբար, հայ ֆեյսբուքցին նրանց տեղը միանգամից պատերազմ կհայտարարեր ոչ միայն Օսմանյան կայսրությանը, այլև բոլոր մյուս մեծ տերություններին՝ պահանջելով Հայաստանի անհապաղ անկախացումը Տիգրան Մեծի կայսրության սահմաններով և ինչու չէ` նաև Նիկոլայ Բ-ի հրաժարականը: Մնացած ամեն ինչը ցինիկ պրագմատիզմ էր:

բ. Ֆիդայական շարժման տեխնոլոգիան կամ կազմակերպումը: Խնդիրն այստեղ այն է, որ ֆիդային` որքան էլ հերոս և նվիրյալ, այնուամենայնիվ` մահկանացու homo sapiens լինելով` չէր կարող սնվել երկնային մանանայով, կռվել քար ու փայտով, տեղաշարժվել օդով և այլն: Նա պետք է նվազագույն սնունդ և անհրաժեշտության դեպքում` օթևան ունենար, պետք է զենք ունենար, պետք է զենքը կարողանար օգտագործել, պետք է մտներ երկիր և հարկ եղած դեպքում դուրս գար երկրից և այլն: Այդ բոլոր խնդիրները հոգալու համար պետք էր`

1. ուժեղ կազմակերպություն և ամուր բազա: Ընդ որում, կազմակերպությունը պետք է իր ընդհատակյա կառույցներն ունենար թե՛ այն երկրում, որտեղ ծավալվում էր ֆիդայական պայքարը, թե՛ այդ երկրից դուրս: Ֆիդային պետք է սնվեր գյուղացու հաշվին, որովհետև նա, բնականաբար, հնարավորություն չուներ ինքը ցորեն ցանելու և հաց թխելու, ոչ էլ կարող էր մոտակա քյաբաբնոցից օգտվել: Հետևաբար, գյուղերում պետք է լինեին կազմակերպված բջիջներ, որոնք պետք է հոգային նաև ֆիդայու սննդի հարցը:

Պարտիզանական շարժման ծավալման թիվ մեկ պայմանը ամուր բազա ունենալն է: Բազա նշանակում է, որ պետք է լինի քիչ թե շատ ընդարձակ և մարդաբնակ տարածք, որի բնակչության մեծամասնությունը համակրում է պարտիզաններին, թաքցնում է նրանց, կերակրում, բուժում և այլն: Ֆիդային կարող է իր ժամանակի մեծ մասն անցկացնել անմարդաբնակ սարերում կամ անտառներում, բայց դրա պարտադիր պայմանն է սարերի և անտառների շուրջը եղած բնակչության համակրանքը, իսկ համակրանքից բացի` կազմակերպության առկայությունը:

2. Ֆիդայի պետք էր պատրաստել: Պրոֆեսիոնալ զինվորականները հազվադեպ են դառնում պարտիզան: Սովորաբար ֆիդայի էին դառնում հասարակ արևմտահայ գյուղացիները, իսկ նրանց ղեկավարում էին արևելահայ ուսանողներից պատրաստած կադրեր: Ուսանողներին սեմինարիաներում կամ վարժարաններում` լեռներում կռիվ անել չէին սովորեցնում: Դա անում էր կազմակերպությունը համապատասխան ճամբարներում և այլն:

3. Ֆիդային պետք է զենք ունենար: Զենքը նույնպես` նա չէր գնալու մոտակա որսորդական խանութից առնելու: Դա պետք է հայթայթեր կազմակերպությունը:

4. Զենքը և ֆիդայիներին պետք էր պարբերաբար հասցնել որպես զինված պայքարի կենտրոն ընտրված վայրեր: Դրա համար պետք էր հատուկ կազմակերպված գաղտնի երթուղիներ ունենալ, այդ երթուղիներում օթևաններ պատրաստել, մարդ պահել և այլն:

Սա դեռ նվազագույնն եմ թվարկում, պարզապես ցույց տալու համար, որ այդքան ռոմանտիկ թվացող ֆիդայական կամ զինված ազատագրական պայքարի կազմակերպման համար որքան գործնական ջանք է պետք՝ տասնապատիկ ավելի, քան խաղաղ պայքարի դեպքում, և որքան հեռու են այդ առօրյա սև գործը և ջանքը երեկոյան փաբում գարեջուր խմելուց հետո` գետնանցումում Չե Գևարա նկարելու ռոմանտիկայից:

Որտեղի՞ց փող` Գևորգ Չե Գևարա Չաուշին

գ. Հիմա մեր թեմայի համար առավել կարևորը: Տեսնենք, թե ինչ միջոցներով կարելի էր իրականացնել այս տեխնոլոգիան: Երևի արդեն կռահում եք, որ մեթոդները չէին կարող միշտ և բացառապես իդեալիստական լինել:

Օրինակ` զենքի հարցը: Ինչպե՞ս ճարել զենք, եթե դու պետություն չունես և ընդհատակյա՝ օրենքից դուրս գտնվող կազմակերպություն ես: Այն կարելի է ապօրինաբար գնել անկարգապահ զինվորներից կամ կաշառակեր սպաներից: Ապօրինաբա՛ր, սիրելի իդեալիստներ: Իսկ եթե զինվորները կարգապա՞հ են, իսկ սպաները` ոչ կաշառակե՞ր: Դե ուրեմն, զենքը կարելի է գողանալ ռազմական պահեստներից: Իսկ եթե հերթապահ զինվորը ձեզ բռնացնի, ապա նրան ստիպված ենք ուղարկել իր նախահայրերի մոտ: Ընդ որում, դա ոչ թե այն երկրի զինվորն է, որի դեմ կռվում են ձեր ֆիդայիները, այլ մեկ այլ երկրի, որը, համենայն դեպս, ձեր ժողովրդի կոտորածի հետ կապ չունի, և գոնե անձամբ այդ երիտասարդ, ասենք, մի 18 տարեկան նորակոչիկը` Տամբովի մարզից, ոչ մի մեղք չի գործել ձեր և ձեր ազգի դեմ՝ ընդամենը երազելով հայրենի գյուղում իրեն կարոտող հարևանի աղջկա՝ Ալյոնուշկայի մասին: Բա մենք ի՞նչ անենք, թողնենք Աբդուլ Համիդը սասունցիներին կոտորի՞: Տեսնու՞մ եք, հե՛շտ չի, իդեալիստակա՛ն չի, բայց շատ պրագմատիկ է:

Ի դեպ, չմոռանանք նշել, որ զենք գնելու համար փող է պետք: Իսկ որտեղի՞ց փող ընդհատակյա կազմակերպությանը, որի անդամների մեծ մասը երիտասարդ մտավորականներ են կամ էլ խեղճ գյուղացիներ: Երևի արդեն կռահում եք, որ որոշ դեպքերում` փողն էլ ոչ այնքան մաքուր միջոցներով եք ստիպված լինելու հայթայթել: Եվ պատկերացրեք, ինչ-որ պահից ազատագրական պայքարի կազմակերպող հայ կուսակցությունները փող էին հայթայթում ֆիդայիների համար նաև այնպիսի միջոցներով, ինչպիսիք էին մեծահարուստներից դրամ կորզելը, ահաբեկելը և այլն: Բա ի՞նչ գիտեիք, Գևորգ Չաուշը պիտի սարերում սոված ու առանց փամփուշտի նոր պարտիայի տռճիկ տար, իսկ թիֆլիսցի եսիմ ինչ աղան իրա փողերը գինետներում հանգիստ մսխե՞ր: Իդեալիստական չէ, բայց փաստ է:

Իսկ եթե պատկերացնենք հակառա՞կը: Թիֆլիսի էսինչ աղան ի՛նքն էր փող տալիս: Իսկ դրա դիմաց պետք էր, օրինակ, աչք փակել նրա վրա, որ աղան լավ չի վարվում իր հողի վրա աշխատող գյուղացիների նկատմամբ, որոնք էլ իրենց հերթին` անընդհատ բողոքում էին կուսակցության տեղական կոմիտեին, որ աղան պատժվի: Դե հիմա դուք որոշեք` ի՛նչ անել: Աղայի փողը չվերցնե՞լ: Բա Գևորգը, բա Սասո՞ւնը: Իսկ եթե վերցնել, ապա տեղացի գյուղացիների հետ ի՞նչ անել: Բա, սիրելի մանկիկներ, սա ֆեյսբուք չի, ոչ էլ դասագրքից վերցված սիրուն նկար, սա ազատագրական պայքար է, սա գործ է: (Ի դեպ, այս օրինակը մտացածին չէ, այլ Դաշնակցության ժողովներում քննարկված և արձանագրված իրական քննարկումների ընդհանրացումն է):

Երևի այսքանն էլ բավական է պատկերացնելու համար մնացածը և հասկանալու համար կարևորը: Որքան էլ բարձր իդեալների կրող էին ազատագրական պայքարի մասնակիցները, ո՛չ նրանց նպատակները, ո՛չ միջոցները չէին կարող պրագմատիկ, գործնական չլինել: Եվ իհարկե, միայն հայկական շարժմանը չի վերաբերում սա: Վստահ եմ, որ նույն Չե Գևարան, որին այդքան սիրում եք, ավելի մեծ մեղքեր է գործել իր կյանքում` հանուն կուբայական և մյուս ժողովուրդների ազատագրման բարձր գաղափարի: Առնվազն՝ պարբերաբար բռնություն է գործադրել, օրենք խախտել, անմեղի կյանք խլել և այլն:

Որքան իդեալիստական է նպատակը, այնքան պրագմատիկ է մեթոդը

Այսքանից հետո` խաղաղ պայքարի պրագմատիզմը, որը շատ-շատ ավելի աննշան մեղքեր ու ջանքեր է պահանջում, պարզապես հեշտակների խաղ կարելի է համարել, սիրելի ռոմանտիկներ: Զարմանալի է, բայց կարելի է նույնիսկ պնդել, որ որքան ավելի «ռոմանտիկ» է որևէ շարժում, այնքան ավելի՛ «պրագմատիկ» մեթոդների նա պետք է դիմի, ստիպվա՛ծ է դիմել: Զինված պայքարն` ավելի, քան խաղաղը, իսկ խաղաղ պայքարը բռնապետության դեմ` ավելի, քան միջին դեմոկրատական երկրի քաղաքական պայքարը: Սա կատակ չէ, այլ հիմնական այն եզրակացությունը, որը բխում է մեր շարադրանքից: Որքան ավելի բարձր իդեալ, այնքան ավելի մեծ գործնական ջանք է պահանջվում, հետևաբար` ավելի մեծ պրագմատիզմ, նաև բառիս կենցաղային իմաստով՝ ավելի մեծ ճկունություն, ավելի մեծ փոխզիջումներ, մանևրներ և այլն: Պատահական չէ, որ մարտավարական պրագմատիզմի մեծագույն վարպետը Լենինն էր՝ աշխարհի ամենաուտոպիստական քաղաքական դոկտրինի ամենածայրահեղ հետևորդներից մեկը: Սա հակասություն է, բայց կյանքը և մանավանդ պատմությունը հյուսված են նման հակասություններից, և ով ուզում է իրապես հասկանալ պատմական և հասարակական երևույթները, պետք է սովորի իրերը դիտարկել իրենց իրական դրսևորումներով, այլ ոչ թե դատարկ կարգախոսներով: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ’