‘Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ’

1171

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ընթացել է մի քանի փուլով, որոնց ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց առնչությամբ առայժմ չի հաջողվում առաջընթացի հասնել: Այդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում, ընդհանուր առմամբ, դրական է: Նման հանդիպումները նպաստում են հակառակ կողմի տրամադրությունները հասկանալուն` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ձեռքբերելու նպատակով»,- հայտարարել է  նա:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը կրկին հնչեցրել է Ադրբեջանի դիրքորշումը, ըստ որի` հակամարտության խաղաղ կարգավորման համար հարկավոր է առաջին հերթին հասնել «օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերմանը: «Հենց որ Ադրբեջանի այդ պահանջը կատարվի, լայն հնարավորություններ կբացվեն տարածաշրջանում անվտանգության ապահովման, սահմանների և հաղորդակցությունների բացման, ինչպես նաև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հարցերի համաձայնեցման համար»,- հայտարարել է նա: Ընդ որում, Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Հանդիպման նախաձեռնող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կողմերին առաջարկել է սկսել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը: «Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական պետպաշտոնյաները կարծում են, որ եթե մի քանի անգամ ինչ-որ անիրական գաղափարներ բարձրաձայնեն, ապա դրանք ավելի համոզիչ կդառնան: Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմաթիվ անգամներ հավաստիացրել են, որ սկզբում պետք է ավարտին հասցնել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել համաձայնության մշակմանը»,-նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նախորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Գործագործ. պրագմատիզմի, Գևորգ Չաուշի և վառ թիթեռնիկների զանգվածային սպանության մասին’
Հաջորդ հոդվածը‘Խնջույքը վերածվել է վիճաբանության. Սպանվել է 26-ամյա երիտասարդը, որի հարազատները ծեծել են մահը արձանագրած բժիշկներին’