‘Ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է’

1013

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը առաջարկում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհների փակ լինելու պատճառով մաքսային պարտավորությունները չկատարած անձինք չեն տուգանվի. Ֆիննախ’