Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությունը․ ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ

2809

Մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի հատվածում։

Այդ մասին Արմենպրեսի փոխանցմամբ ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

«Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով; 

«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի զինված ներխուժման և հրադադարի խախտման փաստերը, որոնք ֆիքսվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 26-ի հրապարակած  տեղեկատվական տեղեկագրում, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։

Ռուսաստանը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և ապահովել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

Նախորդ հոդվածըԱրցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել․ Բեգլարյան
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ. Ադրբեջանը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից