Ադրբեջանի երեք հաղորդագրություններն էլ կեղծիք են

316

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ի ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ԱԱԾ տարածած մեկ այլ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ հատվածում տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ի ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ի ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է. հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։

Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։

Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածըՄեսսին՝ իր սովորությունների մասին
Հաջորդ հոդվածըԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր