‘Ադրբեջանի ընդդիմություն. Նախագահական ընտրություններում Ռուստամ Իբրահիմբեկովի մասնակցության հարցը փակված է’

931

Ռուստամ Իբրահիմբեկովի՝ Ադրբեջան վերադառնալու և որպես թեկնածու՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը փակված է, այսօր Trend-ին հայտնել է Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության գլխավոր քարտուղար Արզուման Ալիզադեն: Ինչ վերաբերում է Ազգային խորհրդի կողմից մեկ այլ միացյալ թեկնածուի առաջադրմանը, Ալիզադեն նշել է, որ դա որոշակի դժվարությունների հետ է կապված: «Ազգային խորհրդի միացյալ թեկնածուն կարող էր լինել միայն Ռուստամ Իբրահիմբեկովը: Ինձ հավանական չի թվում, թե Ազգային խորհրդում հավաքված ուժերը կարող են միավորվել մեկ այլ թեկնածուի շուրջ: Ավելի շուտ՝ այնտեղ ներկայացված կուսակցությունները կգերադասեն սեփական թեկնածուն առաջադրել ընտրություններում, և այդ թեկնածուները վերջում զիջումների կգնան մեկը մյուսին, որի արդյունքում էլ կորոշվի միասնական թեկնածուն»,-ասել է  Ալիզադեն: Ըստ նրա՝ Ազգային խորհուրդը չափազանց շատ ժամանակ է կորցրել,  մինչդեռ անհրաժեշտ է 40 հազար ստորագրություն հավաքել: «Չնայած հավաստիացումներին, թե դա լուրջ խոչընդոտ չի կարող հանդիսանալ ընդդիմադիր ճամբարի համար, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա բավական լուրջ խնդիր է: 40 հազար ստորագրություն հավաքել երկրի ավելի քան 60 շրջաններում՝ հեշտ գործ չէ: Այդ իմաստով՝ Ազգային խորհրդի ներկայացուցիչները, որոնք իրենց կուսակցությունների կողմից առանձին թեկնածուներ կառաջադրեն, լուրջ դժվարությունների են հանդիպելու»,- ընդգծել է Ալիզադեն:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գողը»’
Հաջորդ հոդվածը‘Ուրմիա լիճը պահպանելու նպատակով Իրանում աշխատանքային խումբ է ստեղծվել’