‘Ադրբեջանի խորհրդարանականները բողոք են հայտնել Իրանի կողմից Նախիջևանի սահմանի փակման դեմ’

849

Ադրբեջանցի պատգամավորները մտահոգություն են հայտնել այն ծանր իրավիճակի կապակցությամբ, որն ստեղծվել է ադրբեջանա-իրանական սահմանում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «Այսօր Նախիջևանի ԻՀ բնակիչները հայտնվել են Իրանի ղեկավարության կողմից տարվող հակաադրբեջանական քաղաքականության պատանդի կարգավիճակում»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Հուդրատ  Հասնագուլիևը խորհրդարանի նստաշրջանում: «Բոլորովին վերջերս Ռուսաստանում սկսեցին ադրբեջանցի միգրանտների հալածանքները: Եւ այդ հալածանքների ֆոնին Իրանը փակեց Նախիջևանի սահմանը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, թե անհարժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը և ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի հետ իրանական սահմանը բացելու պահանջով: Հասանգուլիևը նաև քննադատել է Իրանում ադրբեջանական սփյուռքին, ինչպես նաև Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր իրանամետ հայացքներ ունեն, նաև՝ Ադրբեջանում բնակվող Իրանի քաղաքացիներին: «Իրանի ադրբեջանցիները պետք է ավելի ակտիվ լինեն, որպեսզի իրանական իշխանությունների կողմից ճնշումներ թույլ չտան Բաքվի նկատմամբ: Ինչ վերաբերում է Իրանին պաշտպանող ադրբեջանցիներին, ապա այդ քաղաքացիները հաճախ են մասնակցում հակաիսրայելական ցույցերին, այրում են այդ երկրի դրոշը, հայտարարում են, թե իրենք արդարության կողմնակիցներ են: Ինչո՞ւ այսօր նրանք հանդես չեն գալիս ընդդեմ Իրանի իշխանությունների՝ Նախիջևանի դեմ կատարվող գործողությունների »,- նշել է պատգամավորը, փոխանցում է Interfax.az-ը:

Նախորդ հոդվածը‘2014-ի բյուջեի եկամուտների աճը կապահովեն հարկերն ու տուրքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի ‘