‘Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մտահոգված է լրագրողների նկատմամբ ճնշումների առիթով’

899

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մոնինգսթարը հայտարարել է լրագրողների նկատմամբ  բռնությունների անթույլատրելիության մասին: «Լրագրողների վրա հարձակումներն ու բռնությունները նրանց նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ, հարված են հասցնում Ադրբեջանի միջազգային վարկին»,- հայտարարել է դեսպանը՝ հանդես գալով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և ամերիկյան հասարակական IREX կազմակերպության կազմակերպած «Մամուլի էթիկան նախընտրական գործընթացներում» սեմինարում: Դեսպանը մտահոգություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողուհի Հադիջի Իսմայլովայի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ: «Մենք մտահոգվում ենք այն սև փիառի առթիվ, որ արվում է լրագրողուհու նկատմամբ: Ոչ ոք, ոչ մի լրագրող չպետք է բախվի այն ամենի հետ, ինչ կատարվում է նրա հետ: Կարող եք չհամաձայնել այն ամենին, ինչ նա գրում է, ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ: Սակայն նման հարձակումները լրագրողուհու նկատմամբ անթույլատրելի են»,- նշել է Մոնինգսթարը: Ըստ դեսպանի՝ «Ազատ և անկախ ԶԼՄ-ները ոչ միայն տեղեկատվություն են հաղորդում հասարակությանը, այլև բարձրացնում են պետությունների պատասխանատվությունը»: Ուստի, նրա կարծիքով՝ լրագրողները նույնպես պետք է առաջնորդվեն էթիկայի նորմերով և անաչառ լրատվություն ապահովեն: «Փաստերն աղավաղված ներկայացնելու երևույթներ ես նկատել եմ թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական մամուլում: Օրինակ, մի անգամ ես Բաքվի իմ աշխատասենյակում նստած էի, երբ իմացա, որ այդ պահին գտնվում եմ Վաշինգտոնում, ուր ինձ իբր կանչել են խորհրդատվության նպատակով», -ասել է դիվանագետը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իրաքում ահաբեկչական հարձակումները չեն դադարում’
Հաջորդ հոդվածը‘Սամանտա Փաուեր. Քիմիական գրոհում Սիրիայի իշխանություններին մասնակից չհամարելը նշանակվումէ՝ չտեսնելու տալ փաստերը’