‘Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. «Առաջին հերթին՝ պետք է վերադարձվեն ադրբեջանական հողերը» ‘

889

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսին Փակ Այինը ադրբեջանական SalamNews կայքին տված հարցազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իր տեսակետը:

«Կարծում ենք, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Առաջին հերթին պետք է վերադերձվեն ադրբեջանական հողերը, պետք է վերականգնվի տարածքային ամբողջականությունը», — նշել է նա:

Դեսպանի խոսքերով,  ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունակ չէ լուծել հակամարտությունը եւ ընդամենը նպաստում է դրա ձգձգմանը: Նա նշել է, որ արցախյան հիմնախնդրը տարածաշրջանային խնդիր է, եւ «դրա լուծման համար հարկավոր է հրավիրել տարածաշրջանի պետություններին»:

«Հակամարտության արդյունքում իսլամական աշխարհի մաս կազմող Ադրբեջանի հողերը օկուպացվել են: Դրա համար Իսլամական համագործակցության կազմակերպությունն ավելի լուրջ պետք է վերաբերվի այս հակամարտությանը», — ասել է Մոհսին Այինը:   

Դեսպանը նշել է նաեւ, որ Իրանը պատրաստակամ է ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել հակամարտության լուծման հարցում, «եթե կողմերը հրավիրեն նրան»:

«Մենք արդեն այս հարցում փորձ ունենք եւ որոշակի հաջողություններ գրանցել ենք: Բայց այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանն ընտրեցին Մինսկի խումբը, մենք կասեցրինք մեր գործունեությունը», — ասել է դեսպանը՝ հավելելով, որ անընդունելի է համարում համանախագահների այցերը ԼՂՀ:

 

Նախորդ հոդվածը‘Ռամիրես. Ինքս եմ լսել, թե ինչպես է Կլատենբուրգը Օբի Միկելին անվանել «կապիկ»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի երկու ամսից ‘