‘Ադրբեջանում կալանավորել են ընդդիմության առանցքային առաջնորդներից մեկի որդուն’

904

Ադրբեջանում 25 օրով կալանավորել  են ադրբեջանական ընդդիմության առանցքային դեմքերից մեկի՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի որդուն՝ Թյուրքել Քերիմլիին: Քերիմլիին և նրա երկու ընկերներին մեղադրում են ոստիկանությանը չենթարկվելու համար, այդ մասին «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Քերիմլիի փաստաբանը:

Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Օրհան Մանսուրզադեն հայտնել է, որ կալանավորման պահին Քերիմլին և իր ընկերները նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գովազդային պաստառներն են ոչնչացնելիս եղել, ոստիկանության կոչին՝ դադարեցնել այդ գործողությունները, նրանք չեն ենթարկվել՝ լինելով ոչ սթափ վիճակում, և այդ իսկ պատճառով կալանավորվել են:

Թյուրքել Քերիմլիի փաստաբանը կալանավորման հիմքերը համարում է ապօրինի: Նրա խոսքերով՝ երիտասարդները կալանավորվել են երեկ երեկոյան, Ադրբեջանի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների գովազդային պաստառների զննության ժամանակ: Սկզբում ոստիկանությունը նրանց մեղադրել է նախագահի թեկնածուների պաստառները փչացնելու և պատռելու մեջ, և տուգանք է նշանակել 35-60 մանաթի չափով, սակայն այդ մեղադրանքին այնուհետև ավելացվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքը: Քերիմլիի փաստաբանը նաև հերքել է, որ Թյուրքել Քերիմլին և իր երկու ընկերները ձերբակալության պահին եղել են ոչ սթափ վիճակում: Փաստաբանը նաև հայտարարել է, որ Քերիմլին և իր ընկերները ձերբակալվել են բացառապես ոստիկանների ցուցմունքներով, որ դատարանի որոշումը քաղաքական շարժառիթներով է պայմանավորված, և որ այն կբողոքարկվի:

Ադրբեջանական ընդդիմության առանցքային առաջնորդներից Ալի Քերիմլին հայտարարել է, որ իր որդուն ձերբակալել են, երբ նա քաղաքում զբոսնելիս է եղել իր ընկերների հետ: Ոստիկանության պնդումները, թե որդին ոչնչացնելիս է եղել նախագահական ընտրությունների թեկնածուների պաստառները, Ալի Քերիմլին սուտ է որակել և հայտարարել է, որ ձերբակալությունը պայմանավորված է սեպտեմբերի 22-ի հանրահավաքով:

«Իշխանությունները այդ կերպ փորձում են վրեժ լուծել ինձնից և իմ ընտանիքի անդամներից»,- հայտարարել է Ալի Քերիմլին:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի նկատմամբ 3 անգամ ավելի շատ են խախտում կանոնները, քան Մեսսիի’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերեսը «Տատա» Մարտինոյին՝ «Դեմագոգ լինելը հեշտ է»’