‘«Ազատամարտիկների դաշինքը» կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին’

1470

Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնություններն ու նրանց ձերբակալությունները խիստ մտահոգիչ են Հայաստանի ներքաղաքական կյանքի բնականոն ընթացքի խաթարման տեսանկյունից: 

«Ազատամարտիկների դաշինքը» ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռնպահ է մնում քաղաքական ակտիվ գործունեությունից՝ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ավարտը:

Չնայած մեր այս որոշմանը, ինչպես նաեւ համաձայն չլինելով ապրիլի 24-ին քաղաքական ակցիաներ կազմակերպելու «Հիմնադիր խորհրդարանի» մարտավարությանը, «Ազատամարտիկների դաշինքը, այնուամենայնիվ, համարում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների վերաբերյալ իշխանության պատճառաբանությունները անհամոզիչ են:  

«Ազատամարտիկների դաշինքը» միշտ դատապարտել է երկրում  տեղի ունեցող անօրինական ձերբակալությունները, առավել եւս, երբ նման բռնությունների թիրախ են դառնում Արցախյան ազատամարտի մասնակիցները: 

Դաշինքի անդամները մտահոգված են իրենց մարտական ընկերների ճակատագրով եւ կոչ են անում իշխանություններին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ համոզված լինելով, որ նրանք մեր երկրի անվտանգությանը սպառնացող որեւէ քայլի չէին դիմի:

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն

Նախորդ հոդվածը‘Հիմնադիր խորհրդարանի անդամներին այսօր մեղադրանք կառաջադրվի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. 100-ամյա տարելիցի հանձնաժողովի պերճանքն ու թշվառությունը’