‘Խմբագրական. 100-ամյա տարելիցի հանձնաժողովի պերճանքն ու թշվառությունը’

2768

2011 թվականի ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու պետական հանձնաժողով», որի նախագահը դարձավ ինքը Սերժ Սարգսյանը:

2011-ի մայիսի 30-ին հանձնաժողովն անցկացրեց իր առաջին նիստը, եւ դրանից հետո էլի ու էլի նիստեր անցկացրեց, որոնց պտուղները դեռ քաղում ենք: Նախ՝ ընտրվեց 100-ամյա տարելիցի խորհրդանիշը (!!!), ապա՝ կարգախոսը. «Հիշում ենք եւ պահանջում»: Ով ինչ էր հիշում ու ինչ էր պահանջում, արդեն պարզ էլ չէր: Խորհրդանիշն էլ, որ ներկայացվեց անմոռուկի տեսքով, պարզվեց՝ ուղղակի թխած է համացանցից:

Ու խնդիրը միայն այն չէր, որ խորհրդանիշը թխած էր, քարը գլուխը, եթե միայն դա լիներ: Մեծագույն խնդիրը սկսվեց հետո, երբ ցավի, տառապանքի, կոտորածի խորհրդանիշը հայտնվեց ամենուր՝ մեքենաներին, հասարակական տրանսպորտում, պատուհաններին, պետական հիմնարկների պատերին ու պատուհաններին, դպրոցների շենքերին, մարդկանց վրա: Մի խոսքով, գրեթե չորս տարվա նիստերի արդյունքում ունեցանք անմոռուկային մի կլոունադա, որը 100-ամյա տարելիցը վերածեց համազգային տոնախմբության ու տարելիցի մասին ներքին քարոզչության գերդոզավորման, կարծես մենք՝ հայերս, մինչեւ հիմա իսկի չգիտեինք էլ, որ 100 տարի առաջ Ցեղասպանություն է եղել: Ու «կապիկլամիշը» այնքան խորացավ, որ վերածվեց բացահայտ մարազմի, երբ 3000 ՀՀԿ-ական կնանիք բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքն ու ծաղիկներ թափահարելով, ուրախ-զվարթ «տոնեցին» 100-ամյակը, երբ մի Հրանուշ Հակոբյան սփյուռքահայերին կոչ արեց իրենց փողերը պահել հայկական բանկերում, գալ ու հանգստանալ Հայաստանում, ինչից սփյուռքահայերը կհանգստանան, իսկ «մենք էլ (այսինքն՝ իրենք՝ իշխանությունները) կհարստանանք»: Սա՝ տապալված շոուների ու քարոզչության մասին:  

Բայց հանձնաժողովն այդ միայն դրանով չսահմանափակվեց, հանձնաժողովը նաեւ որոշեց, որ քանի որ «հաջողված» PR ակցիան հորով-մորով է արել, ապա արդեն ժամանակն է ավելի «լուրջ» հարցերով զբաղվելու, եւ հրապարակվեց տխրահռչակ Հռչակագիրը (որին իր ծանր փաստարկներով արդեն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը):

Եւ ուրեմն, ի՞նչ ունենք  այս հանձնաժողովի՝ մոտ 4 տարվա գործունեության արդյունքում: Ըստ էության՝ ոչինչ, բացի խայտառակությունից: Տոնակատարության ու զավեշտի վերածված 100-ամյա տարելից, բիզնեսի վերածված անմոռուկացավ եւ իշխանական «էլիտայի» կողմից վերջնականապես աբսուրդի վերածված գրոտեսկային անտեղի միջոցառում-կապիկությունների շարք, ու «խորախորհուրդ» ու «հեզանազ» պաթոսային ելույթներ: 4 տարվա արդյունքում ունեցանք բազմաթիվ անիմաստ միջոցառումներ, լիքը մսխված փողեր (բնականաբար, մեր՝ պետության գրպանից) եւ զավեշտ: Փոխարենը՝ միջազգային արձագանքը որքան որ կար կիսատ-պռատ, այդպիսին էլ մնաց: Իշխանական քարոզչամեքենան ինչպես նախկինում, այնպես էլ այս ընթացքում շարունակում էր մեզ հրամցնել փոքր ու միջին քաղաքների, ավանների կողմից Ցեղասպանության ճանաչման կամ աննշան միջոցառումների ու անդրադարձների մասին ուռճացված տեղեկություններ:

***

Երեկ Հայաստան ժամանեց ժամանացային հաղորդումների ամերիկյան հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ու մինչեւ նա կհասներ Երեւան, միջազգային տարատեսակ ԶԼՄ-ներով Հայաստանի ու Ցեղասպանության մասին ավելի շատ անդրադարձ եղավ, քան այս հանձնաժողովի աշխատանքների 4 տարիների ընթացքում: Սա, իհարկե, PR էր, բայց այն հաջողված էր՝ որքան Քիմի, նույնքան էլ՝ Հայաստանի համար: Ու փաստացի՝ անգամ մի Քիմը մի օրում կարողացավ անել ավելին, քան մի ամբողջ հանձնաժողով չարեց 4 տարվա ընթացքում: Դե եթե այդպես էր, ավելի լավ չէ՞ր՝ իսկի հանձնաժողով էլ չստեղծեին, անիմաստ տեղը մեր նյարդերը չսղոցեին, մեր գումարները չմսխեին: Թող վարձեին օտար լեզուներ իմացող ու համակարգչից հասկացող մեկին, նա Հայաստանի անունից Հայաստան կհրավիրեր աշխարհում հայտնի բոլոր հայազգի մարդկանց, հյուրանոցներում նրանց համար համարներ կպատվիրեր, կգներ տոմսեր, եւ հրավիրյալներից ով  կգար՝ կգար, ամեն դեպքում՝ նրանց այցի կապակցությամբ Հայաստանի վերաբերյալ միջազգային անդրադարձն ավելի շատ կլիներ, քան ունեցանք «եքա» հանձնաժողովի անիմաստ գոյության դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘«Ազատամարտիկների դաշինքը» կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին’
Հաջորդ հոդվածը‘«Սիրահարված» ուսուցչուհին պատվիրել է իր աշակերտի սպանությունը (տեսանյութ)’