‘Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյան. Սկսել համազգային ընդվզում ‘

2378

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ելույթը Ազատության հրապարակում

Յուրաքանչյուր տարելից իր մեջ պարունակում է տվյալ իրադարձության հետ կապված որոշակի խորհուրդ,   իմաստավորում:. Առավել ևս դա վերաբերում է ողբերգական իրադարձությունների տարելիցներին, քանզի բանական մարդը,   որպես կանոն, պարտադիր  դասեր է քաղում անցյալից, որպեսզի կանխարգելի նոր ողբերգությունները: Դա ծայրաստիճան անհրաժեշտ է ինչպես պետությանը, այնպես էլ հասարակությանը: Պետությունը, որը չի կարողանում բացահայտել ողբերգության պատճառները, գտնել ու պատժել մեղավորներին, կամա թե ակամա ստեղծում է բարենպաստ նախադրյալներ նույնանման ողբերգությունների կրկնման համար:

Եթե հասարակությունը ուժ ու համարձակություն չի գտնում իր մեջ՝ միահամուռ դատապարտելու տեղի ունեցածը, պահանջելու գտնել մեղավորներին,  դատապարտված է նորից դառնալ զոհ:   Պետք է արձանագրենք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ  հասարակությունը պատշաճ կերպ չարձագանքեցին մարտի մեկի ողբերգությանը: Պետությունը, որի պարտականությունն է բացահայտել ողբերգության պատճառները, գտնել  ու պատժել մեղավորներին,  արեց ամեն ինչ, որպեսզի կոծկի  այդ համազգային խայտառակությունը: Հասարակությունն էլ, իր հերթին,  ցուցաբերեց տագնապալի անտարբերություն և անհաղորդություն:                         Չեմ կարող չանդրադառնալ նաև քաղաքական հատվածին ՝ կուսակցություններին: Տարրական կարեկցանքի, վշտակցության փոխարեն առկա էր   չքողարկված չարախնդությունը. չէ՞ որ արյան մեջ խեղդեցին քաղաքական մրցակցին: Սակայն եթե առօրյա կյանքում կարճատեսությունը տանելի արատ է, ապա քաղաքական կյանքում այն կարող է բերել ուղղակի վախճանի: Զգալով իրենց անպատժելիությունը՝ դահիճները ձեռք են բերում հավակնություններ և փնտրում  նոր զոհեր, այդ թվում նաև կուսակցությունների մեջ, ու այսօրվա դրությամբ կուսակցություններից և ոչ մեկն ապահովագրված չէ նման ճակատագրից: Ամփոփելով միտքս՝ կարող եմ վստահաբար հաստատել, որ ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը, ո՛չ էլ քաղաքական ուժերը մարտիմեկյան դեպքերից չքաղեցին անհրաժեշտ դասեր: Ավելին, ՀԱԿ-ի բոլոր ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ անուղղակիորեն կամ ուղղակի արգելափակվեցին: Այսպիսով,  ողբերգության կրկնության վտանգը արդիական է և լուրջ:

Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, որի անդամներից շատերը գտնվում էին ժողովրդի կողքին և ժողովրդի հետ այդ ողբերգական օրերին, և որոնք այդ պատճառով ենթարկվեցին հալածանքների, զրկանքների, նետվեցին բանտերը, քննարկել են 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունները արդի զարգացումների լույսի ներքո և եկել հետևյալ եզրակացության. 2007-2008 թթ. Հայաստանում ծավալված ժողովրդական շարժումը կոչված էր արմատախիլ անել անարդարությունը, որը համակել էր երկրի բոլոր ոլորտները: Ժողովրդի առավել ակտիվ, դիմադրունակ զանգվածն ընտրեց պայքարի քաղաքակիրթ ձև՝ նախագահական ընտրություններին մասնակցելու միջոցով արդար տրված քվեների շնորհիվ ձևավորել նոր իշխանություն: Իշխանությունները, ունենալով վերարտադրման շահադիտական նպատակ, հերթական անգամ կեղծեցին ընտրությունները, և ընտրվեց ոչ օրինական նախագահ, ինչն առաջացրեց   արդարացի զայրույթ ժողովրդի մեջ և բերեց կանխատեսելի ընդվզման: Իշխանությունները, ժխտելով բանակցությունների, փոխզիջումների խաղաղ ճանապարհը, ընտրեցին պետական ներքին ահաբեկչության ուղին՝ ուժային պետական ռեսուրսի միջոցով բռնի ուժով ճնշեցին ժողովրդական ընդվզումը:  Արդյունքում՝ տասնյակ    զոհեր,   բազմաթիվ վիրավորներ, հարյուրավոր  քաղբանտարկյալներ:

  Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, ելնելով սեփական շահերից, ընդունեցին հանցանք գործած ռեժիմի արյունալի հաղթանակը:

Նշյալ դեպքերից անցել է վեց տարի: Այդ ժամանակահատվածում ժողովրդի վիճակը է՛լ ավելի վատթարացել է, դարձել, բառի բուն իմաստով՝ անտանելի:    Համատարած անարդարության պայմաններում ժողովուրդն այլևս չի սպասի նոր ընտրությունների, որոնց նկատմամբ վստահություն չի մնացել, այլ դիմելու է տարերայնորեն նոր ընդվզումների: Իսկ ինչպես են գործում իշխանությունները նման դեպքերում՝ մենք արդեն գիտենք:    Եւ այսօր մենք հավաքվել ենք այստեղ, մեր երկրի ճակատագրի հետ կապված այս խիստ պատասխանատու շրջանում, երբ, մի կողմից՝ այս իրողությունը, որ ստեղծվել է երկրում, այլևս շարունակվել չի կարող, մյուս կողմից՝ անցումը դեպի նոր իրողություն պետք է կատարվի առանց ցնցումների ու արյան:       Քաջ գիտակցելով վերոնշյալ վտանգի ռեալությունը, ցանկանալով կանխարգելել անցանկալի զարգացումները՝ Հրամանատարների ռազմադաշտային խորհուրդը կոչ է անում հրաժարվել առանձին անջատ ընդվզումներից և այս պահից սկսել համազգային մոբիլիզացիա՝ համաժողովրդական խաղաղ  ապստամբություն իրականացնելու նպատակով: Համաժողովրդական ապստամբությունը ո՛չ պետական հեղաշրջում է, ո՛չ էլ պառակտող պատերազմ: Ապօրինի կերպով բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելը ոչ մի կերպ չի կարող համարվել հեղաշրջում, հակասահմանադրական ակտ: Առավել ևս՝ անգրագիտություն կլինի խաղաղ ապստամբությունը կոչել քաղաքացիական պատերազմ, քանզի պայքարը ընթանալու է ոչ թե քաղաքացիների միջև, այլ քաղաքացիների և հանցագործների,  քաղաքական ահաբեկիչների միջև: Այնպես որ՝ մեր կոչը լիովին տեղավորվում է սահմանադրական և միջազգային իրավական նորմերի մեջ: Մենք դիմում ենք յուրաքանչյուր քաղաքացու, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների՝ հանուն երկրի ապագայի՝ վերջապես միավորվե՛ք և թոթափե՛ք քրեածին մտածելակերպով և հոգեբանությամբ առաջնորդվող իշխանությունների լուծը:                                                                                                                                               Առանձին դիմում ենք ուժային կառույցներում ծառայող մեր եղբայր ազատամարտիկներին: Հիշենք՝ մենք ով ենք, ում դեմ և ոնց ենք կռվել, և ով է մեր իրական հակառակորդն այսօր: Խաղաղ ժողովրդի վրա ձեռք բարձրացնողը ստոր սրիկա է և կրկնակի հանցագործ: Մատի փաթաթան դարձրեք այդ գաղափարը և զերծ պահեք նաև ձեր գործընկերներին  ճակատագրական սխալներից: Գործով ապացուցենք մեզ նվնվացող անվանող անբարոներին, թե  ինչ է նշանակում պահանջատեր ազատամարտիկը, նրա պատիվը և խիղճը:

  Անչափ կարևոր են Մայր Հայաստանի և Արցախի միասնական գործողությունները: Արցախի մեր ազատամարտիկ եղբայրներին մենք ասում ենք`եթե 25 տարի առաջ բոլորս գիտակցում էինք, որ չկա Հայաստան՝ առանց Արցախի, և միահամուռ կանգնեցինք Արցախի համար, հիմա պետք է գիտակցենք, որ չկա Արցախ՝ առանց Հայաստանի, ու այսօր պետք է միահամուռ կանգնենք Հայաստանի համար: 

Այլևս ոչ մի րոպե սպասել չի կարելի, պետք է անհապաղ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է  օժտված լինի արտակարգ լիազորություններով: Եվ արդեն այս կառավարությունը կլուծի երկրի առջև ծառացած բոլոր ներքին և արտաքին խնդիրները: Այդ կառավարության թիկունքում լինելու է ողջ ժողովուրդը, և այդ կառավարության ամեն մի քայլ իրականացվելու է ողջ ժողովրդով:    

Մենք այսօր սկսում ենք մի պայքար, որը որոշիչ է լինելու աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի ճակատագրի համար:    

 Հաղթանակ, Հաղթանակ, Հաղթանակ

Նախորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյանը ուղերձ է հղել հանրահավաքի մասնակիցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Առաջին լուսանկարները Ազատության հրապարակից’