‘Ազատամարտիկ. ՀԱԿ-ն իր փոքրաթիվ ԱԺ պատգամավորների պայքարի շնորհիվ շատ դրական գործունեություն է ձեռնարկելով ԱԺ-ում’

1432

Արցախյան ազատամարտիկ Սերիկ Տոնոյանի հետ Asparez.amի զրույցը կուսակցությունների մասին է

-Կուսակցությունների գործունեության արդյունավետության՝ դրական թե բացասական, նաեւ ժամանակի մասով, բազմաթիվ նախկին ու նորաստեղծ կուսակցություններից կուզեի առանձնացնել մեկին՝ որպես արդյունավետ գործունեություն որդեգրած կուսակցության: Այն, իմ համոզմամբ, ՀԱԿ կուսակցությունն է: Հիմնականում, 2007-ից ձեւավորված պայքարի վճռականության ճանապարհն անցած, 2008-ի մարտի 1-ին իշխանության կողմից դաժան ճնշումների թոհ ու բոհի միջով անցած ու ավելի թրծված ժողովրդական շարժումը, իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պատվով դուրս գալով պայքարից, 2013-ին հիմնադրեց ՀԱԿ կուսակցությունը: Այդ շարժման շնորհիվ, 2008-ից սկսած, Հայաստանում դանդաղ, բայց հաստատուն ձեւավորվեցին նախկինում «Քոչարյանասերժական կլանի վարած քաղաքականությունում տեղ չգտած» արժեքներ: Օրինակ, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, երբ նախկին վախի ու սարսափի մթնոլորտին եկավ փոխարինելու ազատ խոսքի ու սեփական կարծիքների, սեփական իրավունքները բարձրաձայնելու գաղափարախոսությունը՝ արհամարհելով վախի ստերեոտիպերը, ժողովրդի մեջ արթնացնելով սեփական իրավունքների համար պայքարի հոգեբանական հնարավորությունները, Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության վերջին մի քանի հարյուրամյակներում բացակայող միասնության իրականացումը, որի բացակայության պատճառով հայ ժողովուրդը բազմիցս չարչարվել ու նվաստացել է օտարի առաջ: ՀԱԿ-ի կոչը միասնության մասով շատ կուսակցությունների ու ՀԿ-ների գաղափարապես միասնության տանելով, լավ թե վատ, նկատելի դարձրեց այն որ, ժողովրդի մեջ նախկինում տեղ գտած չարությունը միմյանց նկատմամբ տեղի տվեց եւ փոխարինելու եկավ բարեկամական ու հարգանքի հոգեբանությունը, որը շատ կարեւոր է Հայաստանի հետագա բարեկեցության ու ապագայի համար,- «Ասպարեզի» հետ զույցում ասաց Ս.Տոնոյանը:

Նրա խոսքով՝ թ´ ներսում, թե´ դրսում, ՀԱԿ-ն իր փոքրաթիվ ԱԺ պատգամավորների պայքարի շնորհիվ շատ դրական գործունեություն ձեռնարկելով ԱԺ-ում, բացահայտեց իշխանության կողմից կատարած շատ ապօրինություններ, որոնք կարող է եւ չբացահայտվեին: ՀԱԿ-ի` արտաքին աշխարհի հետ շփումները դրական արդյունքների են հասել ՀՀ-ի համար տարվող բոլոր խնդրո թեմաներով, բացահայտելով ՀՀ իշխանությունների կրիմինալ կեցվածքը սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ:

«Իմ անձին հարիր չհամարելով քննադատել այլ կուսակցությունների գործունեությունը, գնահատելով միասնության գաղափարը, հույս ունենալով, որ ազգը կգնա վերջնական միասնության ու օր առաջ կհասնի ազատագրական իր վերջնակետին, կուզենայի մի հարցի մասին եւս դիտարկում անել: ՀՀԿ-ի վերին էշելոններում իշխանավարող վայ իշխանավորների նկատմամբ չարությունն ու ատելությունը հասել է գագաթնակետին, իսկ ներքին օղակներում ՀՀԿ-ի սովորական անդամներ են, ովքեր աշխատում են թելադրանքի ներքո, ու նրանք էլ Հայաստանի բնակիչներ են ու հայ ազգի ներկայացուցիչներ: Չի կարելի հայհոյելով ու վարկաբեկելով դիմել ու նվաստացնել նրանց: Դրանով մենք խոչընդոտում ենք միասնությանը: Կրկնում եմ, խոսքը սովորական շարքային ՀՀԿ-ականների մասին է. նրանք էլ մեր շարքերում բարեկամներ ու ազգականներ ունեն, եթե չասեմ՝ շատերից ավելի հայրենասեր են, շատերի հետ ընկերներ ու հարազատներ: Վաղը ոչ ոք չի պատրաստվում նրանց Հայաստանից քշելու: Այս հարցում խնդրում եմ շատ զգույշ լինել ու ազգային գաղափարների տեսակետից մոտենալ: Քոչարյանասերժական կլանի, ՀՀԿ-ի նպատակն հենց այն է, որ ժողովուրդն ու կուսակցականներն իրար թշնամի մնան»,-հավելեց զրուցակիցս:

Անահիտ Սիմոնյան

www.asparez.am

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Երկրի տիրոջ ու անցորդի տարբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ ‘