‘Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ ‘

1386

Նախօրեին Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանել է օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների հարցերին: Պատասխանները ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:   

Reuters-Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապագայի մասին:

Ս.Ս. -Գիտեք, շատ պարզ է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել, գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ: 2009թ.-ին մենք ենք  նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես Դուք ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեինք այդ փաստաթղթերը:  Բայց միևնույնն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք և այդ հարաբերությունների հաստատումը պետք է  առանց նախապայմանների լինի: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա:

CNN Turk.- Ցեղասպանության տարելիցի առիթով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մասին

-Ես համարում եմ, որ այդ որակումները և անցյալ տարի պարոն Էրդողանի, այս տարի պարոն Դավութօղլուի այն հայտարարությունները, որտեղ տեղ են գտել այդ որակումները, ուղղակի հնարք են խափանելու այն ընթացքը, որն այսօր ունի Հայոց ցեղասպանության ճանաչումը ողջ աշխարհում: Ես ավելացնելու ոչինչ չունեմ և չեմ էլ ցանկանում մեկնաբանել պարոն Դավութօղլուի ասածները, որովհետև ինձ համար նախ զարմանալի էր, թե ինչու պարոն Դավութօղլուն այդ հայտարարությունը երեք-չորս օր շուտ արեց, այլ ոչ թե ապրիլի 24-ին, կամ գոնե ապրիլի 24-ի նախօրեին: Այսինքն, սա մեկ անգամ ևս փորձ էր՝ ինչ-որ կերպ հանդարտեցնելու միջազգային հանրությանը, ասելու՝ տեսեք, ես ինչ բառեր եմ օգտագործում և այլն: Չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ակնկալիք ունեմ, որ վաղը կամ մյուս օրը պարոն Էրդողանն ավելի ամուր և խորիմաստ կգտնվի  ու կանի իրական հայտարարություն, որտեղ նա կասի այն, ինչ-որ պետք է ասի: Եվ սա, իրոք, կարող է հաշտեցման գործընթացի դուռ բացել մեր երկու ժողովրդների միջև:

BBC. – Թուրքիայի ղեկավարությունից ակնկալիքների եւ Գալիպոլիի տարեդարձը ապրիլի 24-ին նշելու մասին:

Ակնկալիքս պարզ է. իմ ակնկալիքը նույն է, ինչ ողջ հայ ժողովրդինը. մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշխանավորների հետ, որովհետև, եթե ժխտում ես, եթե արդարացնում ես, նշանակում է կիսում ես պատասխանատվությունը: Թուրքիայի այսօրվա իշխանություններ չեն իրականացրել Ցեղասպանություն, բայց երբ մեկն արդարացնում է մյուսի հանցագործությունը, մեղսակից է դառնում: 

Ռուսաստանի կիսապաշտոնական Russia Today հեռուստաընկերության թղթակիցը հարց հնչեցրեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ հետաքրքրվելով՝ արդյոք՞ այդ հարաբերությունների խորացումը չի խանգարի այլ երկրների կամ դաշինքների հետ Հայաստանի հարաբերություններին:

-Ոչ, բացարձակապես որևէ խնդիրներ չի ստեղծում, և մենք մեր մասնակցությունն ենք բերում աշխարհում կայունության և խաղաղության հաստատմանը: Մենք համարում ենք, որ լինել միայն անվտանգության սպառող, բավարար չէ: Եվ ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, և մեզ համար դա օգտակար համագործակցություն է: Բնավ, չի խանգարում մեր` ՀԱՊԿ անդամ լինելը:

ReutersՕբամայի՝ «ցեղասպանություն» բառը չասելու մասին:

— Գիտեք, Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի:

BBC. Ձեր քաղաքական ընդդիմախոսները այստեղ Հայաստանում առաջ են քաշում մեկ այլ տեսլական, և չնայած Դուք ասում եք չկան նախապայմաններ, նրանք ասում են կա մեկ պայման առ այն, որ դուք ճանաչում եք ցանկանում: Եվ դա հետ է պահում Թուրքիայի հետ կապերի զարգացումը: Ձեր այդ քաղաքականությունը, նրանք պնդում են, չի ստեղծում ավելի լավ տնտեսություն կամ նոր աշխատատեղեր, ինչի կարիքը Ձեր երկիրը ունի: Այսպիսով, ինչպե՞ս եք Դուք տեսնում Ձեր քաղաքականության շարունակությունը և Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը օժանդակելը:  

-Նախ պետք է ասեմ, որ առանց Թուրքիայի սահմանները բացելու մենք աշխատում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, և ունենք որոշակի ձեռքբերումներ: Ասածս այն է, որ Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ, բայց, անշուշտ, այս սահմանների բացումը կաշխուժացներ մեր տնտեսությունը և դա մեզ համար օգտակար կլիներ: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների ասածներին,ես կարծում եմ, որ հենց դրանով էլ մարդիկ դառնում են ընդդիմություն, նրանք ունենում են ընդդիմադիր հայացքներ, երբ որ կարծիքները տարբերվում են: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կիսում է իմ կարծիքը, այլ ոչ թե նրանց կարծիքը: Հայաստանի բնակչության մեծ մասը իրոք ցանկանում է, որ սահմանները բացվեն և հարաբերություններ հաստատվեն: Իսկ ո՞վ է ասել, որ երբ սահմանները բացվեն Ցեղասպանության ճանաչման արշավը դադարելու է, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք հրաժարվելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք դադարելու ենք մեր իրավունքների համար պայքարելուց: Ոչ: Դրա համար էլ ասում ենք, որ հարաբերություններ պետք է հաստատել առանց նախապայմանների:

Իմիջիայլոց, միգուցե ճիշտ չէ, բայց ես մոտ օրերս զրուցում էի մի թուրք լրագրողի հետ: Եվ այդ լրագրողը ասում էր՝ գիտեք Օսմանյան կայսրության ժամանակ ոչ միայն հայերն են տեղահանվել, այլ նաև թուրքերը: Ես ասում եմ՝ իհարկե գիտեմ, և ցավակցում եմ: Եթե այդպես են կարծում, ուրեմն թող այսօրվա Թուրքիայի իշխանությունները ընդունեն, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի ցեղասպանություն: Այսինքն ո՞վ է մեղավոր, որ այն ժամանակ նաև թուրքերն են տուժել: Մե՞նք: Զոհե՞րը:
Նորից եմ ասում, մենք նույնիսկ այսօրվա Թուրքիայի իշխանություններին չենք մեղադրում Ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Russia Todayի մեկ այլ հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի արեւելքում բռնության դեպքերի շատացումն ազդում է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է.

-Իրավիճակը շփման գծում բավականաչափ լարված է, և այդ լարվածությունը սկսվել է անցյալ տարվա ամռանը: Մեզ համար պատճառները հայտնի են, բայց այդ պատճառների մեջ ես չեմ կարող նշել Ուկրաինայի ազդեցությունը: Լարվածության պատճառը շատ պարզ է. ադրբեջանական իշխանությունները սպառել են բանակցությունները ձգձգելու իրեն բոլոր հնարքները: Իսկ ուկրաինական ճգնաժամը մեզ վրա ազդում է տնտեսապես՝ առավել ևս, թեև ակնհայտ է, որ մեր մեծ տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտ իր բացասական ազդեցությունն է թողնում այլ խնդիրների վրա:

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկ. ՀԱԿ-ն իր փոքրաթիվ ԱԺ պատգամավորների պայքարի շնորհիվ շատ դրական գործունեություն է ձեռնարկելով ԱԺ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպի մամլո ծառայությունը նոր ղեկավար կունենա’