‘Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’

1925

Ազատության հրապարակում կայացած ընդդիմության համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Սիրելի ժողովուրդ, անկախ Հայաստանի հպարտ, ազատատենչ քաղաքացիներ՝ մարդիկ, ովքեր եւս մեկ անգամ իրենց կամային արժեքների շուրջ համախմբվելով, մեր հաղթանակած երկրին արժանապատիվ կեցվածք վերադարձնելու հայտ են ներկայացնել:

Մի քանի արկածախնդիրների պատճառով հաղթանակներ տարած ազգը այժմ լքում է իր երկիրը,  մարդիկ դարձել են աղքատ եւ հաղթականի արժեք չիմացող ազգ: Մենք կոչված ենք վերականգնելու մեր արժանապատվությունը:

Հազարավոր ազատամարտիկներ այժմ հանրահավաքի մասնակիցների շարքերում են: Ազատամարտիկներս համալրել ենք ձեր շարքերը՝ ձեզ հետ միասին շտկելու մեր ազգի ողնաշարը, ուղղելու մեր արժանապատիվ ազգի զավակների քայլքը: Մենք կարողացանք ծնկի բերել արյունարբու թշնամուն, սակայն մի քանի թափթփուկների թողեցինք, որ մեր հպարտ երկիրը հասցնեն այս վիճակին: Այս մարդկանց չի կարելի ոչ մի վայրկյան ավել թողնել իշխանության: Այս «նախաձեռնող» իշխանությունների յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նախաձեռնություն կոչված է ավելի շատ անդունդը գլորելու մեր երկիրը: Մենք հաղթած ազգ ենք, ժողովու՛րդ, մենք պետք է կարողանանք հաղթածի կերպարով ապրել: Մենք արժանապատվություն ունեցող հպարտ ազգ ենք եւ թույլ չենք տա, որ մի քանի թափթփուկի, մի քանի արկածախնդրի պատճառով մեզ հետ կարողանան վարվել այնպես, ինչպես վարվում են այսօր՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ:

Այժմ՝ Եռյակի քաղաքական ուժերի առաջնորդությամբ սկսվել է համաժողովրդական շարժում, եւ մենք՝ ազատամարտիկներս, հայտարարել ենք, որ միանում ենք այս շարժմանը: Երբ մենք միավորվեցինք, իշխանությունը իր բոլոր մեխանիզմներով փորձում էր մեզ քաղաքական երանգներ տալ կամ որպես հրացանավորների կերպար ներկայացնել: Ի դժբախտություն իրենց՝ ասեմ՝ ազատամարտիկները միայն ազգի զինվորներ են, եւ նրանք միայն զենքով չէ, որ հաղթել են թշնամուն: Մենք հաղթել ենք մեր կամային արժանիքներով, հայրենիքի հանդեպ ունեցած սիրով, եւ այդ սիրո շարունակությունն է այսօրվա մեր՝ հանրահավաքի շարքերում լինելը: Մենք՝ սպարապետի գլխավորությամբ, մինչեւ վերջ  պայքարելու եւ մեր պետականությունը իր հզոր վիճակին հասցնելու ուխտ ենք արել: Մենք՝ կենդանի մնացած ազատամարտիկներս, մեր երդմանը հավատարիմ ենք եւ կանգնած ենք մեր ժողովրդի, համաժողովրդական շարժման կողքին: Խնդրում եմ, առանց հապաղելու, օր առաջ թոթափել այս իշխանիկների լուծը մեր ազգի վրայից: Մենք պատրաստ ենք օրերով մնալ այստեղ եւ մինչեւ վերջ մեր օջախը, հայրենիքը մաքրել: Ուստի՝ պայքար, պայքար մինչեւ վերջ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսում տեղի ունեցած սպանության շարժառիթը բացահայտվել է, իսկ կասկածյալը՝ ձերբակալվել. Քննչական կոմիտե ‘