‘«Ազատություն» ռադիոկայանի եթերը խլացնու՞մ են’

1647

Հայաստանի մի շարք քաղաքացիներ վերջին օրերին բողոքում են, որ մարզերում խլացնում են «Ազատություն» ռադիոկայանի եթերը: FM 104,1 հաճախականությամբ հեռարձակվող ռադիոկայանի լրատվական թողարկումները դժվարությամբ են լսվում, կամ բոլորովին չեն լսվում:  

Սեւանում բնակվող մի քաղաքացի iLur.am-ին տեղեկացրեց, որ «Ազատություն» ռադիոյի եթերը վատթարանում է հատկապես այն ժամերին, երբ եթերից խոսք է գնում Ուկրաինայում ընթացող իրադարձությունների կամ Հայաստանում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընթացող պայքարի մասին:

Խնդրին անդրադարձել է նաեւ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

«Այսօր առավոտ կանուխ Երեւան եմ գնում, Կոշի մոտ ավտոյի մեջ ժամը 9-ին միացրի 104.1 FM` Ազատություն ՌԿ` լսեմ: 2-3 րոպե լսեցի, մեկ էլ այն մոմենտին, որ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը պիտի բացատրեր Կիեւի իրադրությունը, երեւի բերանը բացեց, որ խոսք ասի, հաղորդումը կտրվեց ու հայկական շախով պարեղանակ գնաց, մինչեւ 9:15 լսեցի, Ազատության հաղորդումը չվերադարձավ:

Ցերեկը, ժամը 15-ին, էլի ավտոյի մեջ եմ Երեւանում, միացնում եմ նույն ալիքը, երեւի 5 րոպե լսում եմ, մեկ էլ հասնում է Կիեւի պատմությանը, վիրավորներ զոհեր, Եվրոպական 3 երկրների ներկայացուցիչների հանդիպում Յանուկովիչի հետ, ու կտրուկ կորում է հաղորդումը, տեղը` նորից հայկական պարեղանակ` մինչեւ 15:20: 

Ես 1994-ից մինչեւ 2002 թվականը ռադիոկակայներ եմ ղեկավարել, հեռարձակման վահանակ եմ կառավարել, հաղորդում եմ վարել, հեռարձակման նրբություններից եմ ահագին հասկանում, հիմա էլ միշտ լսում եմ բոլոր հնարավոր ռադիոկայանները, գիտեմ բոլոր խոտանների կամ խզումներ բնույթը, դրանց տարատեսակները, որն ինչպես է հնչում եւ ինչ պատճառով է լինում: 

Էս վերոհիշյալ երկու անջատում-միացումները, ինչքան ես հասկացա, որեւէ տեխնիակական խոտանի կամ խզման հետ կապ չունեին, ակնթարթորեն կտրեցին մեկը եւ հաղորդեցին երաժշտությունը: Մտածում եմ, թե այ մարդ, չեք ուզում հաղորդել` ամբողջությամբ մի հաղորդեք, կեսից կտրելը ո՞րն է», — Ֆեյսբուքում գրել է Լեւոն Բարսեղյանը:

 

Նշենք, որ ռադիոկայանի խափանումներ պարբերաբար տեղի են ունեցել նաեւ 2008-ի  եւ 2013-ի նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում: 

Նախորդ հոդվածը‘Նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ. Յանուկովիչի ուղերձը ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինն Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ է գումարել’