‘ԱԺ կայքն առավոտվանից անհասանելի է’

796

Այսօր կեսօրից  անհասանելի է Ազգային Ժողովի Parliament.am կայքը: Նկատենք, որ վերջին շրջանում մի շարք համացանցային լրատվամիջոցներ ԱԺ կայքէջի շնորհիվ կարողանում են հանրությանն ավելի հասանելի դարձնել խորհրդարանում տեղի ունեցողը, ինչպես ասում են՝ առանց ավելորդ միջամտության: ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հրայր Զորյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ ԱԺ սպասարկող ինտերնետ պրովայդերը տեխնիկական խնդիրներ ունի, եւ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում: Թե երբ կվերականգնվի կայքի աշխատանքը, պարոն Զորյանը դժվարացավ պատասխանել:

Նշենք, որ Խորհրդարանում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի օր է:

Նախօրդ երկու օրերին Ազգային Ժողովի նիստերին, ի հեճուկս մեծամասնության հորդորների, թե պետք է քննել «օրախնդիր» օրենսդրական նախաձեռնությունները, ընդդիմության եւ ԲՀԿ ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադառնում են Հայաստանում փետրվարի 18-ին կեղծված ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Իսկ Հայ ազգային կոնգրեսն խմբակցությունն ընդհանրապես բոյկոտել է քառօրյան՝ հայտարարելով, որ կօգտվի միայն հայտարարություններ անելու հնարավարությունից:

Մեծամասնության ներկայացուցիչները նույնպես իրենց ելույթները հետընտրական զարգացումներին են նվիրում, սակայն այդ ելույթները ողողված են «վերընտիր» Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներով ու «երկիրն ապակայունացնող դավադրությանը մասնակցելուց» զերծ մնալու կոչերով:

Նախորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո «պատվավոր պոնտիֆիկի» տիտղոս կստանա’
Հաջորդ հոդվածը‘Արտառոց ինքնագոլ Թուրքիայի առաջնությունում’