‘ԱԺ. Կոնգրեսի՝ կոռուպցիայի մասին հարցապնդումը հունից հանել է Հրայր Թովմասյանին’

1114

Ազգային ժողովում ներկայացվեց Հայ ազգային կոնգրեսի՝ «Համատարած, համակարգված  կոռուպցիա» վերնագրված հարցապնդումը կառավարությանը: Հարցապնդման մեջ Կոնգրեսի փորձագետները ներկայացրել են պետական բյուջեի եկամտային մասի թալանին, մինչեւ բյուջե մուտք գործելը, բաձրաստիճան մի շարք պաշտոնյաների օրինական եկամուտների եւ հայտարարագրված գույքի ու եկամուտների անհամաչափությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունը եւ այլ հարցեր:

«Սա այն խնդիրն է, որը ստիպում է մեր քաղաքացիներին խուճապահար լքել մեր երկիրը՝ ողջ պետական համակարգը ճարակված է կոռուպցիայով: Հայաստանի իշխանությունները ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ բարգավաճում են միայն իշխանավորների մերձավորները, իսկ հանրության մեծ մասը, այդ թվում՝ ընդդիմությունը, զրկված է վերահսկողական մեխանիզմներից», — նշեց Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ հարցապնդմանը կառավարության ներկայացրած գրավոր պատասխանը որեւէ կերպ փաստարկված չէ եւ «լի է անհեթեթություններով, կառավարությունն իրեն նեղություն չի տվել անգամ հոդաբաշխ պատասխան ներկայացնել»:

Մասնավորապես, ըստ Լեւոն Զուրաբյանի, հարցապնդման այն մասը, որը վերաբերում է «Արմավիայի»՝ հարկերից խուսափմանը, անեկդոտ է հիշեցնում:

«Հինգ տարի շարունակ «Արմավիան» խուսափել է հարկեր մուծելուց, կառավարությունն այդ մասին իմացել է 2012-ին, հարցնում ենք՝ ինչո՞ւ քրեական հետապնդում չի իրականացվում «Արմավիայի» նկատմամբ, պատասխանում են՝ քրեական հետապնդում չի իրականացվում, որովհետեւ գումարները բռնագանձելու մասին հարցը գտնվում է վարչական դատարանի վարույթում: Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ հայն ասում է՝ армяне лучше, чем грузины, վրացին հարցնում է՝ чем лучше? Հայը պատասխանում է՝ чем грузины»:

Բացի դրանից, Զուրաբյանի ներկայացմամբ, կառավարությունն իր պատասխանում հերքել է իր իսկ բերած փաստարկները՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության հետ կապված այլ երկրների հետ համեմատություններ անելիս: Նրա խոսքով, նախ՝ կառավարությունում նշել են, որ այլ երկրների հետ Հայաստանը համեմատելի չէ, քանի որ մեզ մոտ գյուղատնտեսությունը չի հարկվում, ապա՝ համեմատել են Հայաստանը ԱՊՀ այլ երկրների հետ:

Լեւոն Զուրաբյանը նշեց նաեւ, որ հարցապնդումը ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս անց Հայաստանի վերաբերյալ եւս մի շարք միջազգային զեկույցներ են հրապարակվել, ըստ որոնց՝ Հայաստանի շուկաների 19%ը մենաշնորհային է՝ տարածաշրջանային 6% միջինի պայմաններում (Համաշխարհային բանկ), կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանը 94-րդ տեղում է (Թրանսփերենսի ինթերնեշնլ), «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Պետրոս Թերզյանը նշել է, որ վերջին հեռուստամարաթոնի հասույթը կրկնակի կլիներ, եթե կաշառակերությունը քիչ լիներ: Այս պայմաններում, ըստ պատգամավորի, միակ արդյունավետ տարբերակը կլիներ կառավարության կոլեկտիվ հրաժարականը:  

Ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը հարցադրումներին կոնկրետ պատասխաններ տալու փոխարեն, սկսեց գովերգել կառավարությանը, թե ինչպես է այն պայքարում կոռուպցիայի դեմ: Նշեց, որ «այո, կոռուպցիան ախտ է, քաղցկեղ, բայց մենք մթնոլորտ ենք փոխել»՝ հիշեցնելով բիզնեսի գրանցման արագությունը, վարորդական վկայական ստանալու գործընթացի հեշտացումը եւ այլն: Հրայր Թովմասյանի խոսքով, Կոնգրեսի հարցապնդման մեջ ներկայացված փաստերը հիմնականում կառավարության լիազորություններից դուրս են: Մասնավորապես՝ օֆշորային պատմության հետ կապված՝ Հրայր Թովմասյանը նշեց՝ «ի՞նչ անեմ՝ Կիպրոսի կառավարության տեղ է՞լ պատասխան տամ»: Ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ օֆշորային «ուչաստկովիի» մակարդակի հարցը, փաստորեն, բավական բարդացել է, որ Կիպրոսի կառավարության լիազորության տակ է:

Հավելենք, որ Թովմասյանը հստակ քաղաքական, իրավական փաստարկված պատասխաններ տալու փոխարեն, ԱԺ ամբիոնից փորձում էր հոխորտալ, խոսում էր ակնհայտ լարված ձայնով՝ փորձելով պարբերաբար շեղել թեման քննարկման նյութից: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում նշվեց ԼՂՀ անկախության եւ Սահմանադրության օրը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է կոռուպցիայի հարցը «ջղայնացրել» Հրայր Թովմասյանին. Գուցե խնդիրը իր եկամուտնե՞րն են. Փաստաթղթեր’