‘ԱԺ ճեպազրույց. «Ժողովուրդը պահանջում է ամբողջական իշխանափոխություն»’

1430

Եռյակի մարզային հանրահավաքները ցույց են տալիս, որ ժողովուրդը հստակ մեկ պահանջ է դնում՝ այն է՝ ամբողջական իշխանափոխությունը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համաձայնեց Հակոբյանի հետ՝ նշելով, որ իշխանությունը ինքն է իր քայլերով մարդկանց մղում ընդվզման եւ բողոքի: Մասնավորպաես, նա հիշեցրեց, որ իշխանությունը անզիջում դիրքորոշում է որդեգրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցում, ինչպես նաեւ նախորդ քառօրյային մերժել է բանակի օգտագործումը ներքին հարցերում բացառելու մասին Կոնգրեսի նախաձեռնությունը եւ այլն: «Առաջիկա մարզային հանրահավաքները կլինեն ավելի ագրեսիվ եւ ավելի պահանջատեր, իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի շեշտադրումները կփոփոխվեն»,- նշեց Արամ Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ ելույթ է ունենալու Արարատում այսօրվա հանրահավաքին, իսկ Սյունիքի մարզ չի գնացել, քանի որ զբաղված էր Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք հանրահավաքների նախապատրաստմամբ:

Մանուկյանի խոսքով՝ իշխանություններին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ: «Սերժ Սարգսյանը որ խելոք լինի՝ կհեռանա եւ հնարավորություն կտա քվեի միջոցով նորմալ իշխանություն ձեւավորել: Թող հավաքի իր ընտանիքը, իր փողերը եւ գնա՝ երկիրը թողնելով քաղաքացուն»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը ասաց, որ կուսակցությունը կողմ է արմատական փոփոխությունների: «Եթե դրա մեջ մտնում է իշխանափոխությունը, մենք կողմ  ենք, միայն թե մեթոդների եւ դրան հասնելու ճանապարհի հարց կա»,- նշեց նա: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ «Բարագավաճ Հայաաստանի» համար քաղաքական օրակարգին վերաբերող տաբուներ չկան:

Նախորդ հոդվածը‘Նշանակվել են Ոստիկանության պետի նոր տեղակալներ’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Էվանս, «Սուարեսը Բալոտելիի հակապատկերն է»’