‘ԱԺ-ում անջատեցին Զարուհի Փոստանջյանի խոսափողը, Մանվել Բադեյանը խնդրեց հեռացնել նրան դահլիճից’

1394

5-րդ գումարման Ազգային Ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի աշխատանքը: Գրանցումից հետո պարզ դարձավ, որ 131 պատգամավորներից ներկա է 107 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ընդդիմադիր խմբակցություններին նորից հանդիպել և շարունակել բանակցությունները` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն հարցին, թե ինչու մեծամասնությունը արտահերթ նիստ չգումարեց:

 «Բանակցությունները ես չեմ համարում ձախողված և այսօր էլ պատրաստ եմ քննարկել այն հարցրերը, որոնք ներկայացվել են: Մենք դեմ չենք եղել արտահերթ նիստին, մենք առաջարկել ենք ձեր ներկայացրած կետերից մեկի մեջ փոփոխություն անել, բոլորը համաձայնել են, բացի ձեր խմբակցությունից: Ես նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին հավաքվել և ևս մեկ անգամ քննարկել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` շեշտելով, որ չի պատրաստվում քննարկել խորհրդարանը լուծարելու հարցը:

Ռուբիկ Հակոբյանը, սակայն, շեշտեց, որ բանակցություններն իրենց համար վերջացած են: 

«Մենք այլևս այդ բանակցություներին չենք մասնակցելու, որովհետև խորհրդարանը իրավուք չուներ և չունի անմասն մնալ այն իրավիճակից, որը առկա է մեր երկրում: Ես էլի եմ կրկնում, որ այսօր խորհրդարանը պետք է ժողովրդին ապացուցի, որ ինքն օրենսդիր մարմին է»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Որից հետո ԱԺ նախագահը ներկայացրեց ԱԺ 5-րդ գումարման Ազգային Ժողովի օրակարգը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, օգտվելով իր ելույթից, փորձեց կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը:

Սակայն անմիջապես անջատեցին Զարուհի Փոստանջյանի խոսափողը:

«Ձեր դիմումը կապ չունի օրակարգի հետ, եթե օրակարգի հետ ունեք հարցեր` ներկայացրեք»,- նշեց ԱԺ նախագահը:

Սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը:

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը ելույթ ունենալով` ԱԺ նախագահից խնդրեց ապահովել նիստի բնականոն ընթացքը և դուրս հրավիրել Զարուհի Փոստանջյանին` սպառնալով, որ, հակառակ պարագայում, ինքը կլքի նիստերի դահլիճը:

Իրարանցումը մի կերպ հանդարտեցնելուց հետո ԱԺ քվեարկության դրեց նախորդ քառօրյայում քննարկված որոշ հարցեր:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ-որ բան առաջարկել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գազատաքացուցիչի թերայրման հետևանքով չորս մարդ է թունավորվել’