‘«Ալաշկերտը» պարտվեց «Սելթիկին» խոշոր հաշվով’

1164

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց շոտլանդական «Սելթիկի» հետ: Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Առաջին կեսում երևանյան ակումբը գոլային լավ հնարավորություն ուներ, սակայն սուր անկյունից Արտակ Դաշյանի հարվածը հետ մղեց դարպասապահը, իսկ Դանիլո Սեկուլիչի հարվածը շեղ ստացվեց:

Ընդհանրապես, կարելի է ասել, որ «Ալաշկերտն» առաջիկ կեսի ընթացքում լավ տեսք ուներ և ավելի շատ պահեր ստեղծեց, քան մրցակիցը: «Սելթիկն» էլ 1-2 պահ ուներ, որոնց ընթացքում բարձրության վրա էր հայկական թիմի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը:

Այնուամենայնիվ, շոտլանդական ակումբը գոլ խփեց խաղակեսին ավելացված ժամանակում. մի պահ ալաշկերտցիները կորցրին զգոնությունը, որից «Սելթիկը» միանգամից օգտվեց. ճիշտ պահին գնդակի ճանապարհին հայտնված Էդուարդ Օդսոնը գնդակն ուղարկեց Չանչարևիչի պաշտպանաշ դարպասը: 

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում ալաշկերտցիները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին. լավ դիրքում հայտնված Ջեֆերսոն Ռեիսը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա:

Երկրորդ կեսում հիմնականում գրոհում էին շոտլանդական ակումբի ֆուտբոլիստները, իսկ Սուքիասյանի խաղացողները ապավինել էին հակագրոհների մարտավարությանը: Ի տարբերություն առաջին կեսի՝ երկրորդում տանտերերի խաղն այդքան էլ լավ չէր ստացվում, ինչի արդյունքում 80-րդ րոպեին «Սելթիկը» կրկնապատկեց հաշիվը:

Անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում արագ կողմնորոշվեց Ջեյմս Ֆորեսթը ու դարձավ գոլի հեղինակ: 90-րդ րոպեին էլ հաշիվը դարձավ 3:0: Գոլով աչքի ընկավ Մաքգրեգորը:

Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:0 հաշվով: «Ալաշկերտը» փորձեց պայքարել, նույնիսկ ուներ գոլային պահեր, սակայն մրցակցի բարձր կարգը իր խոսքն ասեց, ինչի արդյունքում պատասխան խաղը կկրի ձևական բնույթ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական․ Կրիշտիանո Ռոնալդուն հեռացավ «Ռեալ»-ից’
Հաջորդ հոդվածը‘ Մունդիալ-2018. Ֆրանսիան հաղթեց Բելգիային և անցավ եզրափակիչ (տեսանյութ)’