‘ԱԼԴԵ-ն հպարտ է Հայաստանին անկախություն ու ժողովրդավարություն բերող ուժի հետ իր կապով’

2208

Հայաստանը շատ կարեւոր երկիր է ԱԼԴԵ-ի համար, եւ այդ առումով շատ կարեւոր է համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ, որը Հայաստանին անկախություն եւ ժողովրդավարություն բերող ուժն է: Կոնգրեսի գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանում այցով գտնվող ԱԼԴԵ փոխնախագահ Հենրիկ Մորթենսենը նշեց, որ ՀԱԿ-ի հետ եվրոպական լիբերալ-դեմոկրատների կառույցի կապերը շատ լուրջ են եւ երկար պատմություն ունեն:

Եվրոպացի գործիչը նշեց, որ ինչպես միշտ քաղաքականությունում, լինում են լավ օրեր եւ դժվար օրեր: ԱԼԴԵ-ն այժմ եվրոպական քաղաքական երրորդ ամենախոշոր ուժն է, որը վերջին շրջանում փոքր-ինչ զիջել է դիրքերը: Սակայն Մորթենսենը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին լիբերալները կվերանվաճեն իրենց դիրքերը:

Ներկայումս մի քանի ազատական եվրոպական կուսակցություններ իրենց երկրներում իշխանության են: Օրինակ՝ Դանիայում կա երկու ազատական կուսակցություն, որոնցից մեկը երկար տարիներ իշխանության գլխին է:

«Մեզ համար կարեւոր է ունենալ գործընկերներ ԵՄ-ից դուրս, եւ այս առումով Հայաստանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, եւ այդ առումով շատ կարեւոր է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, որը Հայաստանին անկախություն եւ ժողովրդավարություն բերող ուժ էր: Մենք դա հպարտությամբ ենք նշում», — ասաց Մորթենսենը:

 Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին հիշեցրեց, որ ՀԱԿ-ը եվրոպական լիբերալների կուսակցության լիիրավ անդամ է, ընդ որում, միակը հայաստանյան քաղաքական ուժերից, որ լիիրրավ անդամակցում է եվրոպական որեւէ կուսակցության: Ըստ Մանուկյանի, ԱԼԴԵ-ն առաջինն էր, որ Մարտի 1-ի արյունահեղությունից հետո եվրոպական կառույցներում բարձրաձայնեց դրա մասին եւ երկար ժամանակ Կոնգրեսի հետ համերաշխ հնչեցնում էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը:

Նախորդ հոդվածը‘Express. Նեյմարը «Ռեալ»-ից կրած պարտության մեջ մեղադրել է Էմերիին’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողի բարեկամները ծեծել են «Ռոմանոյի» փոխդեկանին — Շամշյան’