Ալիք Մեդիա. Պատմական մի զուգահեռ՝ հակառակ նշանով. Աշոտ Սարգսյան

1112

Ն. Փաշինյանը սիրում է իրեն համեմատել պատմական նշանավոր անհատների հետ։ Հայոց պատմությամբ չբավարարվելով, նա արդեն մի քանի անգամ զուգահեռներ է տարել իր եւ… Քրիստոսի միջեւ։

Պատահում է, որ ժամանակակից իրադարձություններ, դեպքեր ու դեմքեր արտաքուստ կամ նաեւ էությամբ ու բովանդակությամբ հիշեցնում են պատմական անցյալի որեւէ դրվագ. կապ չունի` դրական, թե բացասական։

5-րդ դարի մեր հրաշալի պատմիչներից մեկը՝ Փավստոս Բուզանդը, պատմական իրադարձությունների հիմքով լեգենդի վերածված գեղեցիկ մի պատմություն է ավանդում Հայոց Արշակ Երկրորդ թագավորի մասին։

Վաղուց ի վեր Իրանում եւ Հայաստանում իշխում էր նույն՝ պարթեւ Արշակունի արքայատոհմը՝ Իրանում ունենալով Առաջին գահը, Հայաստանում՝ Երկրորդ։ 224 թ. կարեւոր իրադարձություն է տեղի ունենում. պարսկական մի այլ տոհմ՝ Սասանյանները պարտության են մատնում իշխող Պարթեւ Արշակունիներին եւ հաստատում նոր՝ Սասանյան դինաստիայի իշխանությունը։

Հայաստանի Արշակունի թագավորները ոչ մի կերպ չեն հաշտվում տեղի ունեցածի հետ եւ երկարամյա պատերազմներով ամեն կերպ փորձում են վերականգնել իրենց ազգակիցների իշխանությունը։ Ըստ Բուզանդի՝ շուրջ 30 տարի այդ պատերազմները վարում է Արշակ Երկրորդ Հայոց թագավորը։

Պարսից Շապուհ թագավորին ինչ-որ կերպ հաջողվում է իր մոտ կանչել Արշակին՝ խաղաղություն կնքելու։ Արշակը ընդունում է բոլոր պայմանները։ Շապուհը, այնուամենայնիվ, նրան չի վստահում եւ «վհուկների, աստղահմաների եւ քավդյաների» խորհրդով որոշում է նրան փորձել հետեւյալ կերպ։ Իր պալատի ճեմասրահի կեսը ծածկում են Հայաստանից բերած հողով, մյուս կեսը թողնելով բնական-պարսկականը։ Հերթական զրույցի ժամանակ ճեմասրահի պարսկական մասում քայլելիս Արշակը խեղճացած իր հավատարմությունն է հայտնում եւ խոստովանում իր հանցանքները, հայկական հողի վրա անցնելիս՝ սկսում է հոխորտալ եւ սպառնալ Շապուհին խլել նրա գահը։ Շապուհն այս «փորձը» կրկնում է մի քանի անգամ, եւ ամեն անգամ արդյունքը նույնն է. Արշակը խրոխտ է, սպառնալի՝ ճեմասրահի հայկական հողով ծածկված մասի վրա, եւ ընկճված, խեղճացած ու աղերսող՝ պարսկական մասում քայլելիս։

Այս պատմության ՁԵՒԱԿԱՆ զուգահեռը այսօր ունենք ի դեմս Ն. Փաշինյանի պահվածքի, սակայն, ինչպես ասում են` «հակառակ» նշանով, այսինքն՝ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ առումով գեղեցիկ այս պատմության ճիշտ հակառակը։ Այդպես նա վիզը ծուռ, կմկմացող խոսքով, խեղճացած, արհամարհված, ողորմելի, մի կողմ քաշված վիճակում է դրսում (նման տասնյակ տեսանյութերով ու լուսանկարներով լի է համացանցը)։ Հայաստանում նա իրեն պահում է ճիշտ հակառակը՝ «առյուծ է կտրում», հոխորտում է, սպառնում «ասֆալտին փռել», «պատերին ծեփել»։ Եթե հայկական հողի վրա Արշակի հոխորտանքի առարկան նույն պարսիկներն են, ում դեմ նա քիչ առաջ խոնարհվում էր, Փաշինյանի հոխորտանքի առարկան, թիրախը ոչ թե նրանք են, ում առջեւ դրսում քիչ առաջ վիզ էր ծռել, այլ Հայաստանի ներսում է՝ սեփական ժաղովուրդը։

Այնպես որ՝ ներկայացվող այս պատմության մեջ եթե Արշակի պահվածքը հերոսական է, հուզիչ ու հմայիչ, ապա դրան ձեւական նմանությամբ զուգահեռվող, արտաքին նմանություն ունեցող Ն. Փաշինյանի պահվածքը ընդհակառակն է՝ ողորմելի եւ արգահատելի։

***

Ստորեւ, արդեն միայն որպես հաճելի ընթերցանության նյութ, ընթերցողին ներկայացնենք Բուզանդի հրաշալի այս պատմությունը, որ արվեստի եւ գրականության բազմաթիվ գործիչների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել (քաղում ենք հետեւյալ հրատարակությունից. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, թարգմանությունը, ներածությունը եւ ծանոթագրությունները Ստ. Մալխասյանցի, Երեւան, 1947, էջ 215-218).

«Ապա Պարսից Շապուհ թագավորը կանչում է վհուկներին, աստղահմաներին ու քավյաներին, նրանց հետ խոսում է եւ աում.«Ես շատ անգամ կամեցա սիրել Հայոց Արշակ թագավորին, բայց նա ինձ միշտ անարգեց։ Ես նրա հետ խաղաղության դաշն կապեցի, եւ նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր (սրբության) վրա, որին ավետարան են ասում. նա այն երդումը ստեց։ Ես բյուր բարիքներ կամեցա նրան անել՝ ինչպես հայրը որդու, իսկ նա բարիքի դեմ չարիք ինձ հատուց։ Ես Տիսբոն քաղաքի եկեղեցու երեցներին կանչեցի, կարծելով, թե նրանք նենգությամբ նրան երդվեցրին եւ ստել տվին։ Երբ ես նրանց նախատում էի ինչպես մահապարտներին՝ ինձ ասաց նրանց գլխավորը, Մարի երեցը. «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը ստեց՝ ապա նույն ավետարանը նրան էլի ձեր ոտքը կբերե»։ Ես նրանց չլսեցի, եւ հրամայեցի նրանց — յոթանասուն մարդու շլինքները կտրել մի գբի մեջ, իսկ նրանց հավատակիցներին հրամայեցի սրի քաշել։ Այն ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, որ եւ նրանց քրիստոնեական կրոնի գլխավոր (գիրքն) է՝ շղթաներով կապեցի եւ այսպես մնում է իմ գանձարանում։ Բայց իմ միտքս եկան Մարի երեցի խոսքերը. հիշեցի որ նա ասում էր. «Մեզ մի՛ սպանիր. ես գիտեմ որ նույն ավետարանը Արշակ թագավորին կբերե, քո առաջ ծունկ կչոքեցնե»։ Ահա նրա ասած խոսքերն հիրավի կատարվեցին։ Որովհետեւ Հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է որ Արյաց հետ պատերազմ է մղում, եւ ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտով ելել եկել է ինձ մոտ։ Բայց եթե գիտենայի, թե այսուհետեւ նա ինձ հետ դաշնը կպահե, հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կարձակեի, որ գնա իր աշխարհը»։

Քավդյաները նրան պատասխան տվին եւ ասացին. «Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք»։ Հաջորդ օրը բոլոր քավդյաներն ու աստղահմաները ժողովվեցին եկան եւ ասացին թագավորին. «Հիմա որ Հայոց Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ինչպե՞ս է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում կամ ինչպե՞ս է իրեն պահում»։ Թագավորն ասաց. «Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից. ուզում է իմ ոտքի հողը դառնալ»։ Նրանք ասացին թագավորին. «Ա՛ռ արա՛ ինչ որ քեզ ասում ենք. նրանց այստեղ պահիր, մարդ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից, Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող եւ մի ամանով ջուր։ Հետո հրամայիր, որ քո խորանի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, ապա դու ինքդ Հայոց Արշակ թագավորի ձեռքից բռնած նախ տա՛ր խորանի այն տեղը, որտեղ բնական գետին է, եւ նրան հարցմունքներ արա։ Հետո նրա ձեռքերը բռնած հայկական հող շաղ տված տեղը տար եւ լսի՛ր թե ի՛նչ կխոսի, եւ այն ժամանակ կգիտենաս, թե երբ նրան արձակելու լինիս Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահե՞ թե ոչ։ Որովհետեւ եթե հայկական հողի վրա խիստ լեզվով խոսի՝ իմացի՛ր, որ Հայոց աշխարհը հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնե, նույն պատերազմը կնորոգե քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունը կշարունակե»։

Պարսից թագավորը քավդյացիներից այս լսելով՝ մարդիկ ուղարկեց Հայաստան տաճիկ ուղտերով հողի եւ ջրի, որ գնան այդ հմայության նյութերը բերեն։ Քիչ օրերից հետո եկան ու բերին ինչի համար որ ուղարկված էին։ Ապա Շապուհ թագավորը հրաման էր տալիս՝ իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը եւ վրայից ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով։ Եվ Հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ եւ մյուս մարդկանց հրամայեց հեռանալ, եւ նրա ձեռքիցը բռնած ճեմելով շրջում էր։ Խորանում երթեւեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա՝ ասաց նրան. «Արշակ թագավոր Հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, իսկ դու իմ դեմ խստացար, ինքդ քեզանից, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար եւ ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցար»։

Արշակ թագավորը ասում է. «Մեղանչեցի եւ հանցավոր եմ քո առաջ. որովհետեւ ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի եւ հույս ունեի քեզանից կյանքի պարգեւ ստանալու. բայց իմ թշնամիները ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին եւ փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի՝ ինձ քո առաջը բերեց, ես հիմա քո առաջն եմ, քո ծառադ քո ձեռքի տակ եմ. ինչպես ուզում ես՝ վարվիր ինձ հետ, եթե կամենում ես՝ սպանիր, որովհետեւ ես, քո ծառադ, շատ հանցավոր եմ քո առաջ, մահապարտ եմ»։

Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով եւ, իբրեւ միամտաբար, բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում՝ սաստիկ ըմբոստանալով հպարտանալով լեզուն փոխում էր, սկսում էր խոսել եւ ասել. «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, եւ ես չեմ ների քեզ եւ քո որդոց իմ նախնիների վրեժը եւ Արտավան թագավորի մահը։ Որովհետեւ այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչեւ դարձյալ մենք մեր տեղը չգրավենք»։ (Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ (Արշակը) զղջում էր ասածների վրա, խոնարհում էր, նրա ոտներն էր ընկնում սաստիկ ափսոսում զղջում էր ասածների վրա։ Իսկ երբ ձեռքիցը բռնած տանում էր հայկական հողի վրա՝ առաջինից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից՝ սկսում էր խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչեւ երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում՝ (Արշակը) խստանում ամբարտավանում էր, իսկ խորանի բնական հողի վրա լալիս էր, զղջում արտահայտում։

Երբ երեկո եղավ, Պարսից թագավորի ընթրիքի ժամը հասավ — սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում միեւնույն տախտի վրա, իրար մոտ. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա — իսկ այդ օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմելու տեղերը, եւ ամենից վերջը, բոլորից ներքեւ, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերին բազմեցրին Արշակին։ Նա մի կարճ ժամանակ բազմեց մնաց մռութները կախած. հետո ոտի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմս է այդ տեղը, որտեղ դու բազմել ես. վեր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմիմ, որովհետեւ մեր (Արշակունյաց) ազգի տեղն այդ է եղել. իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ՝ քեզանից մեծ վրեժներ կպահանջեմ»։ Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը հրաման էր տալիս բերել երկաթե շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, եւ կապած պահել այնտեղ մինչեւ մեռնի»։

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըՄոդի․ Իրավիճակն Աֆղանստանում ազդում է ՇՀԿ երկրների անվտանգության վրա
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. «Գործ տվող» է աշխատում ըմբոստների դեմ