Լիզա Ճաղարյան. «Գործ տվող» է աշխատում ըմբոստների դեմ

1523

Ի՞նչ է ուզում ապացուցել Նիկոլ Փաշինյանը` ժամանակ առ ժամանակ ընտանյոք հանդերձ Երեւանում «ազատ» զբոսնելով։

Միանգամից ասեմ, որ ոչ ոք Հայաստանում (եթե անմեղսունակ չի) չի հավատում, որ վարչապետական ընտանիքի բեմադրած ժողթատրոնի մակարդակի այս թամաշաներին տարբեր անկյուններից ակնապիշ չի հետեւում «մեծարգոյի» թիկնապահների «հզոր բանակը», գումարած` ոստիկանները եւ, այսպես կոչված` պարեկները։

Բայց մի պահ անմեղսունակ ձեւանանք եւ ասենք, որ հավատում ենք։ Հավատում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երջանկությունից ճառագող տիկինը զբոսնում են առանց թիկնապահների ու ոստիկանների խստագույն հսկողության։

Ի՞նչ է ուզում ապացուցել իր այս անտերուդուս զբոսանքներով մի մարդ, որի իշխանության շրջանում Հայաստանն ու Արցախը այնպիսի հարվածներ են ստացել, այնպիսի մարդկային անգին կորուստներ են ունեցել, որ մեկ հարյուրամյակն էլ քիչ է թվում` այդ արնածոր վերքերը սպիացնելու համար։ Եվ` մի քանի տեղից փշրված ողնաշարն ուղղելու համար։

Ուզում է ասել, որ ինքն այնպիսի պարգեւ է Հայաստանի քաղաքացիների համար, որ առավոտյան արթնանալուց հետո եւ գիշերը քնելուց առաջ բոլորս մեկ մարդու պես փառք ենք տալիս Աստծուն, որ մեզ այսպիսի պատուհա՞ս… ներեցեք` փրկի՞չ է ուղարկել։

Այսինքն, այս մարդն` իր երջանկությունից հալվող-մաշվող տիկնոջ հետ որոշել են, որ Հայաստանի քաղաքացիները հավի հիշողությո՞ւն ունեն ու արդեն մոռացել են այն հազարավոր պատանիներին ու երիտասարդներին, որ 44 օրվա ընթացքում սպանվեցին պատերազմի դաշտում, որ հազարավորները վերադարձան կեսմարդ դարձած, որ հարյուրավոր գերիներ ունենք Ադրբեջանում, որոնց ճակատագիրը նույնքան անորոշ է, որքան Հայաստանի ապագան։ Որ Ադրբեջանը օրը ցերեկով գրավել է ինքնիշխան Հայաստանի բոլոր բարձունքները, եւ ուզենա` ավելի շատ առաջ կգա, չուզենա` չի գա։ Որ մեր պետության, այսպես կոչված` ղեկավարը դրսում իրեն պահում է Թումանյանի Գիքորի պես, ու ամեն անգամ Հայաստանի քաղաքացիներս ամոթից ու նվաստացման զգացումից կծկվում` մի բուռ ենք դառնում։ Որ «ժողովրդական բաստիոնի» մասին ճամարտակող ՔՊ-ականները մինչ օրս աչքի են ընկել միայն մարդու դեմքին թքելու, կճղակահարելու, «ականջ կտրելու» վարպետությամբ։ Որ չկա մի պետական կառույց, որ իր կամակատարներին նշանակելով` պարոն «մեծ ժողովրդավարը» վարկաբեկած չլինի այնքան, որ, օրինակ, սարսափահար մտածես` բոլոր իշխանությունների օրոք մենք երբեք այսպիսի անդեմ օմբուդսմեն չենք ունեցել։

Եվ սա բոլոր պետական ինստիտուտներին է վերաբերում։

Որ ՀՀ քննչականի պետը քաղաքացիներին խոշտանգում է եւ անպատիժ շարունակում պաշտոնավարել։

Որ …

Որ …

Կարող եմ շարունակել ու շարունակել, բայց այսքանով բավարարվենք։

Եզրակացությունը մեկն է. Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ չի եւ հիանալի գիտակցում է, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ ատում են իրեն` սկսած «իր շնորհիվ» իշխանությունը կորցնողներից, Արցախի կորստի հետ չհաշտվողներից, վերջացրած որդեկորույս բազմաթիվ ծնողներով։

Ուրեմն, ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանների սիրատոչոր ընտանիքը` ժամանակ առ ժամանակ փողոցային սեանսներ տալով, հիանալի հասկանալով, որ այդ էժանագին ցուցքերն անվտանգ չեն։

Բացի այն ակնհայտ իրողությունից, որ իր հրեշավոր սխալներն արդարացնելու համար Փաշինյան Նիկոլն այնպես է ստի ու կեղծիքի մեջ թաղվել մինչեւ կոկորդը, որ արդեն դա իր բնական կենսակերպն է դարձել, եւ այդ «առանց թիկնապահ» զբոսանքն էլ այդ ստի ու կեղծիքի մետաստազներից մեկն է, նաեւ աստիճանաբար շատերի, նաեւ` իմ մեջ արմատանում է այն կասկածը, որ այս մարդն այս ճանապարհով չեզոքացնում է «վտանգավորներին»։

Դե, ամեն մեկը փողոցում չի համարձակվի մոտենալ «մեծարգոյին» եւ ուղիղ ճակատին ասել այն ամենն, ինչ մտածում է նրա մասին։

Համարձակվեցի՞ր… Մեկ էլ «անսպասելի» եսիմ որտեղից հայտնվում են ոստիկաններն ու ձեռքերդ ոլորելով տանում փակում վանդակում, ինչն արեցին օրերս Վարուժան Ավետիսյանի որդու հետ։

Ահա՛ այսպես Նիկոլը երկու հարց է լուծում. առաջինը` բանտախցում փակել է տալիս անկանխատեսելի քայլերի ունակ մարդկանց, երկրորդը` մնացած անկանխատեսելիներն ազգակործան պատուհասի դեմքին իրենց մտածածն ասելուց առաջ սկսում են հիշել, թե նախորդն այդ պահին որտեղ է գտնվում…

Փաստորեն, կոպիտ ասած` Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան փողոցային սեանսներով նաեւ «գործ է տալիս» ոստիկանությանը` վարչապետին ատողների դեմ։

Նախորդ հոդվածըԱլիք Մեդիա. Պատմական մի զուգահեռ՝ հակառակ նշանով. Աշոտ Սարգսյան
Հաջորդ հոդվածըԱմերիկյան դիվանագետները՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին