‘Ալումյան. Թո՛ղ Սուրիկ Խաչատրյանը մտածի իր որդու արյան մեջ հայտնաբերված թմրամիջոցի մասին’

1234

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, հայտարարել էր, որ Ավետիք Բուդաղյանը 2013-ի հունիսի 1-ին այնքան խմիչք էր ընդունել, որ կարող էր հենց դրա հետեւանքով մահանալ:

Հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից, ով նշեց, որ եւ՛ Սուրիկ Խաչատրյանը, եւ՛ Ավետիք Բուդաղյանը վերադառնում էին խնջույքից, եւ ոչ մի զարմանալի բան չկա, որ Ավետիք Բուդաղյանի արյան մեջ առկա էր որոշակի չափով արկոհոլ: «Երեւի ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ խնջույքի ընթացքում օգտագործում է ոգելիք խմիչք: Այստեղ որեւէ զարմանալի բան գոյություն չունի, եւ պետք չէ սենսացիա փնտրել: Ուրիշ բան՝ թո՛ղ Սուրիկ Խաչատրյանը մտածի այն մասին, որ իր որդու արյան մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի հետքեր, ինչի մասին ավելի մանրամասն կարելի կլիներ իր հետ զրուցել: Թմրամիջոցի առկայությունը հաստատվել է քրեական գործի մեջ առկա փորձագետի եզրակացությամբ »,- հավելեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, մեղադրվում էին 2013թ.հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:

Նախորդ հոդվածը‘Ռուսական մամուլ. Յանուկովիչը հոսպիտալացվել է սրտի կաթվածով’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. Միլանը չի վաճառվում’