‘Ախմախություն առանց սահմանների. Ս.Սարգսյանի հակասահմանադրական ելույթը ‘

3198

ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք անհեթեթություններ է ասել (այդ օրն իր իսկ օգտագործած տերմինաբանությամբ՝ ախմախություններ է հնչեցրել), բայց դրանցից մեկն առավել աչք է ծակում իր սկանդալային բովանդակությամբ:

Այդ հայտարարությունը կարելի է համարել հերթական ապացույցն այն բանի, որ Սերժ Սարգսյանը որեւէ պատկերացում չունի ոչ պետականության մասին, ոչ այն մասին, թե որոնք են իշխանությունների ֆունկցիաները, ոչ էլ այն մասին, թե որն է իր՝ որպես «նախագահի» ֆունկցիաները: Ընդ որում, խոսքը ոչ թե լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ իշխանության կամ նախագահի մասին է, այլ այդ պաշտոնը զբաղեցնող անձի՝ օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված ֆունկցիաների մասին: Եթե Սերժ Սարգսյանը գեթ մի կաթիլ պատկերացում ունենար, թե ընդհանրապես ինչ կարող է ինքն անել, եւ ինչ` չի կարող, ինչ պետք է ինքն անի եւ ինչ` չպետք է անի, ապա նման հայտարարություններ չէր անի:

Այսպես, խոսելով գազի գնի եւ ՀայՌուսԳազԱրդի հայկական կողմի վերջին 20 տոկոսի վաճառքի մասին՝ Սարգսյանը հայտարարել է.

«Որեւէ մեկը, էդ որ տարբեր հարթակներում խոսում են՝ ԱԺից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան, ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ՝ թող գնա անի, թող բերի, եւ ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ: Բայց կա՞ էդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ ա»:

Սա Սերժ Սարգսյանի հայտարարության բառացի մեջբերումն է. դիտել տեսանյութը՝ 25:50-րդ րոպեից:

Հիմա հասկանանք՝ ինչ է ասում Սարգսյանը: Եթե մի կողմ թողնենք խոսքի դեմագոգիան եւ փորձենք իրավական ու քաղաքական տեսանկյունից նայել տեքստը, ապա կտեսնենք աբսուրդի մի ամբողջ փաթեթ:

Տարբերակ Ա

Սարգսյանը գազի գործարքը քննադատողներին առաջարկում է գնալ եւ բանակցել ռուսական կողմի հետ, եւ եթե ավելի լավ պայմաններով (հայկական կողմի համար) բանակցություններ վարվեն, ապա ինքը չեղյալ կհայտարարի նախորդ պայմանագիրը, որն ինքն արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ, եւ որը նորից ինքը՝ օրենքի խախտմամբ «վավերացնել» է տվել ԱԺ-ին՝ չնայած ոչ իշխանական խմբակցությունների ընդդիմացմանը:

Եթե Սերժ Սարգսյանը պատկերացում ունենար, թե ինչ ասել է պետականություն, ապա երբեք նման բան բարձրաձայն չէր ասի: Ինչո՞ւ: Շատ պարզ, որովհետեւ Հայաստան պետության անունից կարող են բանակցություններ վարել, պայմանագրեր կնքել միայն իշխանության ներկայացուցիչները: Պետական իշխանությամբ չօժտված ոչ մի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչ ՉԻ ԿԱՐՈՂ  որեւէ պետության անունից բանակցություններ վարել եւ պայմանագրեր կնքել: (Բացառությամբ, իհարկե, առանձին դեպքերի, երբ միջազգային հանրությունը կամ առանձին պետություններ չեն ճանաչում տվյալ պետության իշխանության լեգիտիմությունը եւ բանակցություններ են վարում ընդդիմության կամ ապստամբների հետ, ինչպես օրինակ՝ այսօր Սիրիայում):   

ՉԻ ԿԱՐՈՂ, որովհետեւ ոչ մի օրինական, իրավական լիազորություն ուղղակի չունի: Անխոս, մեզանից ցանկացած մեկը կարող է հասնել Մոսկվա, մտնել Գազպրոմ եւ հայտարարել, որ ցանկանում է բանակցություններ վարել Հայաստանի անունից՝ գազի գնի կամ ՀայՌուսԳազԱրդի վաճառքի շուրջ, բայց լավագույնը` ինչ մեզ հետ տեղի կունենա, այն է, որ մեզ ուղղակի դուրս կհրավիրեն շենքից:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունը բառացիորեն ասում է, որ Հայաստանի նախագահը

«…ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: 

…Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին»:

Այսինքն, Սահմանադրությունը շատ հստակ սահմանում է նախագահի (տվյալ դեպքում չենք քննարկում լեգիտիմության հարցը) գործառույթները: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը եւ իր կողմից նշանակված կառավարությունն ունեն բանակցություն վարելու լիազորություններ` մեկ, եւ երկրորդ՝ նաեւ սահմանում է ամբողջ իշխանության՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի, պատասխանատվությունը, որեւէ նախարարի կամ վարչապետի կողմից վարվող բանակցության, դրա արդյունքում կնքված պայմանագրերի համար:  

Ավելին, Սահմանադրությունը չի սահմանում՝ իշխանություն չունեցող որեւէ անձի կողմից ինքնագլուխ բանակցությունների վարումն ու միջազգային փաստաթղթերի կնքումը՝ Հայաստանի անունից: Տվյալ դեպքում, Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական առումով անհեթեթություններ է ասում, այլեւ՝ հակասահմանադրական հայտարարություններ է անում:

Տարբերակ Բ

Անխոս, եթե որեւէ քաղաքական ուժ քաղաքական մեծամասնություն է եւ ունի իշխանություն, դա դեռ չի բացառում այն տարբերակը, որ իշխանության մաս կարող են կազմել նաեւ այլ քաղաքական ուժեր (օրինակ՝ կոալիցիա կազմելով կամ առանց դրա) եւ առանձին քաղաքական գործիչներ: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին «դատարկ դհոլ» գնահատականին արժանացած Արտաշես Գեղամյանը (եւ ոչ միայն նա) առանձին կուսակցության ղեկավար է, բայց ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել՝ միաժամանակ մնալով որպես առանձին «կուսակցության» ղեկավար:
Եթե Սերժ Սարգսյանն ունենար որեւէ անձի բանակցություններ վարելու լիազորությամբ օժտելու ցանկություն, ապա մինչեւ բանակցությունների սկիզբը կարող էր համապատասխան լիազորություններով եւ իշխանությամբ օժտել այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչին, որպեսզի վերջինս գազի հարցով բանակցություններ վարեր ռուսական կողմի հետ:

Տեսականորեն սա հնարավոր տարբերակ էր: Բայց Սարգսյանն` իր թիմի հետ վարել է բոլոր բանակցությունները, դրանք գաղտնի է պահել հասարակությունից, ստել է՝ հայտարարելով, թե գազը չի թանկացել, հետո հանրությանը կանգնեցրել է փաստի առաջ՝ ասելով, թե Հայաստանը գազի համար երեք տարվա պարտք  է կուտակել, ստորագրել է հայկական բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրեր, դրանք ապօրինաբար վավերացնել է տվել Խորհրդարանում, եւ պոստ ֆակտում եկել ու հայտարարում է. «Եթե կարող եք, գնացեք ավելի լավ պայմաններով բանակցեք, եւ ես այդ պայմանագրերը չեղյալ կհայտարարեմ»:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` քաղաքական մառազմ: Դրանից բացի, Սարգսյանը չի ասում. «Ես տալիս եմ այդ լիազորությունը, գնացեք՝ բանակցեք»:  Քաղաքական առումով անգամ սա անհեթեթություն կլիներ, քանի որ հայտարարությունն արվում է պոստֆակտում, այդուհանդերձ, իրավական առումով ինչ-որ կերպ դեռ կարելի էր պատկերացնել այդ գործընթացը: Բայց Սարգսյանն առաջարկում է ուղղակի գնալ ու բանակցել՝ առանց նշելու լիազորությունների հանգամանքը: Ի՞նչ անուն կարելի է տալ նման հայտարարությանը, եթե ոչ այն նույն բառով, որը Սարգսյանը սիրով օգտագործում էր ԵԿՄ համագումարում: «Մենք հո ախմախ չե՞նք…»,- ասում էր Սարգսյանը: Հարց՝ բա ի՞նչ եք:

Հ.Գ. Սերժ Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը որեւէ կապ չունի ո՛չ պետականության հետ, ո՛չ քաղաքականության հետ: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար պրոբլեմ է ոչ միայն այն պատճառով, որ նախագահի աթոռը բռնազավթել է ապօրինաբար՝ ընտրակեղծիքներով, սպանություններով ու բռնաճնշումներով, այլ նաեւ այն պատճառով, որ այդ աթոռին հայտնվելուց հետո էլ՝ Սարգսյանը պատկերացում չունի, թե ինչի համար է նախատեսված այդ աթոռը, ինչ պետք է անի այդ աթոռին նստած անձը:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Եղանակն ընդդեմ օլիմպիական խաղերի. Որոշ մրցումներ տեղափոխվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ’