‘Ահազանգում է ՄԻՊ-ը .Սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը’

899

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին, հայտնում են ՄԻՊ մամլո ծառայությունից: Մինչդեռ կառավարության կողմից հաստատված որոշմամբ՝ կա հստակ պահանջ, համաձայն որի՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել  պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։  Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ՝ պահեստազոր արձակվելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան պաշտպանության նախարարությանը  բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված  պաշտոնատար անձանց։

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ. Մինսկի խմբի առաջարկներն ընդունելիս Հայաստանը պետք է խաղաղության մեծ պայմանագիր ստորագրի’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» հարձակվողը թիմակցին գեյ է անվանել’