‘Ահա և ամբողջ վիճակագրությունը. «ՉԻ»’

1080

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են:

«ՉԻ» — Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում:

Փաստորեն՝ եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է:

Ի դեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է: Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում: Կյանքում գլխի չեք ընկնի: Կիպրո՛սը: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև օֆշորային գոտի է:

Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ: Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» ու հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում: Ե՛վ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, և՛ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»: Ահա և ամբողջ վիճակագրությունը»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնավարման վերջին օրը Բուլկի Արամը ինքն իրեն մեդալով է պարգևատրել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երթևեկությունը վերականգնված է’