‘Ահմեդ Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու համար հարկավոր է վերջ տալ «ադրբեջանական հողերի օկուպացիային»’

1307

Պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով «Անադոլու» գործակալությանը, այս մասին իր Շվեյցարիա կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների` Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների 4-րդ տարեդարձի վերաբերյալ հարցին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Դրա համար պետք է լուծվեն Հարավային Կովկասում առկա պրոբլեմները, և հատկապես՝ ղարաբաղյան պրոբլեմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես հաև անհրաժեշտ է վերջ տալ ադրբեջանական հողերի օկուպացիային»,-ընդգծել է նա:

Նախարարը Շվեյցարիային շնորհակալություն է հայտնել այդ հարցում ցուցաբերած աջակցության համար: «4 տարի առաջ մենք լուրջ փորձեր կատարեցինք արձանագրությունների հաջող իրականացման ուղղությամբ: Հուսով ենք, որ այդ արձանագրությունները դեռ չեն կորցրել իրենց արդիականությունը: Բայց Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո այդ արձանագրությունները չհաջողվեց իրականացնել: Առաջիկայում մենք կուժեղացնենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման դեպքում, բնական է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններին զուգահեռ, կլուծվեն բազմաթիվ՝ արդեն նշված պրոբլեմները»,-եզրափակել է Դավութօղլուն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ղարաբաղը փուռը տալուն ընդառաջ, կամ երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում’
Հաջորդ հոդվածը‘Երևան քաղաքի դատախազ է նշանակվել Ա.Դավթյանը’