‘Խմբագրական. Ղարաբաղը փուռը տալուն ընդառաջ, կամ երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում’

3335

Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Սերժ Սարգսյանի թեկնածու Իլհամ Ալիևը «շռնդալից» հաղթանակ տարավ սեփական ժողովրդի նկատմամբ և նրա վրա կիշխի ևս մեկ նախագահական ժամկետ: Ալիևի ընտրությամբ ավարտվեցին ընտրական ցիկլերը Հայաստանում և Ադրբեջանում: Այս ցիկլերով էր, մասնավորապես, պայմանավորված ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընդհատումը: Կազանում ՌԴ այն ժամանակվա նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումից ի վեր՝ արդեն շուրջ երկու տարի, ըստ էության, բանակցություններ չկային. ժամանակ առ ժամանակ քաղաքավարական հանդիպումներ էին տեղի ունենում՝ բանակցային պատրանքը կենդանի թողնելու համար: Բայց հիմա ներքին հարցերն ավարտվել են, և վստահաբար կարելի է պնդել, որ առաջիկայում միջազգային հանրությունը նոր թափով կլծվի այս խնդրի լուծման համար կողմերին սեղանի շուրջ նստեցնելու գործին:

Նախ՝ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Կազանում: Սերժ Սարգսյանը տվեց իր համաձայնությունը առաջարկված փաստաթղթին՝ որպես բանակցությունների հիմք: Փաստաթղթով սահմանվում էր, որ խնդրի լուծումը տեղի է ունենալու ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ: Իսկ նման համադրությամբ միակ լուծումը կարող է լինել  Ղարաբաղի ինքնորոշումը Արդբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Ադրբեջանն  ագրեսիվ գտնվեց՝ թերևս համարելով, որ կարող է ստանալ ավելին, և սեղանին դնելով 10-ից ավելի նոր առաջարկներ՝ ձախողեց համաձայնության կայացումը:

Անցել է երկու տարի: Հիմա, երբ նոր բանակցությունների «ալիքը» սարերի ետևում չէ, արժե հասկանալ թե ինչ պոտենցիալով է Հայաստանի անունից հանդես եկող Սերժ Սարգսյանը բանակցելու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում: Ի՞նչն է փոխվել այս երկու տարիների ընթացքում Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցության մեջ, միջազգային քաղաքական հարթությունում, Հայաստանի արտաքին քաղաքականությունում:

2011թ. Սերժ Սարգսյանը հրաշալի հարաբերությունների մեջ էր Եվրոպական Միության հետ: Նրանց համոզել էր, որ ստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Եվրաչինովնիկները, ինչպես նաև ազգային պետությունների և, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները, իրար հերթ չէին տալիս՝ գովերգելու Սերժ Սարգսյանին և նրա վարած քաղաքականությունը, թքած ունենալով երկրի ներսում իրականացվող հետապնդումների, քաղաքական ու տնտեսական հանցագործությունների վրա:

Երկու տարի առաջ անհամեմատ դրական էին հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Անվստահություն և լարվածություն չկար, ջերմ էին հարաբերությունները ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ: Ռուսաստանը նաև որևէ քայլ չէր անում, որ կհակասեր Հայաստանի ազգային շահերին:

Երկու տարի առաջ, այսօրվա համեմատ, առավել բարվոք էր Հայաստանի տնտեսական և ժողովրդագրական վիճակը: Երկու տարվա ընթացքում Հայաստանը լքել է շուրջ 150 հազար մարդ: Փակվել է մի քանի հազար փոքր և միջին բիզնես: Խոշորներից շատերը զբաղված են իրենց կապիտալը ապահով երկրներ, իսկ պետական պաշտոնյաները, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ՝ օֆշորային բանկեր տեղափոխելու հարցով:

2013թ. դրությամբ ունենք հետևյալ պատկերը: Սերժ Սարգսյանի շուլերային դիվանագիտությունը և Ռուսաստանի թիկունքում գործարքների գնալը ստիպեց Մոսկվային՝ նվաստացնելով իր դուռը բերել Սերժ Սարգսյանին և բարձրաձայնել տալ Մաքսային միություն մտնելու որոշման մասին՝ կոլլապսի ենթարկելով ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները և Հայաստան-ԵՄ հարաբերություններն ընդհանրապես: ԵՄ 27 երկիր «քցվեց»: Բառիս բուն իմաստով:

Նույն այս արկածախնդրական քաղաքականությունը խթան հանդիսացավ, որ էապես բարելավվեն Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, և որ Հայաստանի ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ գործընկեր Ռուսաստանը շուրջ 4 մլրդ դոլարի հարձակողական սպառազինության վաճառքի պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ: Մի բան, որ չէր եղել ղարաբաղյան հակամարտության սզբնավորումից ի վեր: Սրան գումարվեց նաև բազմամիլիարդանոց պայմանագրերի ստորագրումն էներգետիկ բնագավառում, որն Ադրբեջանին հսկայական միջոցներ կապահովի առաջիկա տասնամյակի, եթե ոչ տասնամյակների ընթացքում:

Այսինքն՝ 2011թ. կային խանդավառ հարաբերություններ ԵՄ-ի հետ, հիմա կա խորը անվստահություն և կատարյալ անորոշություն: Այդ թվում՝ նաև ԵՄ առանցքային անդամ, Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի հետ: Հարաբերությունների վատթարացումը, բնականաբար, իր ազդեցությունն է թողնելու նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, քանի որ Միացյալ Նահանգներն ամեն ինչով աջակցում էր ԵՄ ասոցացման գործընթացին:

2011թ. կային դրական հարաբերություններ Ռուսաստանի հետ, հիմա կա լարվածություն և նույնքան խորը անվստահություն: Մոսկվան ներկայումս Հայաստանի իշխանություններին դիտում է ոչ թե որպես վստահելի գործընկերոջ, այլ բարեկամության մասին հրապարակավ հնչեցված խոսքերի քողի տակ, իր թիկունքում Ռուսաստանի շահերի դեմ քաղաքականություն վարող միավորի:

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, չի վատթարացրել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, գլխից հայտարարել է, թե որ ոլորտներում կարող է համագործակցել, որոնցում՝ ոչ: Էապես բարելավել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և շարունակում է խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնել վերջինիս հետ:

Ահա ուժերի այսպիսի՝ է՛լ ավելի վատթար հարաբերակցությամբ Հայաստանի անունից Սերժ Սարգսյանը մի քանի ամսից (ամենայն հավանականությամբ՝ գարնանից սկսած) նստելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ: Նրան ոչ ոք բանի տեղ չի դնելու, որովհետև սեղանի շուրջ չի լինելու որևէ երկրի ներկայացուցիչ, ում հետ Սերժ Սարգսյանը փչացրած չլինի հարաբերությունները: Ով ատամ չունենա Սերժի վրա: Նստելու է ու հանգիստ խճով հերթական արկածախնդրությունն է բերելու հայ ժողովրդի գլխին:

Սա թույլ չտալու մեկ ձև կա: Հնարավորինս շուտ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Փողոց դուրս գալով: Մինչև ընտրությունները սպասելու ժամանակ չկա: Այլապես Ցեղասպանության ուրացումից, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ԵՄ հարաբերությունների էական վատթարացումից, երկիրը դատարկելուց հետո, մի «արևոտ» օր էլ նստելու ու արձանագրելու ենք, թե ինչպես Սերժ Սարգսյանը փուռը տվեց Ղարաբաղը, մեր նվիրական հաղթանակի արդյունքները և հայ ազգի արժանապատվության վերջին պաշարը: Երկիր ծախելը պոզով-պոչով չի լինում: Լինում է հենց էսպե՛ս:

Նախորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. «Ոսկե գնդակը» կշնորհեի Ռիբերիին’
Հաջորդ հոդվածը‘Ահմեդ Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու համար հարկավոր է վերջ տալ «ադրբեջանական հողերի օկուպացիային»’