‘Աղբյուր. Մի քանի թռչնաֆաբրիկաներում վտանգավոր ինֆեկցիա է տարածվել’

1153

Hetq.am-ի աղբյուրներն ահազանգում են, որ Հայաստանի մի քանի թռչնաֆաբրիկաներում տարածված է բրոնխային ինֆեկցիա հիվանդությունը, որի արդյունքում մեծ քանակով հավեր են սատկել: Որոշ սեփականատերեր շտապում են արագացնել հիվանդ թռչունների մորթը մինչեւ դրանց սատկելը: Անասնաբույժներն այս հիվանդությունը  շատ վտանգավորների շարքում չեն դասում, սակայն հայտնում են, որ նշված հիվանդությամբ վարակված թռչունների մսի ու ձվի ուղղակի վաճառքը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է արգելի, քանի որ այդ ինֆեկցիան օրգանիզմում թունավորում կարող է առաջացնել կամ իմունացվել: Այս հիվանդությամբ վարակված թռչնամիսը մասնագիտական տերմինաբանությամբ համարվում է «պայմանական պիտանի» եւ պետք է օգտագործվի միայն վերամշակման նպատակով:

Լրատվամիջոցն առայժմ ձեռնպահ է մնում թռչնաֆաբրիկաների անունները հրապարակելուց, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  աշխատակազմի պետի տեղակալ Դավիթ Ղուլյանը չի հաստատել եղած տեղեկությունները: Վերջինս հայտնել է, որ ծառայությունը նման ահազանգ չի ստացել, եւ ծառայության լաբորատորիան նշված թռչնաֆաբրիկաների հավի նմուշի փորձաքննություն չի իրականացրել: Ավելի ուշ պրն. Ղուլյանը հայտնել է, որ ահազանգից հետո ծառայության մարզային տեսուչներն այցելել են մատնանշված թռչնաֆաբրիակները, եւ նրանց ուսումնասիրությունը չի հաստատել ինֆեկցիայի առկայությունը:

Մինչդեռ «Հետք»-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ նշված երեք թռչնաֆաբրիկաներից երկուսում մեծ քանակով հավեր են սատկել եւ կարծես դրանով կանխված են համարում վարակի տարածումը: Թռչնաֆաբրիկաներից մեկում, որը վարակի տարածման սկզբնաղբյուրն է համարվում, ինֆեկցիան շարունակում է տարածվել, միաժամանակ ընկերությունը հավի մորթ է կատարում:

 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Կառլոս. Շատ մեծ սխալ կլինի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանել’
Հաջորդ հոդվածը‘Աննկարագրելիի անաչառ լրագրողներ ու անասելի անկաշառ քաղաքական, այսպես կոչված, գործիքներ, կներեք, գործիչներ, մի բան հիշեցնեմ… ‘