‘Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերը (տեսանայութ)’

2568

http://jfhr.am հրապարակել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը:
Կայքը գրում է.
«Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված՝ մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս՝ մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ: 
 
«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր-ինչ անգամ իրարից չեն  տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,- հայտարարեց փաստաբանը: 
 
Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին՝ Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը: 
 
Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է  Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների՝ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում և չի էլ իմացել, որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս: 
 
«Նախ՝ տրամաբանությունից զուրկ է մտածել,  որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է , որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն, որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը  հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես՝ Արտակ Բուդաղյանը, դեպքի առնչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ», պարզաբանում է Հայկ Ալումյանը: 
 
Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ, և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է  (Արտակի կինը ցուցմունքում  նշել է, որ կյանքում այդպիսի վատ տրամադրությամբ չէր տեսել Ավետիքին): Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել՝ ինչ է պատահել ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին: 
 
Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ դու ով ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ես եմ Սյունիքի մարզպետը, ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ: (Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում): Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:  
 
Արտակը, վիրավորված Ավետիքից, այնուամենայնիվ, որոշում է ճանապարհվել Ղարաբաղ` զգուշացնելով եղբորը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է գալ Ղարաբաղ, և այնտեղ խոսեն: Նա  դուրս է գալիս տանից՝ փորձելով հանդարտվել: Ավետիքը անհանգստացած սկսում է զանգել եղբորը, վերջինս, սակայն, դեռ վիրավորված ու նեղացած լինելով` չի պատասխանում եղբոր զանգերին: 
 
Ավետիքն անհանգստացած նստում է մեքենա և քշում դեպի Սուրիկ Խաչատրյանենց տան մոտ` մտածելով, որ եղբայրը գնացել է այնտեղ, սակայն պարզում է, որ, որ Արտակն այստեղ չէ: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես Ավետիքը մեքենայով մոտեցավ, տեսավ, որ եղբայրը չկա, մեքենայով մանևր է անում, որ հեռանա, և այդ ժամանակ արդեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները մոտենում են մեքենային և սկսում քաշքշել Ավետիքին: 
 
Իսկ Արտակն այդ ժամանակ ճանապարհվում էր Ղարաբաղ, ու նրա ճանապարհը Սուրիկ Խաչատրյանի տան հարևանությամբ, այդ ճանապարհին զուգահեռ է, և այդ ճանապարհով գնալիս տեսնում է,որ իրենց մեքենան էնտեղ է, ու ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Նա հասկանում է, որ Ավետիքն է: Անմիջապես շրջում է մեքենան ու գալիս դեպի  Սուրիկ Խաչատրյանի տան մոտ: 
 
Տեսանյութում երևում է, որ Արտակը գալիս է այն պահին, երբ Ավետիքին քաշքշում են: Ավետիքը կտրվում  է իրեն քաշքշողներից և մեքենայով կտրուկ փակում է Արտակի մեքենայի ճանապարհը: Տեսանյութում պարզ երևում է նաև, որ նույն մարդիկ նորից մոտենում են Ավետիքի մեքենային, բացում են դուռն ու էլի սկսում քաշքշել ու խփել Ավետիքին: Ապա քաշքշողներից երեքը,  շրջանցելով Ավետիքի մեքենան, գալիս են դեպի Արտակի մեքենան: Դա վայրկյաններ է տևում: 
 
«Արտակի մեքենայում առկա է եղել մի որսորդական հրացան, ընդ որում՝ քանդած վիճակում և առանց փամուշտի, դա քննությամբ ապացուցված է: Արտակը եթե մտադրված լիներ գալ ու հարձակվել, ինքը զենքով կգար, այն էլ շատ լուրջ զենքով: Արտակը ձեռքը գցում է այդ զենքին, որ մոտիկ չգան իրեն: Տեսանյութից երևում է, թե հինգ տղամարդն ինչպես են ցրվում այդ տեղից, մնում են միայն երկու կին, որոնցից մեկն էլ Խաչատրյանի կինն էր»: 
 
Ավետիքն այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս (այս ընթացքում առաջին անգամն է դուրս գալիս մեքենայից), և այդ երկու կնոջ հետ Արտակին համոզում են հեռանալ դեպքի վայրից՝ տանելով նրան բավականին հեռավորության վրա: Հանգստացնում, հանդարտեցնում են նրան, որից հետո կրկին ավտոմեքենաների մոտ են վերադառնում տղամարդիկ:  
 
Եվ երբ ամեն ինչ արդեն վերջացել էր, և այն երկու կինն էլ արդեն հետ էին գալիս Սրտակի մոտից,  Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է հրացանով ավտոմեքենաներից մեկի հետևում և երեք անգամ կրակում եղբայրների ուղղությամբ: 
 
«Փաստացի՝ միջադեպն արդեն ավարտվել էր, և Արտակն արդեն հանդարտվել էր, այսինքն՝ այդ պահին Արտակ Բուդաղյանը ոչ մի վտանգ չէր ներկայացնում իրենից: Ինքնապաշտպանության մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ այդ մարդն անմիջականորեն է վտանգ ներկայացնում այդ պահին»,- ասում է Հայկ Ալումյանը:
 
Տիգրան Խաչատրյանի արձակած երեք կրակոցներից մեկն Արտակին է դիպչում, իսկ երկուսը` Ավետիքին, ով միայն բաժանողի դերում էր հանդես գալիս: 
 
«Նա անգամ մեքենայից չէր իջել մինչ այդ, և նրանից երբևէ ոչ մի սպառնալիք չի եղել: Եվ երբ Ավետիքը տեսնում է, որ եղբայրը կրակոցից հետո վեր չի կենում, և ինքը վիրավոր է,  նոր գոտկատեղից հանում է իր զենքն ու գալիս կրակողների ուղղությամբ: Նրա վրա կրակոցները շարունակվում են: Եվ այդ ամեն ինչից հետո, երբ Ավետիքն արդեն ընկած էր, նրա վրա շարունակում են կրակել: Վերջին կրակոցները եղել են ընկած ժամանակ, և նրա կողքին՝ ասֆալտին հետքերը կան:  Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը»,- հարցնում է փաստաբանը: 
 
Առաջին երեք կրակոցները արձակվել են Տիգրան Խաչատրյանի կողմից: Կրակոցների ընդհանուր թիվը 13-ն է: Ստացվում է 11 կրակոց՝ Խաչատրյանների կողմից և 2 կրակոց՝ Բուդաղյանների կողմից: Ընդ որում՝ առաջին երեք կրակոցներն էլ առաջինի կողմից են: 
 
«Քննիչներն ասում են, որ ընդամենը երկու հոգի է կրակել` Զարզանդն ու Տիգրանը: Քննիչները ճիշտ չեն ասում: Նախ, իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն ասում է, որ վերևից կրակոց է տեսել, և դա պետք է անպայման ստուգվեր և մանրակրկիտ քննության ենթարկվեր: Ես մի շարք հիմնավորումներ կարող եմ ասել, որ խոսում են վերևից եղած կրակոցի օգտին: Վերևում տան մեջ եղել է Սուրիկ Խաչատրյանը: Նախ, տեսանյութում երևում է,  որ կրակոցից ասֆալտի վրայից կայծ է թռչում: Այսինքն, որպես կանոն՝ կտրուկ վերևից դիպչելու դեպքում է արտացոլումը տեղի ունենում՝ կայծը թռչում է դեպի վերև: Կայծերի արտացոլումից կարող եք տեսնել, որ, ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել է վերևից,-ասում է Հայկ Ալումյանը,-սակայն երկու-երեք ամիս հետո նոր որոշեցին ասֆալտի վրա փնտրել հետքը, պարզ է, որ չէին գտնի»: 
 
Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից ամենածանրը` որովայնի միջի գնդակի ուղղությունը վերևից՝ ներքև է: 
 
«Կա երկու տարբերակ, կամ վերևից կրակոց է եղել, երբ Արտակը դեռ գետնին ընկած չէր, այ դեպքում կրակոցը վերևից է,  պետք է գտնեին վերևից կրակողին, կամ էլ Արտակն ընկած ա եղել, և կրակել են: Իսկ եթե Արտակն ընկած ա եղել, ուրեմն ինքնապաշտպանության մասին այլևս խոսք լինել չի կարող»,- պնդում է փաստաբանը: 
 
Վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և՛ իր ձայնով, և՛ իր ուժգնությամբ: 
 
«Այսինքն՝ և՛ ձայնով է ինքն ուրիշ, և՛ իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտե՞ղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա, որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից»,- համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով.
 
«Այս ամեն ինչն իրար հետ վերցրած՝ կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ՝ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը:»

Նախորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը փորձում է ճնշել շինարարության դեմ պայքարողներին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դին՝ կախված վիճակում’