‘Ամենաստոր արարքները ֆուտբոլի պատմության ընթացքում’

1659

Միանգամից ճշտում. որոշեցինք չգրել սիմուլյանտների մասին (ում պակասը մեր ժամանակներում չի զգացվում), քանի որ կարծում ենք, որ սիմուլյացիան ստորություն չէ, այլ ֆուտբոլային մի ամբողջ արվեստ (հիշեք Բուսկետսին կամ Ռիվալդոյին ԱԱ-2002-ին):

Ձեզնից շատերը, հարգելի ընթերցող, երևի հիշում են Դիեգո Մարադոնայի ձեռքով խփած լեգենդար գոլը կամ Թիերի Անրիի ձեռքով խաղը 2009 թ. իռլանդացիների հետ հանդիպմանը, սակայն նման դրվագները ևս որոշեցինք շրջանցել: Այդտեղ  բանը ստորությունը չէ, պարզապես ոչ բոլորն են Իգոր Նետտոյի նման…

Ֆեյր-Փլեյ՝ Լուիս Ադրիանոյից

Չեմպիոնների լիգայի անցյալ տարվա «Նորշելլանն»-«Շախտյոր» խաղում տանտերերի օգտին 1:0 հաշվի ժամանակ ուկրաինական թիմի հարձակվող Լուիս Ադրիանոն կատարեց մի արարք, որը ցնցեց ողջ աշխարհը: Բրազիլացին խլեց գնդակը, որը Վիլլիանը ֆեյր-փլեյի ոգով տվել էր դանիացիներին, և անվրեպ հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խփված գոլը «հանքափորներն» ընդունեցին զուսպ, իսկ Լուիս Ադրիանոն հայտնվեց «Նորշելլաննի» ֆուտբոլիստների ճնշման տակ: Համաշխարհային ֆուտբոլում նման դեպք արդեն եղել էր: Սովորաբար, նման դեպքերում մեղք գործած թիմի խաղացողները ետ են քաշվում, որպեսզի հակառակորդին հնարավորություն տան գնդակն անարգել ուղարկել դարպասը: Մինչդեռ «Շախտյորը» թույլ չտվեց, որպեսզի դանիացիները մոտենան դարպասին, իսկ  խաղից հետո  միայն անհեթեթ արդարացումներ հնչեցին: Դուրս է գալիս, որ ստորություն գործեց ոչ միայն Լուիս Ադրիանոն, այլ Դոնեցկի ողջ թիմը, ինչն իհարկե իր կնիքը թողեց նրանց հեղինակության վրա: Ավելացնենք, որ հազիվ թե «հանքափորները» նման բան իրենց թույլ տային, ասենք՝ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ խաղում:

Մատերացցիի սադրանքը

Հիմնական զուգահեռը, որը ցանկացած ֆուտբոլասեր  կանցկացնի Մարկո Մատերացիի անունը լսելիս (որն աչքի չի ընկնում հրեշտակային բնավորությամբ)՝ Գերմանիայում աշխարհի առաջնության եզրափակիչն է: Ֆրանսիացիների հետ հանդիպման 110-րդ րոպեին իտալացին  Զինեդին Զիդանին ասաց, որ նրա քույրը պոռնիկ է, ինչից հետո Զիդանը գլխով հարվածեց նրա կրծքին: Մատերացին ընկավ գետին ու սկսեց ջղաձգվել ցավից, կարծես ինքնաթափի տակ էր ընկել: Զիդանին հեռացրին խաղից, իսկ Իտալիան էլ հաղթեց աշխարհի առաջնությունում:  Հետագայում Մատերացին գիրք գրեց «Իրականում ինչ ասացի Զիդանին»  («What I really said to Zidane») վերնագրով: «Ինչպես վիրավորել հակառակորդին» թեմայով ձեռնարկի նման մի բան: Ի դեպ, գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթը Մարկոն տրամադրեց բարեգործությանը: Դա խոսում է այն մասին, որ կյանքում Մատերացին միանգամայն նորմալ մարդ է, իսկ խաղադաշտում… Պատերազմում՝ ինչպես պատերազմում…

Ռոյ Քինի վրեժը

Ֆուտբոլի պատմության ամենասարսափելի դրվագներից մեկը տեղի է ունեցել 2001 թ. մանչեստերյան դերբիում. Ռոյ Քինը ծնկի ծանրագույն վնասվածք հասցրեց նորվեգացի Ալֆա-Ինգա-Խոլանդին, որը հետագայում չկարողացավ շարունակել ֆուտբոլային կարիերան: Ճիշտ է, դրան նախորդել էր 1999 թ. միջադեպը, երբ Քինը բախվել էր Խոլանդի հետ ու լուրջ վնասվածք ստացել, իսկ նորվեգացին նրան մեղադրել էր սիմուլյանտության մեջ: Երեք տարի անց իռլանդացին որոշեց վրեժ լուծել: Քինը Խոլանդի ծնկին սոսկալի հարված հասցրեց: Դա, փաստորեն, սկանդինավցու կարիերայի ավարտն էր: Ռոյը կարմիր քարտ ստացավ, ապա՝ երեք խաղի որակազրկում և տուգանք՝ հինգ հազար ֆունտ:

Հետագայում իր ինքնակենսագրության մեջ Քինը խոստովանեց, որ հատուկ է վնասվածք հասցրել՝ վրեժ լուծելով 1999 թ. միջադեպի համար: «Ստացի՛ր, տակա՛նք, և էլ երբեք չկանգնես իմ ճանապարհին»,- այս խոսքերը նույն սկանդալային ինքնակենսագրությունից են: Ի դեպ, այնտեղ էլի ուրիշ զայրալից ու անպարկեշտ խոսքեր կան Խոլանդի հասցեին: Քինի գրքի հրապարակումից հետո նրան որակազրկեցին ևս հինգ խաղով և տուգանեցին՝ այս անգամ 150 հազար ֆունտ:

 «Մարդասպանը»

2011 թ. Կոլումբիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ պատահաբար խաղադաշտում հայտնվեց մի բու, որը վայրէջք կատարեց խոտածածկույթի վրա ու մտադիր չէր հեռանալ այնտեղից: Այդ պահի դրությամբ պարտվող հյուրերի պաշտպան Լուիս Մորենոն բուին  դուրս տշեց դաշտի սահմաններից, ինչը համընդհանուր զայրույթ հարուցեց: Մինչև հանդիպման ավարտը ողջ մարզադաշտը վանկարկում էր «Մարդասպա՛ն»: Չնայած անասնաբույժների ջանքերին՝ բուն սատկեց, և Մորենոն ստիպված եղավ հեռնալ Կոլումբիայի առաջնությունից, քանի որ բոլոր մարզադաշտերում նախատինքի էր արժանանում: Թերևս՝ ամենաստոր բանն այն է, երբ վիրավորում ես մեկին, ով չի կարող քեզ պատասխանել…

Պեպե. Երբ ընկածին խփում են

Էլի մի լավ մարդ՝ կյանքում, սակայն ստոր արարած՝ խաղադաշտում: Նրա բոլոր ստորությունները հիշելու համար մի ողջ հոդված հարկ կլինի գրել: 2012 թ. Իսպանիայի «Գավաթի» խաղերում ընդդեմ «Բարսելոնայի» Պեպեն տրորեց գետնին ընկած Լեոնել Մեսսիի ձեռքը, ընդ որում՝ այնպես տրորեց, որ մրցավարը նույնիսկ չնկատեց: Իսկ 2009 թ. «Խետաֆեի» դեմ խաղում «Ռեալի» պաշտպանը հարձակվեց մրցակիցների թիմի վայր ընկած հարձակվողի վրա և դաժանորեն ոտքերով ծեծեց նրան: Օգնության հասած թիմակիցներին Պեպեն նույնպես անուշադրության չմատնեց՝ հարվածներ հասցնելով նրանցից երկուսին  ևս: Գործը հոգեբուժարանի չհասավ, սակայն պաշտպանը վաստակեց իր որակազրկումը10 խաղից:

«Պայմանավորվածություն» աշխարհի առաջնությունում

1982 թ. աշխարհի առաջնությունում ԳԴՀ հավաքականը մեկնարկի ժամանակ հաջողեցրեց զիջել ալժիրցիներին, իսկ վերջին հանդիպումից առաջ նրանց անհրաժեշտ էր շահել Ավստրիայի հետ հանդիպումը: Նրանց հակառակորդներին բավարարում էր նաև պարտությունը՝ մեկ գնդակի տարբերությամբ: Արդյունքում՝ Հորստ Խրուբեշի գոլը հանդիպման 10-րդ րոպեին երկու թիմերին էլ հնարավորություն էր տալիս շարունակել պայքարը: Ալժիրցի մարզասերները ամբողջ մարզադաշտը հեղեղեցին թղթադրամներով՝ ակնարկելով, որ խաղը «պայմանավորված» է: Ալժիրյան ֆեդերացիայի բողոքը ՖԻՖԱ-ն չբավարարեց: Դրանից հետո մեծ մրցաշարերում վերջին տուրի հանդիպումներն սկսվում են միևնույն ժամին: Սակայն դա էլ չի օգնում, եթե հիշենք Եվրո-2004-ի Շվեդիա-Դանիա հանդիպումը, երբ սկանդինավցիները խաղի կես մասը գնդակը գլորում էին խաղադաշտի կենտրոնում՝ իտալացիներին դուրս թողնելու համար:

 

«Մարդկային ստորությունը սահման չունի»՝ ինչպես ասում էր Անատոլի Բիշովեցը: Բայց, այնուամենայնիվ, թույլ տամ ասել, որ ֆուտբոլն այն խաղն է, որտեղ այսպիսի վատ տղաներն ընդամենը իրենց դերն են խաղում…

Ալեքսեյ Տրետյակ

Աղբյուրը՝ «Чемпионат.com»
Թարգմանություը՝ iLur.am

Նախորդ հոդվածը‘Կնշվի ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձը ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալական քաղաքի իշխանությունները գրեթե ողջ կազմով ձերբակալվել են’