‘Ամերիկյան կոնգրեսմենների կեսը միլիոնատեր է’

1051

ԱՄՆ սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 534 անդամներից 268-ը մեկ միլիոնից ավելի ակտիվներ ունի: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ է նման իրավիճակ գրանցվում: «Պատասխանատու քաղաքականության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թ. ունեցվածքի հայտարարագրերի տվյալները հրապարակել է OpenSecrets կայքում: Երկու հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների նյութական բարեկեցության մակարդակը գրեթե նույնն է: Դեմոկրատ-կոնգրեսմենի միջին կարողությունը կազմում է 1,04 միլիոն դոլար, հանրապետականինը՝ մեկ միլիոն: Սենատորները բավական հարուստ են ստորին պալատի իրենց գործընկերներից՝ 2,7 միլիոն դոլար՝ 896 հազարի դիմաց:

Ամենահարուստ կոնգրեսմենը Հանրապետական կուսակցությունից ներկայացուցիչների պալատի անդամ Դարել Իսան է. ավտոմեքենաների հակաառևանգիչ համակարգերի բիզնեսը նրան բերել է 598 միլիոն դոլարի եկամուտ: Ամենաաղքատը մեկ այլ հանրապետական է՝ նույն Կալիֆոռնիայից՝ ստորին պալատի անդամ Դևիդ Վալադաոն, որի ընտանեկան կաթնամթերքի ֆերման թաղված է 12 միլիոն դոլար պարտքերի մեջ: Հարկ է նշել, որ պայմանավորված, մի կողմից՝ ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճով, մյուս կողմից՝ արժեզրկման գործընթացներով՝ մեր օրերում մեկ միլիոն դոլարն ամենևին էլ այնքան տպավորիչ թիվ չէ, որքան Մորգանի և Ռոկֆելլերի ժամանակներում էր, նշում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘CNN-ի եւ Fox News-ի ղեկավարները միմյանց մեղադրել են լրատվական բիզնեսից դուրս գտնվելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը’