‘ԱՄՆ․ Մադուրոն պատրաստ էր փախչել Վենեսուելայից, բայց ռուսները նրան ետ պահեցին’

1141

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շարունակում է կամակորություն անել՝ չնայած բողոքի ցույցերին։ Հեռուստաուղերձում նա ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցներին անվանել է մարդկանց փոքրիկ մի խումբ, որի պլանները ձախողվել են։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Մադուրոն պատրաստ էր փախչելու երկրից։

«Նրա ինքնաթիռն օդանավակայանում կանգնած էր։ Ինչպես հասկանում եմ՝ նա պատրաստ էր փախչել այսօր  (երեքշաբթի օրը) առավոտյան, բայց ռուսները հասկացրել են, որ պետք է մնա»,- ասել է Փոմփեոն CNN-ին տված հարցազրույցում։

Սպիտակ տան ներկայացուցիչների ասելով՝ Մադուրոյի մերձավորներից երեքը սկզբում համաձայնել են նախագահի հեռանալու վերաբերյալ ընդդիմության ներկայացրած փաստարկներին, բայց հետո հրաժարվել են իրենք խոսքերից։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը պնդում է, որ այդ պաշտոնյաներից մեկը՝ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն, երեք ամիս շարունակ բանակցել է ընդդիմության հետ, մինչդեռ  նախորդ օրը հեռուստաեթերում, զինվորականներով շրջապատված՝ հայտարարել է, թե աջակցում է Մադուրոյին։

Բոլթոնը նշել է նաև Վենեսուելայի գերագույն դատավոր Մայքել Մորենոյի և նախագահի թիկնազորի պետ Իվան Ռաֆայել Էռնանդես Դալուի անունները։ Բոլթոնի խոսքով՝ նրանք համաձայնել են «Մադուրոյի ավազակախմբից իշխանության խաղաղ փոխանցմանը Գուայդոյին»։ «Բոլորն էին համաձայն, որ Մադուրոն պետք է հեռանա»,- ասել է Բոլթոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘«Միլանի» մարզչի գլխավոր թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին’