ԱՄՆ առաջին տիկինը քննադատել է հանրապետական թեկնածուի առաջարկը

268

ԱՄՆ առաջին տիկին Ջիլլ Բայդենը քննադատության է ենթարկել Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնի թեկնածու Նիքի Հեյլիի առաջարկը՝ թեստավորել 75 տարեկանից բարձր քաղաքական գործիչների մտավոր կարողությունները։

«Դա ծիծաղելի է»,- CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահ Ջո Բայդենի կինը։

Ջիլլ Բայդենի հետ համաձայն է 81-ամյա անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, որը Հեյլիի առաջարկը համարում է «անհեթեթ»։

Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք գործող նախագահը պատրաստ է նման թեստ անցնել, Ջիլլ Բայդենն ասել է․ «Մենք նույնիսկ չենք քննարկել․․․ մենք երբեք նույնիսկ չենք էլ քննարկել նման բան»։

Հեյլին քաղաքական գործիչներին թեստավորելու, ինչպես նաև օրենսդիրների պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների մասին նախաձեռնությամբ հանդես է եկել իր առաջին նախընտրական ելույթում։

«Ամերիկայի իմ տեսլականում մշտապես պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչն ի վերջո պետք է թոշակի անցնի»,- ասել է նա։- Մենք սահմանափակումներ կունենանք կոնգրեսում լիազորությունների ժամկետների առումով և պարտադիր թեստեր կանցկացնենք 75-ից բարձր տարիքի քաղաքական գործիչների կոգնիտիվ ունակությունները պարզելու համար»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ տարվա նոյեմբերին դարձավ 80 տարեկան։ Այնուհանդերձ, նա մի քանի անգամ հայտարարել է, որ առայժմ չի հրաժարվում 2024 թ․ ընտրություններում  նախագահի պաշտոնում վերընտրվելու մտքից։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է
Հաջորդ հոդվածըԹրամփն առջևում է հանրապետական թեկնածուների վերաբերյալ հարցման արդյունքներով