‘ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մասնակցել է «Սիրտ ունես, կյանք փրկիր» ակցիային’

854

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ, մասնակցել են «Սիրտ ունես, կյանք փրկիր» խորագրով արյունատվության ակցիային: Փետրվարի 6-ին ԱՄՆ դեսպանատանը կայացած ակցիայի շրջանակում հավաքված արյունը անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասակներին: «Արմենպրեսի» փոխանցմամբ, նախքան արյուն հանձնելը, Հեֆերնը, ՀՀ առողջապահության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների օգնությամբ, մյուս դոնորների նման, անցավ համապատասխան նախնական հետազոտություն:

Դեսպանն ԱՄՆ-ում բազմիցս է մասնակցել արյունատվության ակցիաների, սակայն Հայաստանում սա առաջին անգամ է:

«Ուզում եմ վստահեցնել, որ բացի ներարկիչի ասեղի ծակոցից, որևէ այլ ցավ դոնորը չի զգում»,- նշեց դեսպանը` կես կատակ, կես լուրջ հավելելով, որ երբեք չի սիրել դիտել բժշկի կողմից իրեն ներարկիչի ասեղով ծակելու պահը:

ԱՄՆ դեսպանատան բժիշկ Էլեն Դեմփսին էլ կարծիք է հայտնել, որ մինչև 1960-ական թվականները ԱՄՆ-ում ևս արյան դոնորական պահանջարկի 51 տոկոսը լրացվում էր հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45 տոկոսը փոխհատուցվող` վճարովի դոնորներից հավաքված արյան միջոցով: «Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատաննքերին և հիվանդների բուժմանը»,- պատմել է Դեմփսին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը Մեծ Բրիտանիայում էր ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանուհուն բանտ են ուղարկել՝ ինքն իրեն «տրոլինգ» անելու համար ‘