‘ԱՄՆ-ը դադարեցրել է առևտրային և ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ’

981

Ուկրաինայի ճգնաճամը կարգավորելու նպատակով ԱՄՆ-ը սառեցրել է Ռուսաստանի հետ առևտրի և ներդրումների վերաբերյալ բոլոր բանակցությունները: Այդ մասին ասվում է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի  վարչության պաշտոնական հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ը դադարեցրել է նաև ռազմական շփումները Ռուսաստանի հետ: Ժամանակավորապես դադարեցվել են բոլոր համատեղ զորավարժությունները, բանակցությունները, այցելություններն ու համաժողովները, նշված է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերել է Reuters-ը: «Մենք Ռուսաստանի կոչ ենք անում չսրել ճգնաժամն Ուկրաինայում, իսկ ռուսաստանյան զորքերը Ղրիմից վերադարձնել իրենց ռազմակայանները, ինչպես պահանջում են Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կարգավիճակը կարգավորող դրույթները»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի տարածքում խախտում են միջազգային իրավունքի նորմերը: «Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրներն էլ հիմնականում համաձայն են, որ Ռուսաստանի ձեռնարկած քայլերն իրենցից ներկայացնում են  Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում»,- ասել է Օբաման՝ Վաշինգտոնում հանդես գալով լրագրողների առջև: Ըստ Օբամային՝ «Ռուսաստանը հարցի առնչությամբ սխալ կողմ է բռնել»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ուժեղագույն կազմով մեկնել է Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘1063 մարդ հավանել է Յանուկովիչի մահվան մասին գրառումը’