‘ԱՄՆ-ը Կորեայի ափերի մոտ ականակիր գծանավ է կայանել’

1244

Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի հարավարևմտյան առափնյակում ականակիր գծանավ է տեղակայել, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրներին: «Ֆիցջերալդ»  (USS Fitzgerald) նավի խնդիրն է դիմակայել ԿԺԴՀ-ի կողմից հավանական հրթիռային հարվածը:

Մինչդեռ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ կարգի են բերում Յոնբենում գտնվող գլխավոր միջուկային համալիրը՝ իր ողջ հզորությամբ, այդ թվում՝ ռեակտորով, որը կոնսերվացվել էր 2007 թ.: Փհենյանում պարզաբանել են, որ այդ քայլը նպատակ ունի, մի կողմից, քանակապես և որակապես ամրապնդել ԿԺԴՀ-ի միջուկային ռազմական հզորությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի անխափան մատակարարումը էլեկտրաէներգիայով:

Իր հերթին՝ երեկ Սեուլը հայտարարել է, որ մտադիր է վճռական պատասխան տալ հյուսիսկորեական կողմից ցանկացած սադրանքի: Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ պատրաստ է ԿԺԴՀ-ի «ակտիվ զսպման» պլանը, որով նախատեսվում է կանխարգելիչ հարված հասցնել, եթե Փհենյանը իրական վտանգի նշաններ դրսևորի Հարավային Կորեայի հանդեպ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մյանմայի դպրոցներից մեկում հրդեհի զոհ է դարձել 13 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Իզվեստիա. Մխիթարյանի հրաժարագինը դարձել է 30 միլիոն եվրո’