‘ԱՄՆ կինոակադեմիայի ղեկավարը պաշտպանում է բողոքն ընդդեմ «սպիտակ Օսկարի»’

1075

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտարարել է, որ չափազանց հիասթափված է, քանի որ այս տարի կրկին «Օսկար» մրցանակի համար բացառապես սպիտակամորթ դերասաններ են առաջադրվել: Աֆրոամերիկուհի Այզեքսի կարծիքով՝ դա արտացոլում է հենց կինոակադեմիայում տիրող իրավիճակը, ինչը փոփոխության կարիք ունի:

ԱՄՆ կինոմրցանակի հավակնորդների ցուցակը, որ հրապարակվել է անցած շաբաթ, սևամորթ դերասանների դժգոհությունն է հարուցել: Նրանցից շատերը կոչ են արել բոյկոտել մրցանակը: Ամերիկան Twitter-ում ««Օսկարն» այնքան սպիտակ է» հեշթեգը մեծ թափ է հավաքում:

Սա արդեն երկրորդ տարին է, որ սևամորթ դերասանները չեն ընդգրվում կինոմրցանակի հավակնորդների ցանկում:  Սակայն առաջին անգամ է, որ  բոյկոտը պաշտպանում են հանրահայտ դերասաններ: Երկուշաբթի բոյկոտին միանալու մասին հայտարարել են ռեժիսոր Սփայք Լին և Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ-Սմիթը:

«Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի վերջին, Լոս Անջելեսում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը’