ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովն սկսել է լսումները Covid-19-ի ծագման վերաբերյալ

175

Վաշինգտոնում Կոնգրեսի հատուկ ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկվել են նոր հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները, սկսել է լսումները կորոնավիրուսի ծագման շուրջ։

Նախկինում ԱՄՆ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ, ամենայն հավանականությամբ, կովիդի չկանխամտածված աղբյուր է դարձել չինական Ուհայ քաղաքի լաբորատորիաներից մեկը։

Սակայն շատ գիտնականներ նշում են, որ այդ եզրակացության համար գիտական ապացույցներ չկան, իսկ Սպիտակ տունը նաև հաստատել է, որ կառավարությունում միասնական կարծիք չկա վարակի աղբյուրի վերաբերյալ։

Հանձնաժողովն առաջինների շարքում լսել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության ամերիկյան կենտրոնի նախկին ղեկավար, դոկտոր Ռոբերտ Ռեթֆիլդին, որը միշտ եղել է վիրուսի լաբորատոր ծագման տեսության կողմնակից։ Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի բնական ծագման հավանականությունը գիտական բացատրություն չունի։

Մինչդեռ Գլազգոյի համալսարանի վիրուսային ծագումնաբանության և կենսաբանական տեղեկատվության ամբիոնը ղեկավարող պրոֆեսոր Դևիդ Ռոբերտսոնի կարծիքով՝  ամենաիրատեսականը շարունակում է մնալ վիրուսի բնական ծագման տեսությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀունաստան․ Ցույցեր և գործադուլներ՝ գնացքների բախման և երկաթուղու վատ վիճակի պատճառով
Հաջորդ հոդվածըԱրթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն