Հունաստան․ Ցույցեր և գործադուլներ՝ գնացքների բախման և երկաթուղու վատ վիճակի պատճառով

184

Չորեքշաբթի Հունաստանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ երկրի պատմության ընթացքում ամենադաժան երկաթուղային աղետի կապակցությամբ։ Միաժամանակ, երկրում մեկօրյա գործադուլ է հայտարարվել։

Փետրվարի 28-ին գնացքների բախման հետևանքով զոհվել էր 57 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին, և Հունաստանի բնակիչները դրանց համար մեղադրում են իշխանություններին, որոնք երկար տարիներ տնտեսել են երկրի երկաթուղու համակարգի վրա, ինչի հետևանքով էլ այդ համակարգն անմխիթար վիճակում է։ Երկաթուղու աշխատակիցները, որոնք միացել են գործադուլին, պնդում են, որ իշխանությունները տարիներ շարունակ անտեսում են անվտանգության համակարգը բարելավելու վերաբերյալ իրենց պահանջները։

350 ուղևոր տեղափոխող գնացքում, որը բախվել էր բեռնատար գնացքին, շատ ուսանողներ են եղել, որոնք Աթենքից մեկնում էին Սալոնիկ։

Չորեքշաբթի ավելի քան 40 հազար մարդ, այդ թվում՝ տրանսպորտի աշխատակիցներ, ուսանողներ և դասախոսներ, երթով անցել են Աթենքի կենտրոնով՝ վանկարկելով «Մարդասպաննե՛ր», «Մենք բոլորս միևնույն վագոնում ենք»։

Մի խումբ ցուցարարներ բախումների մեջ են մտել ոստիկանության հետ, վերջինս արցունքաբեր գազ է կիրառել։

Իշխանությունները խոստացել են մանրակրկիտ հետաքննել աղետի պատճառները, անհրաժեշտ ներդրումներն անել տրանսպորտային համակարգում և համալրել տրանսպորտում բոլոր թափուր աշխատատեղերը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎրաստան․ Ոստիկանությունը ջրցանների և արցունքաբեր գազի միջոցով ցրել է ցույցը
Հաջորդ հոդվածըԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովն սկսել է լսումները Covid-19-ի ծագման վերաբերյալ