‘Այսօր ծնվել է Գուստավո Դուդամելը, կամ՝ երեսառած երեխայի հեքիաթը’

2251

Նիհար-միհար, փոքր-մոքր, գրեթե Անջելա Դեւիսի նման՝ կոծոծ մազերի դեզը գլխին «դարսած» մարդուկ է, ու որ ծիծաղում է՝ այտերին փոսիկներ են հայտնվում։ Մի խոսքով՝ անչափ համով տղա է։

Թռչկոտալով բեմ է «ներխուժում», դահլիճից հիացական ճիչեր են լսվում, դասական երաժշտության երկրպագուներին, այսպես ասած՝ անհարիր աղմուկ-աղաղակ։ Այս համով տղան գիտի, որ շատ սիրված է, ու չի էլ թաքցնում, որ հաճելի բան է սիրված լինելը։ Թեւին տալով՝ հասնում է դիրիժորական նոտակալին, ավելի ճիշտ՝ խառնվում, ձուլվում է նվագախմբին, ու երեսառած երեխայի հեքիաթն սկսվում է։ Նա չարաճճի է՝ անկասկած, եւ դասական երաժշտության ամենապահպանողական երկրպագուներին անգամ՝ ստիպում է «դիվոտել»։ Նրան ո՛չ միայն ունկնդիրներն ու հանդիսատեսներն են սիրում, սիրում են նաեւ նվագախմբի երաժիշտները, ինչը՝ երաժիշտներին «չարչարող» դիրիժորի պարագայում հազվադեպ բան է։ Հռչակավոր ավագ գործընկերները սիրով հրավիրում են նրան՝ իրենց նվագախմբերի հետ աշխատելու։ Ինչու՞։ Որովհետեւ հմայիչ է ու տաղանդավո՞ր, եւ որ ծիծաղում է՝ այտերին փոսիկնե՞ր են հայտնվում։ Բայց նա հո միակը չէ՞ մեր այս տաղանդաշատ ու զարմանահրաշ աշխարհում։ Ոչ, այլ պատճառ էլ կա։ Բեմ մտնելիս՝ նա խոժոռ-խոժոռ չի նայում իր բազմանդամ նվագախմբին. իբր՝ ես եկա, դե՛, տեղներդ չորացեք։ Չէ, անհոգ ավարայի պես ժպտում է, գրեթե օդում ճախրելով է մոտենում նրանց, այսինքն՝ ես ձեզանից մեկն եմ, ձեր ընկերն եմ, հիշու՞մ եք՝ միասին ժամանակին «էշ մըլիցա» ենք խաղացել ու հիմա մի լա՜վ «տժժալու ենք», տոն ենք դարձնելու ծանրումեծ դահլիճի կյանքը, հիմա մենք նրանց ոտքերը կտրելու ենք գետնից, հիմա նրանք մեզ հետ լող են տալու «ծանր» երաժշտության թեթեւ-թեթեւ ալիքների մեջ։

Լսենք նրա ունկնդիրներից մեկին՝ համերգից անմիջապես հետո. «Սա մանկությունից եկող զգացողություն է. երբ ճղփճղփացնում ես շատրվանի ջրերի մեջ եւ երջանկությունն զգում ֆիզիկապես»։

 Գուստավո Դուդամելն, այս չարաճճի Դուդին ընդամենը 35 տարեկան է։ Ծնվել է Վենեսուելայի Բարկիսիմետո քաղաքում, որը համարվում է այդ երկրի երաժշտական մայրաքաղաքը։ Դուդամելն իր առաջին քայլերն սկսել է հռչակավոր El Sistema-ում։ (Հիշենք. սա ճյուղավորված երաժշտական հսկա համակարգ է, որի մեջ մտնում են 125 երիտասարդական երգչախմբեր ու նվագախմբեր, որոնցից 30-ը՝ սիմֆոնիկ, մի շարք երաժշտական դպրոցներ, որտեղ սովորում են նվագախմբերի անդամները։ El Sistema-ի համակարգում 350 հազարից ավելի մարդ է ներառված։ Հիշենք նաեւ, որ այս հրաշալի նախաձեռնության հեղինակը վենեսուելացի երաժիշտ Խոսե Անտոնիո Աբրեուն է. նրա առաջնային նպատակը Վենեսուելայի աղքատ ընտանիքների երեխաներին փողոցից կտրելն էր, հանցագործ աշխարհի հետ մեկտեղվելու վտանգից ետ պահելն էր, եւ կա՞ աշխարհիս երեսին ավելի գայթակղիչ «որոգայթ»՝ երաժշտությունից ավելի։ Իր այս հեքիաթային թվացող ծրագրի իրականացման համար բազմաթիվ մրցանակների արժանացած, հռչակավոր Աբրեուն ապացուցեց, որ չկա)։ Հետագայում, հենց այս նույն Աբրեուն՝ հենց այս նույն Դուդամելին, որն ընդամենը 18 տարեկան էր, վստահեց ահա հենց այս նույն El Sistema-ի լավագույն երիտասարդական՝ Սիմոն Բոլիվարի անվան նվագախումբը, եւ մեկ տարի հետո դիրիժոր Դուդամելն իր այս նվագախմբով մեկնեց Գերմանիա եւ հալեցրեց խստաշունչ ու բարձրաճաշակ գերմանացի երաժշտասերների «սառը» սրտերը, իսկ հետո սկսեց ողջ աշխարհն «իրենով անել»։

2004-ին նա արդեն Գուստավ Մալերի անվան դիրիժորների միջազգային մրցույթի հաղթողն էր։ Սրան հետեւեցին Դիրիժորական ակադեմիայի մրցույթի հաղթանակը, «Բեթհովենի մատանի» պարգեւը։ Հետո հրավիրվեց ղեկավարելու Լոս Անջելեսի եւ Իսրայելի, Շվեդիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Չթվարկենք, շատ են։

Մի քիչ էլ տխրեցնենք աղի բլիթ ուտող եւ իրենց արքայազններին սպասող սիրունիկ աղջիկներին. Գուստավո Դուդամելն ամուսնացած է 2006 թվականից։ Լրագրող եւ բալետի պարուհի Էլոիզը նրա երկար տարիների ընկերուհին էր, մի որդի ունեն՝ Մարտինը (երկրորդի կամ երրորդի մասին տեղեկություն չգտնվեց)։

«Ինձ թվում է՝ շատ հեշտ է գոյակցել ինձ հետ։ Ես լավատես եւ իրոք երջանիկ մարդ եմ… Ավելի լավ ընտանեկան կյանք չէի էլ կարող երազել։ Իմ եւ կնոջս բեմական կյանքը չափազանց հետաքրքիր է։ Մենք ջանում ենք, որ անձնական  կյանքը չզիջի բեմականին, եւ առայժմ տխրել չի ստացվում ոչ այնտեղ, ոչ այստեղ»,- հաճույքով խոստովանել է Դուդին։

Հաճույքով՝ ուրախ ենք։

 

Նախորդ հոդվածը‘Նացիստական ճամբարների հրեա կալանավորների աշխատանքների ցուցահանդես Բեռլինում’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի բանաձեւը’