‘Այսօր ծնվել է Գրեյս Դարլինգը. նա փառքից փախավ եւ ընկավ մահվան գիրկը’

1682

Ժուկով-ժամանակով Մեծ Բրիտանիայի փոքրիկ Բամբորո քաղաքում մի աղջիկ էր ապրում։ Այս աղջիկն իր ծնողների՝ Ուիլյամ եւ Թոմազին Դարլինգների 9 զավակներից մեկն էր, բայց այս 9-ից միայն իր անունը մոռացության չմատնվեց։

Գրեյս Դարլինգը (1815-1842) Մեծ Բրիտանիայի ազգային հերոս է, 1838-ի սեպտեմբերի 7-ին, երբ դեռ ընդամենը 22 տարեկան էր, հենց նա է փրկել խորտակվող «Ֆորթաֆշիր» շոգենավի ուղեւորներին։

Նրա հայրը Լոնսթոուն փարոսի հսկիչն էր, ընտանիքն ապրում էր մեկուսացած՝ հենց այդ շինության առաջին եւ երկրորդ հարկերում։ Ապրում էին համեստ, բայց չէին դժգոհում կյանքից։ Նույնիսկ մեծ աշխարհից հեռու այդ անկյունում ծնողներն իրենց զավակների կրթությունն աչքաթող չէին անում։ Գրեյսը թվաբանություն ու վայելչագրություն, աշխարհագրություն ու պատմություն էր սովորում, նաեւ՝ կարուձեւ։ Եվ՝ ոչ միայն. հոր հետ ձուկ էր որսում, հիանալի թիավարում էր, իսկ գիշերները հաճախ փոխարինում էր հորը, որ փարոսի լույսն անխափան աշխատի, եւ նավերը չմոլորվեն խավարի մեջ։

 Ավագներն արդեն ընտանիք էին կազմել ու ապրում էին Բամբորոյում, ծնողների հետ մնացել էին Գրեյսը, նրա փոքրիկ քույրն ու եղբայրը։

«Ֆորթաֆշիր» շոգենավի մեջ այդ ողբերգական օրը 63 մարդ կար, նավապետի հետ նաեւ նրա կինն էր։ Շոգեկաթսաներից մեկում անսարքություն է հայտնաբերվում, սա քիչ է՝ փոթորիկ է սկսվում։ Երեք շոգեկաթսաներն էլ բարձր ճնշումից պայթում են, տարերքին հանձնված նավը փոթորիկի խաղալիքն է դառնում ու քշվում հարավ։ Հեռվում փարոսի լույս է նշմարվում, այնտեղ Գրեյսն է նստած։ Դեպի այդ փարոսը ձգտող շոգենավը գիշերվա 4-ին բախվում է ժայռին, ութ նավաստի եւ մեկ ուղեւոր նետվում են փրկամակույկի մեջ՝ բախտի քմահաճույքին թողնելով ուղեւորներին եւ իրենց նավապետին։ Հետագայում սրանց նավ է հանդիպում, փրկվում են։ Շոգենավը սարսափազդու աղմուկով երկու մասի է բաժանվում, ետնամասը ընկղմվում է։ Հետագայում փրկվածները պատմում են, որ նավապետին ալիքը տանում է՝ աղաղակող կնոջը կրծքին սեղմած։ Նավի քթամասը լռվում է ժայռերի արանքում, եւ ուղեւորներն սկսում են օգնություն կանչել։ Գրեյսը լսում է նրանց աղաղակները, վազում՝ արթնացնում է հորը։ Կատաղի ալիքները տեսնելով՝ հայրն ասում է, որ ռիսկի դիմելն անիմաստ է, եւ եթե նույնիսկ հրաշքով հասնեն նավի մոտ, դժվար թե այդ ընթացքում որեւէ մեկը ողջ մնացած լինի։ Գրեյսն աղաչում է, համառում է եւ հոր որոշմանը չսպասելով՝ նետվում ձկնորսական նավակի մեջ։ Հայրը լուռ հետեւում է նրան։ Մայրը լապտերով լուսավորում է նրանց ճանապարհը՝ գրեթե անհույս, որ երբեւէ նորից կտեսնի նրանց։

Թե քանի մարդու են փրկում Գրեյսն ու իր հայրը՝ տեղեկությունները տարբեր են։ Ըստ մի աղբյուրի՝ փրկում են 40 մարդու, ըստ մեկ այլ աղբյուրի՝ 10 մարդու, մեկ այլ աղբյուր էլ հավատացնում է, որ բոլորին են փրկում։ Հուսանք՝ վերջինն է ճիշտ։ Քանի որ նավակը փոքր էր, եւ բոլորին հնարավոր չէր միանգամից տեղափոխել, Գրեյսն ու իր հայրը ալիքների քմահաճույքին են տրվում մի քանի անգամ։ Փոթորիկը շարունակվում է մի քանի օր, եւ այդ ընթացքում Գրեյսն ու իր մայրը խնամում են նավաբեկյալ վիրավորներին, իսկ հետո՝ փոխադրում հոսպիտալ։

Ուլիյամի եւ Գրեյսի անունները թնդում են ողջ երկրում։ Նրանց մասին գրում են ոչ միայն Անգլիայում, այլեւ ողջ Եվրոպայում, Ավստրալիայում եւ նույնիսկ Ճապոնիայում։ Վիկտորիա թագուհին նրանց 50 ֆունթ դրամական պարգեւ է ուղարկում, Թագավորական փրկարար ընկերությունը ոսկե մեդալի է արժանացնում նրանց եւ արծաթե թեյնիկ է նվիրում։ Բանաստեղծություններ են ձոնվում խիզախ աղջկան, անգլիացի ռոմանտիկ պոետ Ուիլյամ Ուորդսուորթը նույնիսկ Գրեյսի մասին պոեմ է գրում, նկարիչները վրձնում են ալիքների հետ կռիվ տվող Գրեյսին։ Երկրի բոլոր անկյուններից նամակներ են հոսում ու հոսում՝ խնդրանքներով, որ 22-ամյա աղջիկը մազափունջ ուղարկի իրենց։ Երկրպագուները շտապում են այդ մոռացված անկյունը, որ գեթ հեռվից տեսնեն նրան։ Գրեյսի պատկերով սպասք են արտադրում։

Անսպասելի իր գլխին թափված փառքը հոգնեցնում է Գրեյսին, եւ նա որոշում է առժամանակ հեռանալ կղզուց եւ դադար առնել Բամբորոյում ամուսնացած քրոջ տանը։ Ճանապարհին սաստիկ ցրտից հիվանդանում է, եւ մահացու թոքախտը բախում է նրա դուռը։ Դարլինգների հովանավորությունը ստանձնած Նորթումբերլանդյան հերցոգն ու հերցոգուհին իրենց անձնական բժշկին են ուղարկում Գրեյսին փրկելու, բայց՝ ավաղ։ Մի քանի ամիս անց՝ 26-ամյա Գրեյսը մեռնում է հոր ձեռքը բռնած։

Բամբորոյում թանգարան կա նրա սխրանքին նվիրված։ Փարոսը, որտեղ ապրում եւ աշխատում էր Գրեյսը, նույնպես դարձել է ազգային թանգարան։

Նրա գերեզմանին հերարձակ աղջկա հուշարձան է դրված։

Նավաթիակը՝ ձեռքին։ 

Նախորդ հոդվածը‘Կրեմլը կոչ է անում սպասել օդանավի կործանման պատճառների բացահայտմանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական օդանավի կործանման հարցով ՆԱՏՕ-ն նիստ կհրավիրի ‘