‘Այսօր ծնվել է Էմիլ Ռեյնոն՝ կամավոր Սիզիփոսը’

1877

Այս մարդու կենսագիրներից շատերն այն կարծիքին են, որ չնայած անիմացիայի բնագավառում նրա ներդրումը հնարավոր չէ չնկատել, բայցեւ՝ դժվար է պնդել, որ հենց նա է ստեղծել առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Հիմնավորումն էլ սա է՝ նրա ֆիլմերը կինոժապավենի վրա չեն նկարահանվել։

Խախուտ հիմնավորում է։ Հետո՞ ինչ։ Եթե նրա մեծագույն գյուտի տեխնիկական կողմը կաղում է, դրանից նրա մեծագույն ներդրումը նվազու՞մ է։

Էմիլ Ռեյնոն է առաջին մարդը, որ շարժվող պատկերների միջոցով աշխարհին նվիրեց առաջին մուլտֆիլմերը, եւ սա հերքելն արդար չէ։ Ավելին, նրա շնորհիվ՝ անիմացիան կինեմատոգրաֆից շուտ է ծնվել. Լյումիեր եղբայրների առաջին ժապավենի ցուցադրությունից երեք տարի առաջ՝ 1892-ի հոկտեմբերի 28-ին, փարիզյան թանգարան Գրեւենի փոքրիկ բեմում կայացել է Ռեյնոյի, այսպես կոչված, «լուսատու մնջախաղի» պրեմիերան, եւ հենց այդ օրն է նշվում որպես Անիմացիայի միջազգային օր։

Ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոյի (1844-1918) հայրը մեդալագործ ու ժամագործ էր, եւ Էմիլը դեռ մանկուց աշխատում էր հոր արհեստանոցում։ 1858-ից սկսում է օպտիկական սարքեր վերանորոգել, միաժամանակ դառնում է լուսանկարիչ Ասամ Սալոմոնի օգնականը, դիմանկար-լուսանկարներ է մշակում։ 1864-ին գիտությունը հանրայնացնող վանահայր Մուանյոյի հետ ճամփորդում է Ֆրանսիայում եւ ուսանում ժողովրդական դասախոսության վարպետություն։ 1877-ին հիմնավորվում է Փարիզում եւ արդեն ինքն է դասախոսում։ Հենց այս տարիներին է ստեղծում պրակսինոսկոպ օպտիկական սարքը, որի միջոցով հնարավոր է դառնում նկարների սահուն անցումը մեկը մյուսին։ Տարիների ընթացքում կատարելագործում է այս սարքը, ստեղծում առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը եւ ցուցադրում Գրեւեն թանգարանում, որն այժմ էլ կա եւ աշխարհի լավագույն մոմե քանդակների թանգարաններից մեկն է համարվում։

Իր գյուտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եռամյա անպտուղ ջանքերից հետո Ռեյնոն ճարահատյալ որոշեց ինքը գործի գցել իր գյուտը եւ պայմանագիր կնքեց այս թանգարանի հետ՝ աշխատանքային օրերին՝ հինգ, շաբաթ-կիրակի եւ տոնական օրերին՝ 12 սեանս ցուցադրելու պարտավորությամբ։ Ավելին. ըստ պայմանագրի՝ հենց ինքը պետք է հոգար ե՛ւ բեմի, ե՛ւ ծառայողների, ե՛ւ սարքերի ձեռքբերման ու վերանորոգման, ե՛ւ նոր սյուժերի ստեղծման հետ կապված ծախսերը։ Ռեյնոն ոչ միայն գրում էր սցենարները, ինքն էլ նկարում ու ներկում էր, նաեւ մոնտաժում էր 1500 նկար։ Ժամանակակից շարժվող նկարները, իհարկե, անհամեմատ շատ են, բայց Ուոլթ Դիսնեյը, օրինակ, դրանց իրականացման համար բազմաթիվ սարքավորումներ ու գումար ուներ, նաեւ՝ երկու հազար եւ ավելի բանվոր ու ծառայող։ Ռեյնոն մեն-մենակ էր, գրպանն էլ՝ դատարկ։ Ցուցադրումներին զուգահեռ՝ նորանոր հոգսեր ի հայտ եկան։ Ժելատինե պատկերներով սկավառակները թույլ լուսավորությանը եւ կարճ սեանսներին դիմանում էին, բայց ուժեղ լուսավորության պայմաններում՝ շաբաթական 42 սեանսից հետո հալվում էին, ծռմռվում ու պատռվում։ Ռեյնոն գիշերներ էր լուսացնում, որ հասցնի նորից ներկել նկարները կամ նորից նկարել, ամրացնել ժապավեններին, որոնք վերջնականապես շարքից դուրս էին գալիս մի քանի ամիս անց։ Առաջին ցուցադրումները հաջողություն ունեցան։ Մամուլը գրում է. «Ռեյնոն էկրանին ցուցադրում է բնական մեծության մարմիններ, որոնք հմուտ համակցման շնորհիվ թվում են կենդանի, գնում են, գալիս են, ինչ-որ բան են անում, շտապում են, կեցվածքներ են ընդունում, խոստովանություններ են անում եւ այլն։ Հանդիսատեսին է մատուցվում իսկական մնջախաղ, եւ հետաքրքիրն այն է, որ սա ընդամենը օպտիկական խաբկանք է»։ Ցուցադրումներն ուղեկցվում էին ետնաբեմից հնչող երաժշտությամբ եւ երգերով, որի սինխրոն ընթացքը կախված էր օպերատորի հմտությունից։ Սա, ի դեպ, առաջին աղոտ նշմարումն էր ժամանակակից հնչյունային կինոյի սկզբունքների։ Ահա այսպիսի պայմաններում էր ստեղծագործում Ռեյնո հանճարը, որի «Խեղճ Պիեռոն» կամ «Լողախցի շուրջը» ֆիլմերը հանգիստ կարող են մրցել Դիսնեյի լավագույն ֆիլմերի հետ։

1893-ին թանգարանի տնօրինությունը պահանջում է ծրագրի փոփոխություն՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պայմանագիրը կչեղարկի։ Որպեսզի այդ խնդիրը լուծի, Ռեյնոն ստիպված էր դադարեցնել ցուցադրությունը։ 1895-ի սկզբին սեանսները վերսկսվում են նոր ծրագրով։ Ռեյնոն միաժամանակ ե՛ւ մեխանիկ էր, ե՛ւ օպտիկ, եւ կոնստրուկտոր, ե՛ւ գծագրող, ու նկարիչ, օպերատոր, սցենարիստ, դեկորատոր, գյուտարար ու հնարքների բեմադրիչ։ Կարճ ասած՝ այս աշխարհի մարդ չէր, ժամանակակից Սիզիփոս էր, մի տարբերությամբ՝ ի՛նքն էր կամովին ընտրել այդ տառապալից ճանապարհը։

1895-ին ազդարարվում է կինեմատոգրաֆի ծնունդը, եւ հասկանալի է՝ ձեռքով ստեղծված ժապավենները չէին կարող մրցել անհամեմատ էժան եւ մեծ արագությամբ արտադրվող ֆիլմերի հետ։ Հուսահատված գյուտարարը ջարդում է իր սարքը եւ ժապավենների հետ միասին նետում Սեն գետը։ Պահպանվել են միայն «Լողախցի շուրջը» գլուխգործոցը եւ «Խեղճ Պիեռոյի» 15 րոպեանոց ժապավենի չորս րոպեանոց հատվածը։

Խեղճ Պիեռո, խեղճ Ռեյնո…

Էմիլ Ռեյնոն մահացել է թոքերի այտուցից՝ բոլորից լքված եւ ծայրահեղ աղքատության պայմաններում։ 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Դեռ կորոնեք ՀՀ քաղաքացուն եւ չեք գտնի նրան’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվել է Արցախի Հանրապետական կուսակցություն’