‘Այսօր ծնվել է Ժան Փոլ Գեթին. հարուստների պերճանքն ու թշվառությունը’

2796

Հայերիս հայտնի էն հին անեկդոտի ասած՝ «մեռնըլական» մարդ էր, բայց ահագին էլ ապրել է՝ 83 տարի։

Նավթային մագնատ, 1957 թվականից մինչեւ մահ աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Ժան Փոլ Գեթին (1892-1976) անգամ ուտելիք գնելու համար չկամությամբ էր ձեռքը գրպանը տանում, իսկ տանը վճարովի հեռախոս էր դրել հյուրերի եւ տնային ծառայողների համար։ Ասում են՝ ողջ կյանքում ինքն է լվացել իր գուլպաները, բայց, ճիշտը որ ասենք՝ կենսագիրներն իզուր են այս գովելի փաստը դնում վերոգրյալների շարքում, շատ էլ ճիշտ էր անում, եւ հեգնելու փոխարեն տղամարդիկ թող օրինակ վերցնեն նրանից։ Մանավանդ որ՝ ուրիշ ընդօրինակելու բան այս մարդու մեջ դժվար թե ճարվի։

Ծնվել է ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում, վտարանդի նավթային մագնատ, իռլանդացի Ջորջ Գեթիի եւ շոտլանդացի Սառա Ֆիշերի ընտանիքում։ 1913-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանը եւ անմիջապես մինչեւ քիթուբերանը «խրվել» նավթի մեջ։ Հաջողակ էր, եւ ըստ նրա՝ հարստանալու համար ընդամենը պետք է շուտ արթնանալ ու մինչեւ ուշ գիշեր նավթ հանել։ Լկտի մարդ է, բայց  արդարամիտ լինենք՝ սեւ հումորից զուրկ չէ։

1916-ին արդեն վաստակեց իր առաջին միլիոն դոլարը։ Այդ նույն տարում ընկերությունը փոխադրվեց Կալիֆորնիա։ 1920-ին, կուտակելով պատկառելի կապիտալ, այս Գեթին գնում է մի քանի նավթային ընկերություն, որոնք էլ դառնում են նրա կայսրության հիմնաքարերը։ Իսկ Սաուդյան Արաբիայում 1949-ին գնում է մի շարք նավթային ընկերություններ, եւ միլիարդներն սկսում են հոսել ու հոսել նրա գրպանը։ Նրա կայսրության մեջ էին մտնում խոշորագույն Getty Oil Company-ն եւ 200-ից ավելի կոնցեռններ։

Օրինական ամուսնացել է հինգ անգամ (ըստ որոշ աղբյուրների՝ յոթ անգամ)։ Առաջին կնոջ՝ Ժանեթի հետ ապրել է երկու տարի։ Նրանց որդին՝ Ջորջ Ֆրանքլինը, մահացել է 49 տարեկանում։ Ալեն Աշբիի հետ էլ է երկու տարի ապրել, երեխա չեն ունեցել։ Ադոլֆինայի հետ չորս տարի է ապրել, որդու անունը Ժան Ռոնալդ է։ Էնն Ռոքի հետ երեք տարի է ապրել, երկու որդի են ունեցել՝ Ջոն Փոլ եւ Գորդոն։ 5-րդի հետ ռեկորդ է խփել. ինը տարի Լուիզան դիմացել է այս անտանելի մարդու հետ մի հարկի տակ, իսկ ահա նրանց երեխան՝ Թիմոթին, չի դիմացել, մահացել է 12 տարեկանում։ Վաղամեռիկ փոքրիկին հանգիստ թողնենք եւ հուսանք, որ նա չի հասցրել ատել իր հարազատ հորը, իսկ ահա նրա չորս որդիները եւ 16 թոռները՝ հասցրել են։ Գեթթիի եւ նրանց հարաբերությունները գրեթե թշնամական էին, եւ դժվար չէ գուշակել, թե ինչու։

Արդեն ասվեց, որ այս Գեթին մարդկությանը «վարպետության դասեր» էր տալիս, թե ինչպես հարստանալ։ Եվ դասերից մեկն էլ այն էր, որ չպետք է թույլ տալ, որ ընտանեկան կյանքը խանգարի գործին, թե չէ հաջողությունը երես կթեքի ձեզանից։ Ինքը հենց այդպես էլ ապրում էր։ Իտալիայում առեւանգում են նրա թոռանը՝ իր անվանակցին։ Առեւանգիչները  երեք եւ ավելի միլիոն դոլար փրկագին են պահանջում միլիարդատիրոջ թոռան դիմաց։ Հինգ ամսից ավելի առեւանգիչները տանջում են տղային եւ ի՞նչ պատասխան են ստանում այդ ժամանակ դեռեւս 14 թոռ ունեցող նրա պապից, կպատկերացնե՞ք։ Ահա պատասխանը. «Ես 14 թոռ ունեմ, եւ եթե այսօր մեկ փենի վճարեմ, կունենամ 14 առեւանգված թոռ»։ Նա հրաժարվում է բանակցել առեւանգիչների հետ, եւ աշխարհը շունչը պահած սպասում է, թե էլ ինչերի է ընդունակ այս ապշեցուցիչ ժլատ արարածը։ Իսկ առեւանգիչները շունչը պահած սպասելու մտադրություն չունեին. նրանց համբերության բաժակը լցվում է, եւ մի օր Հռոմի թերթերից մեկը ծրար է ստանում, իսկ ծրարի մեջ՝ միլիարդատիրոջ թոռանը ականջը։ Ասում են, իբր, դրանից հետո Գեթին սկսում է երկմտել՝ գուցե իր միլիարդներից երեքուկես միլիոնը զոհաբերի՞ հանուն թոռան կյանքի։ Երկմտում է, թե ոչ, այսպես էլ անհայտ կմնա, որովհետեւ մինչ նա երկմտում է, ոստիկանները հայտնաբերում են առեւանգիչներին եւ 1973-ին՝ հենց միլիարդատիրոջ ծննդյան օրը, փրկում հյուծված ու խոշտանգված զոհին։ Դժոխքի միջով անցած Ժան Փոլն սկսում է թմրանյութեր օգտագործել, շատ վաղ կորցնում է լսողությունն ու տեսողությունը։ Նա երկար տարիներ գամված էր անվասայլակին եւ մահացավ 54 տարեկանում։ Ի դեպ, նրա որդին հոլիվուդյան դերասան Բալթազար Գեթին է, շատերը կհիշեն նրան Դեւիդ Լինչի «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» ֆիլմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս միլիարդատեր Գեթին փոխադրվում է Անգլիա։ Նրա տունը պաշարված էր ամրոցավայել հաստաբեստ պատով, իսկ նրա «թանկագին» կյանքն ու ինչքը պաշտպանում էին մի ողջ բանակ անվտանգության ծառայությունից եւ քսան հատուկ վարժեցրած շուն։

Ինչպեսեւ բոլոր հարուստները՝ կյանքի միջին շրջանում, այսպես ասած՝ բարեգործությամբ է զբաղվել։ 1953-ին Մալիբուուում հիմնադրել է J. Paul Getty Museum-ը, որտեղ ցուցադրվում է իր գեղարվեստական հավաքածուի մեծ մասը՝ անգնահատելի արժեքներ, որոնցից մեկն էլ Վան Գոգի «Հիրիկներ» հայտնի կտավն է։

«Եթե փող չունեք, անընդհատ մտածում եք փողի մասին։ Եթե փող ունեք, մտածում եք ՄԻԱՅՆ փողի մասին»,- ասել է այս միլիարդատերը։

Ո՛չ միայն ասել է, հենց այդպես էլ ապրել է։

Տեսնես ինչ է հասկացել իր ապրած կյանքից։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ընտրակեղծարարներն առաջինն են արտագաղթելու’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է’