‘Այսօր ծնվել է Յուրայ Յանոշիկը՝ սլովակների, լեհերի ու չեխերի «կռվածաղիկը»’

2421

Եթե ոտքներդ Մոսկվա ընկնի, ու մեկ էլ որտեղից որտեղ սլովակի հանդիպեք, ասեք՝ սիրտս Յանոշիկ է ուզում, եւ նա ձեզ կտանի Հաշեկի փողոցում՝ Սլովակյան տան մոտ գտնվող մի համեստ ռեստորան, որտեղ կարող եք պատվիրել հյուսած մազեր հիշեցնող հավի փափկամսով ուտեստ։ Համեղ է, թե ոչ՝ համտեսողը կիմանա, բայց այդ ուտեստի անունը «Յանոշիկի հյուսքեր» է։

Յանոշիկն ու իր հյուսքերն, իհարկե, ոչ մի կապ չունեն Ռուսաստանի, առավել եւս՝ Մոսկվայի հետ, բայց մեր պատմությունն այստեղից սկսեցինք, որ իմանաք՝ Յանոշիկի ապրած ժամանակներում տղամարդիկ հյուսում էին մազերը, նույնիսկ՝ Յուրկո Յանոշիկի նման մարդը, որը չնայած սլովակ է, բայց, չգիտես ինչու, չեխերն ու լեհերն էլ են իրենց ազգային հերոսը համարում նրան։ Կարճ ասած՝ իրար ձեռից խլխլում են։

Վեց գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել նրա մասին (մեկը՝ սերիալ), նաեւ՝ մեկ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Բոլոր նախանշաններն ու հիմքերը կան ենթադրելու, որ սա դեռ վերջը չէ։ Ի դեպ, նկարել են ե՛ւ սլովակները, ե՛ւ չեխերը, ե՛ւ լեհերը՝ առանձին-առանձին, նաեւ՝ համատեղ։

Չեխոսլովակիայում նույնիսկ նրա անվամբ դրամ են հատել տարիներ առաջ։

Նրա ծննդավայրի՝ Սլովակիայի Տերխովո լեռնային գյուղի զինանշանին էլ է Յանոշիկը՝ նժույգին բազմած։ Նրան նվիրված թանգարան էլ կա գյուղում, իսկ մի քիչ հեռու՝ բլուրներից մեկի վրա, արձանն է վեր հառնում։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել նաեւ Յանոշիկի աշտարակը, Յանոշիկի տնակը, եթե գարեջրասեր են, կարող են Յանոշիկի պատկերով շշից գարեջուր ըմպել։ Կարող են լսել նրան նվիրված երգերը, ըմբոշխնել բանաստեղծություններ նրա մասին, կարդալ գրքեր՝ կրկին նրա մասին։

Օգոստոսյան օրերին եթե հայտնվեն այդ գյուղում, կարող են «Յանոշիկյան օրեր» անունը կրող ազգագրական երգերի փառատոնը վայելել։

Գլխարկի խնդիրն է մի քիչ բարդ. չեխերը պնդում են, որ Յանոշիկը լայնեզր գլխարկ է դրել իր հերոսական գլխին, իսկ սլովակներն էլ ասում են՝ ո՛չ, բարձրաբերձ բոլորագլխարկ էր կրում մեր Յուրկոն։ Ի դեպ, թանգարանում այդպիսի մի գլխարկ կա, ու սլովակների համառ պնդմամբ՝ հե՛նց այդ գլխարկն է պաշտպանել Յուրայի գլուխը անձրեւից ու կարկուտից։

Կամաց-կամաց «տեղ ենք հասնում»։ Ըստ լեհերի՝ նրա զենքը փայտե կոթով գերանդիանման ինչ-որ բան էր, իսկ ըստ սլովակների՝ տեղը տեղին, վեսթերններին վայել ատրճանակ էր։ Եվ քանի որ Յանոշիկին ձերբակալել են Լիպտովսկի Միկուլաշ քաղաքի Valašská Dubová հյուրանոցում, եւ այդտեղ նրա 250-ամյակի առթիվ 1969 թվականին «Յանոշիկ» անվամբ հյուրանոց է կառուցվել, 300-ամյակի առթիվ էլ այստեղ նրա հուշատախտակն են փակցրել, ուրեմն՝ պետք չէ զարմանալ, որ հյուրանոցին կից այգում էլ նրա մահը խորհրդանշող կախաղանն է տարուբերվում. հենց այդտեղ են կախել 25-ամյա Յուրկոյին…

Ո՞վ էր վերջապես մեր այս Յուրայ Յանոշիկը (1688-1713), որին կուռքի պես պաշտում է միաժամանակ երեք ազգ։ Ընդամենն… ավազակապետ էր։ 18 տարեկան էր, երբ միացավ ավստրիացիների դեմ ապստամբող բանակին, հետո գերի ընկավ, ավստրիական բանտում էր աշխատում։ Հենց այնտեղ էլ ծանոթացավ ավազակապետ Տոմաշ Ուգորչիկի հետ, օգնեց նրան, որ փախչի բանտից։ Ըստ մեկ ավանդության՝ ինքն էլ հետը փախավ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Տոմաշը երախտամոռ մարդ չէր, փող տվեց Յուրկոյի հորը, եւ նա հենց այդ փողով որդուն ազատեց գերությունից։ Յուրկոն նույնպես երախտամոռ չէր, Տոմաշի հետ սկսեց ձի գողանալ՝ վաճառել։ Իսկ հետո ինքը դարձավ ավազակապետ եւ իր խմբով սկսեց կողոպտել հարուստներին։ Եվ քանի որ իշխանությունները պատկառելի գումար էին խոստացել նրան, ով իրենց կհանձներ Յուրկոյին, ինչպես միշտ՝ գտնվեց այն մարդը, որը դավաճանեց ավազակապետին՝ հանուն փողի։

Եվ եթե ոչ ոք մինչ օրս չգիտի, թե որտեղ է ծնվել Ռոբին Հուդը կամ երբեւէ ծնվե՞լ է արդյոք, ինչու՞ չհերոսացնել մի մարդու, որն իրո՛ք ծնվել էր եւ իրո՛ք կողոպտում էր հարուստներին։ Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե աղքատներին կողոպտեր. դրա համար, նախ, պետք է կողոպտելու ինչ-որ բան գտներ։

Դե՛, տարիներն անցնում էին, եւ տարիներին զուգընթաց՝ Յանոշիկի երեւակայական գլխի շուրջը Ռոբին Հուդի փառապսակն էր հյուսվում. «Հարուստներից խլում՝ աղքատներին էր տալիս»։ Ճի՞շտ է, թե՝ հորինվածք, ի՞նչ կարեւոր է։ Սիրուն է։ Հետո սկսեցին պատմել, որ նա երբեք մարդ չի սպանել եւ թույլ չի տվել, որ իր ավազակախմբի անդամները սպանեն։ Խելքին մոտի՞կ բան է։ Ո՞վ իմանա։ Ամեն դեպքում՝ հուզիչ է։

Եվ որ՝ բոլոր կողոպտվողներին «ողջունում էր» այսպես. «Կանգնի՛ր։ Հոգիդ Աստծուն է պատկանում, փողերդ՝ ի՛նձ», ի՞նչ պակաս պոեզիա է։

Իսկ որ մի պատմության մեջ պոեզիա կա, եթե շատ ուզենաս՝ հերոս էլ կճարվի։

 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն ցուցադրել է փարիզյան ահաբեկիչների «վերջին խոսքը»’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես եղավ, որ, իրոք, «խիյարը թարս բուսնեց»’