‘Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է ‘

1431

144 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ին Օսմանյան Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաքում ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտահավաք Կոմիտասը: Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 

1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:

1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը՝ 1935 թ., մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: 

Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:

Ըստ Հայկական հանրագիտարան

Նախորդ հոդվածը‘Նշանակվել են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներն ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին չհանդիպեց Պուտինի հետ’